▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. լուրջ գործընթաց է սկսվել

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին որդու հետ Սեւանում մենակ են տեսնում՝ առանց թիկնազորի, ինչը տեսնողների զարմանքն է հարուցում:

Պարզվում է՝ ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորը՝ Արշակ Հակոբյանի հետ միասին, այլեւս կապ չունի նախկին ոստիկանապետի հետ:

Ավելին՝ Արշակ Հակոբյանը նրա հրաժարականի երրորդ օրն իսկ հեռացել է հանրապետությունից եւ վերադարձել է միայն 8-9 ամիս անց:

Մեր տեղեկություններով, ներկայումս Արշակ Հակոբյանը նոր տեր է փնտրում նոր իշխանությունների մեջ ու փորձում է ցույց տալ, որ նախկին «շեֆի» հետ որեւէ առնչություն չունի:

Բայց նաեւ, մեր աղբյուրը պնդում է, որ Վովա Գասպարյանն ինքն է հրաժարավել Արշակ Հակոբյանի եւ նախկին թիկնազորի ծառայություններից: Մի քանի օր շարունակ փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել ՀՀ նախկին ոստիկանապետից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հիմնականում ստեղծվում են գլխավոր վարչություններ, եւ, դրանից էլ ելնելով, նոր կառուցվածքային փոփոխություններ են լինելու:

Առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաեւ ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ եւ անսպասելի նշանակումներ են լինելու: Եվ ուշագրավն այն, որ այս փոփոխությունների ֆոնին պաշտոնից ազատել են ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ մայոր Հենրիկ Մուրադյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան ազատել են տարիքի պատճառով, տեղեկություններ կան, որ ՊՆ-ում սերնդափոխության լուրջ գործընթաց է սկսել: Նշենք, որ Հենրիկ Մուրադյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2013 թվականի հունիսի 10-ին եւ պարկերշտ զինվորականի համարում ուներ»:

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի հրամանով ՊԵԿ փոխնախագահ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա ՊԵԿ-ում կփոխարինի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ղեկավարելով հարկայինի իրավական բլոկը։

Հովհաննիսյանը, ի տարբերություն շատ նորաթուխ պաշտոնյաների, փորձ ունի, ՊԵԿ-ի ստորին օղակներից աճած կադր է, շարքային տեսուչից հասել էր մինչև ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնին:

Ասում են՝ հենց Բադասյանն է բարեխոսել իր ընկերոջ համար։ «Ես չեմ թաքցնում Ռուստամ Բադասյանի հետ իմ ունեցած մտերիմ հարաբերությունները, մենք աշխատանքային գործընկերներ ենք եղել, իսկ դերակատարության մասով գուցե պարոն Բադասյանն իր կարծիքը հայտնել է, չեմ բացառում»,-ասաց Հովհաննիսյանը»։

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Ա․ Վարդեւանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Որոշումը ստորագրված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անունով։

Մերժումը պատճառաբանված է հետեւյալ կերպ․ միջնորդության մեջ դիմողի կողմից պետք է ներկայացվեին փաստեր, որոնցով դիմողը․․․ պետք է հիմնավորեր վիճարկվող դրույթների կասեցման մասին որոշում չընդունվելու դեպքում դիմողի կամ հանրության համար ծանր հետեւանքների առաջացման հնարավորությունը, մինչդեռ դիմողի կողմից այդպիսի փաստեր չեն ներկայացվել:

Իսկ վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու՝ դիմողի կողմից բարձրացվող հարցը պետք է պարզվի դատաքննության միջոցով, նաեւ hաշվի առնելով այն հանգամանքը, որ Քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթի կասեցումը հանգեցնելու է վիճարկվող դրույթի հիմքով իրականացվող եւ իրականացվելիք ցանկացած քրեական դատավարության եւ քրեական հետապնդման կասեցմանը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրա համար անհրաժեշտ են շատ ծանրակշիռ հիմքեր, որոնք կփաստեն անդառնալի կամ ծանր հետեւանքները դիմողի կամ հանրության համար, մինչդեռ դիմողի կալանավորման փաստի առկայությամբ եւ դրանով նրա հիմնական իրավունքների ենթադրյալ խախտումներով՝ հանրության համար նման հետեւանքներ չեն կարող առաջանալ, իսկ դիմողն իրավունք ունի վճռաբեկ բողոք ներկայացնել իր կալանավորման իրավաչափության հարցով։

Արդյո՞ք այս որոշումը հետեւանք է վերջին շրջանում ՍԴ-ի եւ անձամբ Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող աննախադեպ ճնշման, արդյո՞ք Հրայր Թովմասյանը «հանձնվում» է՝ պարզ կլինի առաջիկայում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:

Գրիգորյանը մինչ այդ՝ հեղափոխությունից հետո, փոխվարչապետ նշանակված Արարատ Միրզոյանի խորհրդականն էր:

Ուշագրավ է, որ Քրիստինե Գրիգորյանը նախկին ՀՀԿ-ական է եղել: Նրա եղբայրը ներկայումս աշխատում է ոստիկանությունում, իսկ հայրը մեծ սեր ունի լուսանկարվել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, դատական համակարգում, շունչները պահած, սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 76 դատավորի ծանուցվել է, որ իրենք ընդգրկված են ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում և մինչև հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու թեկնածությունից:

Մեզ հայտնի դարձավ, որ երեկվա դրությամբ մոտ 15 դատավոր դիմում են ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտ, որ իրենց անուն-ազգանունները հանեն ԲԴԽ անդամ դառնալու ցանկից:

Իսկ ովքե՞ր են այդ դատավորները. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ նրանք են՝ Գագիկ Պողոսյան, Մնացական Մարտիրոսյան, Կարեն Ֆարխոյան, Վահագն Մելիքյան, Վարդան Գրիգորյան, Արտուշ Գաբրիելյան, Ռուբեն Ափինյան, Ալեքսեյ Սուքոյան, Կարինե Պետրոսյան, Վարդան Ստեփանյան, Արթուր Ադամյան, Մանվել Սիմոնյան, Մուշեղ Հարությունյան, Աղասի Մկոյան,Սուրեն Բաղդասարյան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին