▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Պուտինը Վատիկանից հետո զանգել Փաշինյանին

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականին ԲՀԿ քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը ԿԲ նախագահի ամենահավանական թեկնածուն է:

2020 թվականին լրանում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, եւ քանի որ գործող Սահմանադրությունն արգելում է ԿԲ նախագահին երկու ժամկետից ավելի պաշտոնավարել, պետք է ընտրվի ԿԲ նոր նախագահ:

Մհեր Գրիգորյանը մինչեւ փոխվարչապետ նշանակվելը փաստացի Ռոբերտ Քոչարյանին պատկանող «Արդշինբանկի» կառավարիչն էր, բազմաթիվ թելերով կապված է Քոչարյանի հետ, եւ այդ իմաստով նրա ԿԲ նախագահ նշանակվելը բազմաթիվ ռիսկեր է պարունակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

«Առավոտ» թերթը գրում է. «Այսպիսի հայտարարությունները որեւէ նշանակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձեւը, որում ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձեւակերպումներ կան, այսպես պատասխանեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվեց Ալան Փարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում, խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը:

Այստեղ կան խնդրահարույց դրույթներ: Մասնավորապես բանաձեւի 10-րդ կետում նշված է. «Մտահոգություն ենք հայտնում կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բացակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամարտող կողմերի միջեւ, մասնավորապես՝ Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսեթիայի շրջաններում, Դոնեցկում, Լոպանսկում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, Անաստոպոլում եւ Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»:

19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է արվում հարգել նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:   

Այս խնդրահարույց ձեւակերպումների հետ կապված մտահոգություններ հայտնեցին ինչպես ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները, այնպես էլ ԵԱՀԿ այլ պատվիրակներ:

Մասնավորապես այլ երկրների պատվիրակները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի բոլոր այս հակամարտությունները ներկայացնել մեկ պարբերությամբ, քանի որ դրանք առանձին եւ առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն:

Հարցին՝ Արցախի իշխանությունները հայտարարությամբ հանդե՞ս են գալու, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նման բանաձեւերը կարող են ունենալ միայն մեկ ազդեցություն, այդ կառույցի վարկանիշը կտրուկ ընկնելու է: Ուրիշ որեւէ ձեւ չկա: Աոաջին անգամ չէ, երբ այս կառույցում նման բանաձեւեր են քննարկվում: Սա ոչ թե բա-նաձեւ է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ, որը ներկայացնում են, եւ նրանք ստորագրում են: Նման բանաձեւերին պետք չէ լուրջ վերաբերվել, այլ պետք է հասկանալ, որ սա զուտ քաղաքական խնդիր է, որը նպատակ ունի միայն Ադրբեջանի հավակնությունները եւ փողը: Սա աշխատանք է, որն Ադրբեջանը ֆինանսավորում է: Այսպիսի բանաձեւերը ծնվում են Բաքվում, պարզապես տարածվում են ինչ-ինչ մարդկանց կողմից»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ այցով գտնվում է Վիետնամում, տեղեկություն է տարածել ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, նկատելով նաեւ, որ մինչ այդ հեռախոսազրույցներ էր ունեցել ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ:

Պուտինի հետ հեռախոսազրույցը փաստորեն տեղի ունեցավ որոշակի ուշացումով՝ մյուսների համեմատ իհարկե: Թեեւ հնարավոր է, որ այդ հանգամանքը կապված էր Պուտինի արտակարգ գրաֆիկի հետ, որն առաջացել էր հուլիսի 1-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերում տեղի ունեցած ողբերգական վթարի առիթով:

Այդ իրավիճակում իհարկե Պուտինը կարող էր չունենալ Հայաստանի վարչապետի հետ ԵՏՄ եւ երկկողմ թեմաներով կապված հեռախոսազրույցի ժամանակ: Առավել եւս, որ այդ ընթացքում էլ նա պատրաստվում էր Իտալիա եւ թերեւս ավելի շուտ՝ Վատիկան կատարելիք այցին: Հուլիսի 4-ին ՌԴ նախագահը հանդիպել է Հռոմի պապի հետ: Իտալիա այցի ընթացքում եղել է նաեւ հանդիպում այդ երկրի նախագահի եւ վարչապետի հետ, սակայն մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ Պուտինի բուն այցի նպատակը Վատիկանն էր եւ Պապի հետ հանդիպումը:

Եվ այդ իմաստով, ի դեպ, հատկանշական է նաեւ, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունենում Վատիկան այցից անմիջապես հետո: Ընդ որում, պետք է ենթադրել, որ Փաշինյանին զանգահարել է Պուտինը: Հազիվ թե Հայաստանի վարչապետը Հանոյ այցի ընթացքում փորձեր կապվել ՌԴ նախագահի հետ, եթե չէր հաջողվել կապվել մինչ այդ: Բացի այդ, Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում նախաձեռնությամբ է եղել զրույցը: Սակայն եթե այն լինում է, այսպես ասած, ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ, Կրեմլը նախընտրում է շեշտել այն՝ ընդգծելու համար, որ ուզել են խոսել Պուտինի հետ, ոչ թե հակառակը:

Ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Վատիկան եւ Իտալիա այցն ավարտելուց հետո, գրեթե անմիջապես հետո ՌԴ նախագահն է կապվել Նիկոլ Փաշինյանին: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիայի ու երկկողմ հարցեր, այդ թվում՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունենալիք ԵՏՄ Վեհաժողովի օրակարգի հարցը:

Տեղ գտե՞լ է դրանում Երեւանի համար ներկայումս կարեւոր՝ գազի գնագոյացման խնդիրը, թե՞ Պուտինն այդ հարցը Երեւանի հետ կքննարկի երկկողմ ձեւաչափով:

Անկասկած է նաեւ, որ Փաշինյան-Պուտին ձեւաչափի հարցերի շրջանակը բավականին լայն է եւ չի սահմանափակվում գազով, եւ ավելին՝ գազն այդ լայն փաթեթի տարր է, իսկ բուն խնդիրը թերեւս շարունակում է մնալ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության ճարտարապետության վերափոխման հարցը, որը մարտահրավեր եւ միաժամանակ կենսական ու կարեւոր անհրաժեշտություն է ամենեւին ոչ միայն Հայաստանի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը 2014 թվականին պաշտոնը ստանձնելուց շուրջ 1 տարի անց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանն ունի 10 անշարժ գույք՝ 7 բնակարան եւ 3 հասարակական նշանակության շինություն: Հարությունյանը հայտարարգրել է նաեւ 1 ավտոմեքենա՝ «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի:

Պաշտոնը ստանձնելուց Հարությունյանն ունեցել է 27 մլն 900 հազար դրամի չափով բաժնետոմս եւ 50 հազար դրամի չափով բաժնեմաս:

Պաշտոնը ստանձնելուց Հարությունյանն ունեցել է 62 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո:

2015-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2014-ի տարեկան հայտարարագիրը: Այդ շրջանում նրա դրամական միջոցները նույնչափ են մնացել: 2014-ի ընթացքում դատավորն ունեցել է 16 մլն 272 հազար 741 դրամի չափով եւ 37 հազար դոլարի չափով եկամուտ, որից 5 մլն 41 հազար 741 դրամը գոյացել է աշխատավարձից, 1 մլն 431 հազար դրամը եւ 4 մլն 800 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ 37 հազար դոլարը եւ 5 մլն դրամը գոյացել է ստացված փոխառություններից:

2016-ի փետրվարի 10-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2015-ի տարեկան հայտարարագիրը: 2015-ին Հարությունյանը ձեռք է բերել 2 ավտոտնակ՝ յուրաքանչյուրը 1 մլն 200 հազար դրամով:

Նրա դրամական միջոցները տարեսկզբում եղել են այնքան, որքան պաշտոնը ստանձնելիս, իսկ տարեվերջում փոքրիկ փոփոխության է ենթարկվել՝ դառնալով 59 մլն 600 հազար դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո:

2015-ին Հարությունյանն ունեցել է 6 մլն 241 հազար 395 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

2017 թվականի փետրվարի 15-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2016-ի տարեկան հայտարարագիրը:

2016-ին դատավորը ձեռք է բերել 145 հազար դոլար արժողությամբ բնակարան, սակայն նրա դրամական միջոցները որեւէ փոփոխության տարեսկզբում եւ տարեվերջում չեն ենթարկվել՝ մնալով 59 մլն 600 հազար դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո:

2016-ին Հարությունյանն ունեցել է 34 մլն 353 հազար 806 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 447 հազար 806 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 4 մլն 740 հազար դրամը եւ 23 մլն 166 հազար դրամը գոյացել է 2 տարբեր վարձակալությունների դիմաց ստացված վճարներից:

2018-ի մարտի 30-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2017-ի տարեկան հայտարարագիրը: 2017-ին դատավորը ձեռք է բերել «BMW X4» մակնիշի ավտոմեքենա 31 մլն 941 հազար 660 դրամով, փոխարենը վաճառել է իր «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի ավտոմեքենան՝ 2 մլն դրամով:

Տարեսկզբում նրա ունեցած 59 մլն 600 հազար դրամը, 350 հազար դոլարը եւ 200 հազար եվրոն նվազել է, դառնալով 27 մլն 658 հազար 340 դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո: 2017-ին Հարությունյանն ունեցել է 61 մլն 766 հազար 768 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 528 հազար 548 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 4 մլն 273 հազար 20 դրամը եւ 50 մլն 965 հազար 200 դրամը գոյացել է 2 տարբեր վարձակալությունների դիմաց ստացված վճարներից:

2019 թվականի մայիսի 30-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը: 2018-ի տարեսկզբում նրա ունեցած 27 մլն 658 հազար 340 դրամը, 350 հազար դոլարը եւ 200 հազար եվրոն տարեվերջում փոփոխության չեն ենթարկվել:

2018-ին Հարությունյանն ունեցել է 55 մլն 582 հազար 390 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 563 հազար 390 դրամը գոյացել է աշխատավարձից, 10 մլն դրամը գոյացել է ստացված փոխառություններից, իսկ 34 մլն 749 հազար դրամը եւ 4 մլն 270 հազար դրամը գոյացել է 2 տարբեր վարձակալությունների դիմաց ստացված վճարներից:

Դատավոր Անի Հարությունյանի հայրը՝ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Ժամանակ» թերթը գրում է. «ԿԲ խորհրդի նախկին անդամ, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ցանկանում է կնոջը դարձնել ԿԲ խորհրդի անդամ:

ԿԲ խորհրդում անդամի թափուր տեղ կա, եւ Գաբրիելյանը երեւի համարելով, որ ԿԲ վերադառնալն արդեն իր հագով չի, փորձում է այնտեղ գործուղել կնոջը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին