▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ անձանցից մեկը անցել է իշխանության կո՞ղմը

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ԱԳՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ փակ հանդիպում է ունենալու, որի ձեւաչափի եւ քննարկվող հարցերի շրջանակների մասին թերթի աղբյուրին ոչինչ չէր հաջողվել պարզել: Հանդիպումն այն աստիճան կոնֆիդենցիալ է լինելու, որ անգամ աշխատակազմի համապատասխան վարչությունները իրազեկված չեն դրա մասին: Տեղեկություն կա, որ այդ քննարկման մասնակիցների կազմն անձամբ Փաշինյանն է որոշել, քանի որ խուսափում է ավելորդ սլիվներից: Թերթին հաջողվել է միայն պարզել, որ խորհրդավոր խորհրդակցության հրավիրյալների թվում է նաեւ պաշտպանության նախարարը: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, ով որոշակի ճշտումներից հետո ասաց հետեւյալը. «Առաջիկա շաբաթվա մեջ նման բան չի նախատեսվում»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ուղեկցությամբ, մասնակցել են ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը։ Ուշագրավ է, որ նրանց հետ է եղել նաեւ «Փյունիկ» միության համանախագահ Գաբրիել Ջեմբերջին, ով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի ամենամտերիմ անձանցից է եւ այսօր նույն հաջողությամբ մտերմություն է անում նոր իշխանությունների հետ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ աշխատանքային նիստ է հրավիրել: Չնայած հուլիսի 15-ից ԱԺ-ն արձակուրդ է գնացել, բայց հանձնաժողովը կաշխատի արձակուրդի ընթացքում։ Մեր աղբյուրն ասաց, որ գրեթե ամեն օր աշխատանքային քննարկումներ են անում, նիստերն էլ՝ շաբաթը մեկ անգամ։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը ՊՆ-ից ստացել է ապրիլյանին առնչվող բոլոր փաստաթղթերը եւ հիմա դրանք է ուսումնասիրում։ «Ուսումնասիրությունից հետո կորոշենք՝ առաջինը ում կանչել, ինչ հարցեր տալ եւ այլն»,- ասաց մեր աղբյուրը։ Արցախի ՊԲ-ից դեռ փաստաթղթեր չեն պահանջել։ Երեկվա նիստում չի բացառվել, որ փաստաթղթեր ստանալու համար կդիմեն նաեւ ԱԱԾ-ին: Կազմվել է նաեւ պոտենցիալ «հարցաքննվողների» ցանկը՝ 20-30 անուն։ Ուշագրավ է, որ ցանկում չկա Սերժ Սարգսյանի անունը, որը Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարն էր այդ օրերին, չկա նաեւ Բակո Սահակյանի անունը։ Բայց կան Արցախի ՊԲ եւ Հայաստանի ՊՆ բարձրաստիճան նախկին եւ ներկա հրամանատարների, զինվորականների, փոխնախարարների անուններ, օրինակ՝ Լյովա Մնացականյան, Սեյրան Օհանյան, Մոսի եւ այլք․ «Դեռ պետք է անմիջական պատասխանատուներին, մասնակիցներին քննենք, նրանց «ցուցմունքներից» պարզ կդառնա՝ կհրավիրե՞նք նոր անուններ, թե՞ ոչ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին»։

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարար նշանակվելուց հետո իր տանից տեղափոխվել է հայրական տուն: Պատճառն այն է, որ Բադասյանի տունն այնքան շքեղ է, որ նա մտավախություն ունի, որ այն մամուլի միջոցով կարող է հանրային քննարկման առարկա դառնալ: Իսկ նախարարը չունի այն հարցի պատասխանը, թե ինչ միջոցներով է ինքը նման սեփականություն ձեռք բերել»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչը ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է, իսկ նրան փոխարինողը՝ իրավաբան Վարդան Պողոսյանը: Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոգևոր հայրն է, իսկ Վարդան Պողոսյանը՝ նրա մտերիմ ընկերը: Հենց նրանց ակտիվ գործունեության արդյունքում է, որ Վենետիկի հանձնաժողովը նման փաստաթուղթ է պատրաստել»:

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ոմն գործարար Վահե Պարազյանի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը: «Փաստ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ տուժող ներկայացող Վահե Պարազյանը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտված եղել ՌԴ-ում՝ մարդ առևանգելու և խոշտանգելու համար: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի դիմաց ազատության մեջ հայտնված Պարազյանը իր վճռի վերաբերյալ ՌԴ դատարանի որոշումից առաջ միտումնավոր սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանի եղբորորդու անվան շուրջ, որպեսզի Նարեկ Կարապետյանի դեմ իր բողոքը իրավապահներից վերցնելու դիմաց Սամվել Կարապետյանը աջակցի իրեն ՌԴ-ում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Սակայն, ըստ մեր աղբյուրների, Կարապետյանները մերժել են Պարազյանի առաջարկած «բարտերը», որից հետո վերջինս սկսել է հարցազրույցներ տալ՝ ներկայանալով զոհի կարգավիճակում: Հավելենք, որ Վահե Պարազյանի ընտանիքի այլ անդամներ ևս տարբեր մութ պատմությունների ու քրեական գործերի մեջ են ներգրավված, որոնց կանդրադառնանք առաջիկայում»:

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին Ազգային Անվտանգության ծառայության կողմից բացահայտված քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք տալու քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, թե որ դատավորի վարույթում գտնվող գործով են փորձել միջամտություն իրականացնել: Մեր տեղեկություններով, խոսքը Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանի մասին է, իսկ նրա հետ մյուս ձերբակալվածը նախկին փաստաբան է։ Արմեն Հարությունյանը վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավարն է, եւ մեր տեղեկություններով, կաշառքը վերցնելը կապված է եղել ոչ թե մեկ քաղաքացիական գործին միջամտելու, այլ երկու քաղաքացիական գործով միջամտություն անելու հետ: Ի դեպ, քաղաքացիական գործերից մեկը, որով ցանկացել են միջամտություն իրականացնել, կապված է եղել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ»:

«Փաստ» թերթը գրում է. «Անցումային արդարադատության եւ ընդհանրապես դատական համակարգի բարեփոխումների ընթացքը զգալիորեն դանդաղում է, թեպետ իշխանությունները քանիցս նշել են, որ այն պետք է անցկացնել որքան հնարավոր է շուտ: Այս մասին նշել էր նաեւ Վենետիկի հանձնաժողովը՝ մասնավորաբար շեշտելով, թե «Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքն ստանալու հարցում, սակայն դեռեւս պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ»: Ըստ «Փաստի» տեղեկությունների, ձգձգման պատճառներից մեկը ֆինանսականն է: Ակնհայտ է, որ այդ բավականին խորքային եւ ռեսուրսատար գործընթացներն իրականացնելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, ինչը ներկա փուլում պետության համար լուրջ խնդիր է: Թերթն արդեն անդրադարձել է այն տեղեկություններին, որ իշխանությունները վերոնշյալ գործընթացներն իրականացնելու համար գումարային ակնկալիք ունեն ԵՄ-ից, անգամ խոսվում էր այն մասին, որ հնարավոր է՝ ներգրավվեն որոշակի վարկային միջոցներ: Օրերս թերթին հայտնի է դարձել, որ այդ ակնկալվող ֆինանսական աջակցության հատկացման հետ կապված որոշ խնդիրներ են առաջացել, եւ դեռեւս անհայտ պատճառներով գումարի տրամադրումն ուշանում է»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները փորձում են Սեւանի խնդիրը օգտագործելով՝ դրսից փողեր կպցնել: Փորձ է արվում Սեւանի խնդիրը դիտարկել ոչ թե իշխանությունների թերացման համատեքստում՝ կեղտաջրերի անվերահսկելի արտանետում, Սեւանի ափամերձ տարածքները չմաքրել, ձկան եւ խեցգետնի մասսայական որս, Սեւանում արհեստական կերով պահվող ձկան պատճառով ջրի մեջ ֆոսֆորի եւ ազոտի ավելացում, այլ որպես բնապահպանական գլոբալ աղետի անմիջական արդյունք՝ կլիմայի փոփոխության հետեւանք: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի Նյու Յորքում արված հայտարարությունը, թե՝ մենք կարող ենք կորցնել Սեւանը: Պարզ ասած՝ փող տվեք, որ փրկենք»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայաստանյան հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեսակետ հայտնեց, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց է. հայկական կողմը փաստացի առաջին անգամ արձագանքեց գրեթե 40 օր տեւած այդ գործընթացին, ի՞նչ եք կարծում` ի՞նչ կլինի հետայսու՝ հարցրինք «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին։ «Ասեմ, որ լիովին կիսում եմ Վլադիմիր Վարդանյանի մոտեցումը՝ ստորագրահավաքը վտանգներ է պարունակում թե՛ սահմանադրականության, թե՛ ղարաբաղյան բանակցություններում մեր դիրքերի թուլացման տեսանկյունից»: 

Այդ դեպքում, երբ արդեն իսկ 16 հազար ստորագրություն է հավաքվել, ինչո՞ւ հայաստանյան կողմն այդքան ուշ արձագանքեց, ինչո՞ւ կանխավ չարվեց դա։ «Կդժվարանամ ասել, բոլոր դեպքերում, Վ. Վարդանյանը հայտարարությունն արել է պատեհ առիթով` խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում»: Կարո՞ղ ենք ասել, որ վերջին շրջանում աննախադեպ` Հայաստանի-Ղարաբաղի իշխանություններ-ընդդիմություններ տեսակետը համընկել է գոնե մեկ հարցում։ «Կարծում եմ, որ խնդիրը պետք է դիտարկել ոչ թե քաղաքական, այլ, առավելաբար, վերքաղաքական համատեքստում՝ որպես ազգային շահերը վտանգող գործընթաց, որով իրավական կարգավիճակ է տրվում մեկ այլ պետության քաղաքացուն, ինչն անընդունելի է․ որեւէ ճանաչված եւ կամ չճանաչված պետության Սահմանադրության մեջ չկա նման բան` ո՛չ Աբխազիայի, ո՛չ Օսեթիայի եւ ո՛չ էլ Կիպրոսի սահմանադրություններում, չնայած որ առաջինների դեպքում դա կարող էր առնչվել Ռուսաստանին, Կիպրոսի դեպքում` Թուրքիային»: Իրավական հանրության այս կոնսենսուսը կազդի՞ Սամվել Բաբայանի հետագա քայլերի վրա։ «Բոլոր դեպքերում ես հույս ունեմ, որ Սամվել Բաբայանի թիմում կգերակշռի պետական մտածողությունը»:

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սեպտեմբերի 8-ին տեղի են ունենալու Արցախի ՏԻՄ ընտրությունները, որից թեժ է լինելու Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, քանի որ արդեն Արցախում շրջանառվում են տարբեր ուժերի մասնակցություն այդ ընտրությանը։ Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այլեւս չի առաջադրելու իր թեկնածությունը, իսկ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն, քաղաքապետի ընտրություններին հնարավոր է իրենց թեկնածուններն առաջադրեն թե իշխանական, թե ընդդիմադիր ու արտախորհրդարանական ուժերը: Առաջիկա օրերին այլ զարգացումներ կլինեն․ հուլիսի 18-ին ավարտվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմի կողմից սկսված ստորագրահավաքը, որից հետո այն կուղարկվի ԿԸՀ ու մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է որոշում կայացվի հարցը խորհրդարան ուղղարկելու վերաբերյալ: Ու թե ինչ որոշում կկայցվի խորհրդարանում, դա բոլորին անհանգստացնում է, քանի որ Արցախի իշխանություններն այդքան էլ հակված չեն, որ համապետական ընտրություններին մասնակցի Սամվել Բաբայանը»:

«Իրավունք» թերթը գրում է. «Մասիվում սպանված օրենքով գող Անդիկի սպանությունը տակնուվրա է արել հանցավոր աշխարհը: «Ամեն մեկն իր կանալով ուզում է օր առաջ հասկանալ՝ ով է կանգնած այդ զակազի հետեւում եւ ինչի համար»,-ասաց մեր աղբյուրը: Նրա խոսքով. «Ախր բացառված է, որ Անդիկի սպանությունը կենցաղային բնույթ կրի, ինքն էդ մարդը չէր, ինքը տրադիցիոն գող էր, սրա-նրա հետ փայ չէր մտնում: Չէր ընդունում գողերի ցոփ ու շվայտ կյանքը: Անդիկին ճանաչողները վստահ են, որ Հայաստանի ոչ ոք էդ բանը իրեն թույլ չէր տա, պրոստո ոչ մեկը դուխ չէր անի: Ասում են՝ իրավապահներն էլ են աշխատում այն վարկածի վրա, որ պատվիրատուն դրսից ա»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում վերջերս ուշագրավ դեպք է գրանցվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել այդ տարածաշրջանի բնակիչներից, որի դժգոհությունը կապված է Վարդենիսի դիահերձարանի հետ: Քաղաքացու պատմելով, օրեր առաջ Վարդենիսում իր հարազատի դիակին դիահերձել են, իսկ ներքին օրգանները լցրել են տոպրակի մեջ ու տվել մահացածի հարազատին՝ ասելով՝ «տարեք հետը, կգցեք փոսի մեջ»: Այս ահազանգի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը խոսեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի դատական բժիշկ Արտաշես Խաչատրյանի հետ, որը հայտարարեց, որ դիահերձման ժամանակ մահացածի ներքին օրգաններն իր կողմից մշակվում եւ փակվում են մահացածի որովայնում: «Տոպրակով ում են տվել, ինչ են արել, ես չհասկացա: Նման բան չի եղել իմ հետ, հաստատ չի եղել, դատաբժիշկը եւս եմ Վարդենիսում, դիահերձողը սանիտարն է: Ինքն իր գործն անում է, վերջում օրգանները լցվում են որովայնում, կարվում»,- բացատրեց դատական բժիշկը: «ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ախտաբան Գարիկ Աղաբեկյանի հետ: «Շատ շուտ նման բան եղել է, հետո արգելվեց: Համապատասխան մշակում պետք է արվի ու նորից դրվի դիակի մեջ, ապա պետք է, հուղարկավորեն: Նման դեպքերում պետք է տարվի դիակի հետ թաղվի, որովհետեւ հնարավոր է նորից բողոք լինի, եւ արտաշիրման հարց բացվի»,- նշեց նա: «ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Լիլիթ Հունանյանի հետ, քանի որ, ինչպես հայտնի է, տեսչական մարմնի գործառույթների մեջ է մտնում նաեւ դիահերձարաններում ստուգումներ իրականացնելը: «Մենք վերջերս ունեինք դիմում-բողոք՝ ախտաբանաանատոմիական բաժանմունքի դիահերձարանի վերաբերյալ, հարուցվել է վարչական վարույթ եւ այն ընթացքում է: Կան սանիտարական նորմեր, կանոններ, որոնց նկատմամբ իրականացնում ենք հսկողություն»,- տեղեկացրեց մասնագետը»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին