▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի հունիսին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի հունիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է զոհի և 17 վիրավորի մասին։

Եթե համեմատենք 2014-ի հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի հայտարարած զոհերի թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա այն ավելացել է 12.5 տոկոսով։ 

2014-ի հունիսի 9 զոհերի հետ կապված միջադեպերից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է 8-ը: Հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից ստացված տեղեկություններին՝ 9 զոհերից 2-ը մարտական են՝ Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ իբր «հայկական կողմից արձակված գնդակից»:  Դրանցից առաջինը գրանցվել է հունիսի 2-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանին՝ առաջնագծում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է՝  19-ամյա ժամկետային զինծառայող Զաուր Հասանլըն սպանվել է  «հայկական  գնդակից»:

Մյուս դեպքի մասին հայտնի է դարձել սույն թվականի հունիսի 16-ին, հրապարակվել է զինծառայողի անունը՝ Քերիմով Սամանդար Ֆազիլ օղլու: Ադրբեջանի ՊՆ-ն չի մանրամասնել, թե շփման գծի որ հատվածում է արձանագրվել միջադեպը:

7 ոչ մարտական կորուստներից 2-ի պատճառը դժբախտ պատահարն  է  (ընդ որում՝ 2 դեպքում էլ զինծառայողները պաշտոնական վարկածով ջրահեղձ են եղել), 2-ինը՝ ավտովթարը, 2-ինը՝ սպանությունը, 1-ինը՝ ինքնասպանությունը:

Նշենք, որ հունիս ամսվա ընթացքում առավել աղմկահարույց էր Ադրբեջանի՝ արևմտյան հատվածում տեղակայված զորամասերի մեկում արձանագրված միջադեպը, երբ մի դեպքի հետևանքով կա 2 զոհ, մեկ վիրավոր։ Հունիսի 20-ին՝ 06։45-ի սահմաններում, ադրբեջանական բանակի զինծառայող Աղաքիշիև Բահրուզ Խագանի օղլուն իրեն ամրակցված զենքով կրակել էր Ահմեդով Քյամրան Ինթիգամ օղլուի և Աբդուլաև Նեյման Էլման օղլուի վրան։ Ստացված հրազենային վերքերից Աբդուլաևը տեղում մահացել էր, իսկ Ահմեդովին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։ Ծառայակիցների վրա կրակելուց հետո Աղաքիշիևն ինքնասպան է եղել։

Ինչ վերաբերում է 2014-ի հունիսին հայտնի դարձած վիրավորներին, ապա դրանց թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 75տոկոսով։ 17 տուժածներից Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է 12-ի միջադեպերը։ Դրանցից 1-ը, ըստ պաշտոնական վարկածի, մարտական պայմաններում է՝«հայկական գնդակից», մարտական ենք համարում նաև հունիսի 23-ին ականի պայթյունից վիրավորման դեպքը, քանի որ այն գրանցվել էր առաջնագծում՝ Տավուշի հատվածում։

Մնացյալ վիրավորման միջադեպերից 9-ն արձանագրվել է ավտոթարի, 3-ը՝ ծառայակցի կրակի, 1-ը՝  դժբախտ պատահարի պատճառով, 1-ը՝ ինքն իրեն կրակելու հետևանքով, իսկ 1-ը՝ կասկածելի պայմաններում: Խոսքը պետական սահմանապահ ծառայության լեյտենանտ Նիջաթ Ռուսթամովի մասին է. հունիսի 16-ին հայտնի դարձավ՝ նա  հրազենային վնասվածք է ստացել քունքի հատվածում, սակայն ավելի ուշ պարզվեց, որ գլխի շրջանում ստացած վնասվածքը բեկորային է։ Մինչ օրս սահմանապահ ծառայությունից չեն մեկնաբանել, թե որն էր միջադեպի պատճառը, և ովքեր են մեղավորները։

Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել հենց ՃՏՊ-ների պատճառով վնասվածքներ ստացած զինծառայողների վերաբերյալ տեղեկությունների մեծ մասը: Բացի այդ, եթե ամփոփենք, ապա 2014-ի հունիսին հայտարարված կորուստներից 2-ը, վիրավորման դեպքերից՝ նույնպես 2-ն արձանագրվել են Նախիջևանում։

Հիշեցնենք, որ Ռազմինֆոն ավելի վաղ ներկայացրել էր ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի մայիսի ընթացքում. հայտարարվել էր 8 զոհի, 20վիրավորների մասին: Ըստ այդմ, հաշվի առնելով հունիսին հայտարարված9 զոհերն ու 17 վիրավորները՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության գերատեսչություններն ընդհանուր առմամբ հաղորդել են 44 զոհի, 76 վիրավորի մասին: Ընդ որում, եթե հետևենք ադրբեջանական կողմի պնդումներին, ապա կստացվի՝44 զոհերից 13-ը մարտական կորուստ են:

Հավելենք, որ «Դոկտրինա» լրագրողների ռազմական ուսումնասիրությունների ադրբեջանական կենտրոնի, որն ամեն ամիս ներկայացնում է ադրբեջանական զինուժի կորուստների սեփական մշտադիտարկումը, հունիսի 30-ին հրապարակած տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինուժը տարվա սկզբից մինչ օրս ունի 47 զոհ, 84 վիրավոր։ Կարծում ենք՝ «Դոկտրինան» 47 թիվն է ստացել, քանի որ թերևս ընդգրկել է 2014-ի մայիսի 11-ին ադրբեջանական Sancaq Produktion և Fikir Sexi ֆեյսբուքյան էջերի տարածած գրառման մեջ հիշատակված 4 «մարտական կորուստներին», որոնց մասին լուրն ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես և պաշտոնական աղբյուրները հերքել են։

Հայաստանի ԶՈւ կորուստների մասին տեղեկությունը՝ այստեղ

 

Աղբյուր` razminfo.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին