▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն եւ դանակահարություն Մարալիկում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի նոյեմբերի 12-ին Մարալիկում 3 անձի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։

2016 թ. նոյեմբերի 12-ին կտրած-ծակած վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մարալիկ քաղաքի երեք բնակիչներ։ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ  անմիջապես միջոցներ ձեռնարկվել՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները՝ հանցագործության կատարման վայրը,  առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի նախկին մշակույթի տանը հարակից այգում տեղի է ունեցել վիճաբանություն  Հառիճ գյուղի  բնակիչ հանդիսացող երկու եղբայրների եւ Մարալիկ քաղաքի մի խումբ բնակիչների միջեւ, որի ժամանակ էլ եղբայրներից մեկը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել երեք անձի։ Հարվածների հետեւանքով Տիգրան Անդիկյանին պատճառվել են  «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի» ձևով, Կարեն Սարոյանին՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի»  ձևով և Հակոբ Իսպիրյանին՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, չթափանցող, արյունահոսող վերքի»  ձևով մարմնական վնասվածքներ: Տուժողները բուժօգնության են տեղափոխվել «Գյումրի բժշկական կենտրոն»։ Նույն օրը բուժօգնության է տեղափոխվել նաեւ եղբայրներից ավագը։

 

Քրեական գործով 4 անձ ճանաչվել է տուժող, առգրավվել դեպքի պահին նրանց կրած հագուստները, վերցվել փորձանմուշներ՝ դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Դանակի գործադրմամբ 3 անձի մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է եղբայրներից կրտսերը, ով 16 տարեկան է։ Վերջինս հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին