▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավարտվել է ոստիկանի կողմից 2 անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ Ավետիսյանը վիճաբանության ընթացքում եղբայրներ Արսեն և Արայիկ Մացոյանների առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս:

Մասնավորապես քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ Ավետիսյանը 2016թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Արսեն Մացոյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ բռունցքով հարվածներ է հասցրել Ա. Մացոյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել: Այնուհետև Ն. Ավետիսյանը շարունակել է դիտավորությամբ հարվածներ հասցնել գետնին ընկած Ա. Մացոյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ  Ավետիսյանի հարվածները կանխելու նպատակով վիճաբանությանը միջամտել է Ա. Մացոյանի եղբայրը՝ Արայիկ Մացոյանը, ում ևս Ն. Ավետիսյանը վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով վերջինիս առողջությանը նույնպես պատճառվել է միջին ծանրության վնաս:

Հիշյալ արարքները կատարելու համար Նարեկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին