▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտվել է 24-ամյա երիտասարդի սպանությունը. քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Վայոց Ձորում 24-ամյա երիտասարդի սպանությունը, պարզվել որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ տեղի ունեցած խուլիգանության մասնակիցների շրջանակը։  Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 7 անձի:

2016 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, «Եղեգնաձոր ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ բժշկական օգնության են տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ Ս.Հարությունյանը` «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, Լ.Գրիգորյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք» ախտորոշմամբ, և 24-ամյա Ս.Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ։  Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։

Նույն օրն ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել ևս երեք երիտասարդ՝ Է.Բաբայանը, Ա.Վարդանյանը և Հ.Հովակիմյանը։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված բոլոր անձինք մարմնական վնասվածքներն ստացել են 2016 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող ավտոպահեստամասերի խանութի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104–րդ 2-րդ մասի 1-ին կետի, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր  վարչությանը:

Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ վիճաբանության շարժառիթը, միջադեպի մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ Եղեգնաձորի բնակիչներ Ա.Վարդանյանն ու Ս. Հովակիմյանը, նախկինում ունեցած տարաձայնությունների շուրջ պարզաբանումների համար, իրենց  կողմնակիցների հետ, նախապես զինվելով սուր կտրող-ծակող առարկաներով, մահակներով, 2016թ. մայիսի 15-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, հավաքվել են Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող ավտոպահեստամասերի խանութի դիմաց: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և խուլիգանության, որի ժամանակ որպես զենք օգտագործվել են տարբեր առարկաներ, ինչի հետևանքով 6 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից մեկը՝ կյանքի հետ անհամատեղելի։

Քննությամբ  անհատականացվել են մասնակիցների գործողությունները, պարզվել Ս.Հովակիմյանին կրծքավանդակի ձախ կեսի և կողմնային մակերեսներին սուր կտրող-ծակող առարկայի գործադրմամբ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2016թ-ի դեկտեմբերի 9-ին Ա.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով, վիճաբանության 4 մասնակիցների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 2 մասնակցի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, և հայտարարվել նախաքննության ավարտի մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին