▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտվել է 12-րդ դասարանի աշակերտի դանակահարությունը. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2017 թվականի հունվարի 2-ին 12-րդ դասարանի աշակերտին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Հունվարի 2-ին «Ալավերդի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «ձախ թիակի շրջանի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 12-րդ դասարանի աշակերտ Հ.Հակոբյանը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ աշակերտը նշված վնասվածքն ստացել է սրճարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Անչափահասին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ պարզվել է վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ աշակերտն իր համադասարանցիների հետ դեպքի օրը սրճարանում մասնակցել է Ամանորի կապակցությամբ կազմակերպված խնջույքին, որի ժամանակ սրճարան են մտել այլ տղաներ և գարեջուր պատվիրել, սակայն մատուցողը տեղեկացրել է, որ սրճարանում մասնավոր խնջույք է, և այլ  այցելուներից պատվերներ չեն ընդունվում։ Տղաները շարունակել են մնալ սրճարանում, ինչի կապացությամբ վիճաբանություն է առաջացել նրանց և դպրոցականների միջև։ Վիճաբանությունը շարունակվել է դրսում՝ սրճարանի մոտ, որի ընթացքում էլ առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածել է աշակերտ Հ.Հակոբյանի կրծքավանդակի ձախ թիակային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս, այնուհետև դիմել փախուստի:

Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ, և հունվարի 5-ին որոշում է կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և հայտարարվել է հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին