▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շամիրամում կրակոցներից զոհված քաղաքացիների թիվը հասավ 4-ի

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում հավաքույթի ժամանակ մասնակիցների վրա կրակելու հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 11 անձ, 3-ը տեղում զոհվել է, 8-ը` վիրավորվել:

Նախարարությունը նշում է, որ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանի հաղորդմամբ` 6 վիրավոր տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բոլորին ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բժշկական անհետաձգելի օգնություն: Նրանցից 3-ը՝ առավել ծանր վիճակում գտնվող, Աշտարակի բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մյուս 3-ը շարունակում են բուժումը Աշտարակի բժշկական կենտրոնում: Ունեն վերջույթների հրազենային վնասվածքներ, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են կայուն, միջին ծանրության, կյանքին վնաս չսպառնացող:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից առողջապահության նախարարությանը տեղեկացրել են, որ տեղափոխված 3 վիրավորից 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ինը` ծանր: Այս պահին վերջինիս վիրահատում են:

«Գյուղապետի տեղեկացմամբ` վիրավորներից 2-ը սեփական միջոցներով տեղափոխվել են Երևան` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տուժածներից 1-ի կյանքը չի հաջողվել փրկել։ Վիրահատության ժամանակ նա մահացել է: Մյուս վիրավորի վիճակը կայուն է», - ասված է հաղորդագրությունում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին