▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Երևանում, կա 2 զոհ. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

Երևանում, այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 27/7 հասցեի դիմաց, բախվել են Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի եւ Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները։

 

 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներ Գուրգեն Ս.-ն եւ Սմբատ Մ.-ն, Mercedes-ի ուղեւոր՝ Երեւան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 20-ամյա Ժորա Ա.-ն, Nissan-ի ուղեւորներ՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 65-ամյա Ռոզա Մ.-ն, 67-ամյա Լուսինե Մ.-ն, 8-ամյա Ն. Վ.-ն, 5-ամյա Ա. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին։

Աղբյուրը հայտնում է, որ վարորդներից Գուրգեն Ս.-ն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ նրա ուղեւոր Ժորա Ա.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով՝ մահացել է։

Վիրավորներից Ռոզա, Լուսինե, Սմբատ Մ-երը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ երեխաներ Ն. եւ Ա. Վ-երը տեղափոխվել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ առաջինը բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների եւ վիրավորների ամբողջական ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է նաեւ որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալով՝ դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել Nissan-ին. իսկ Nissan-ի մեջ եղել է մի ամբողջ ընտանիք, որոնք մեկնում էին Վրաստան՝ ամառային հանգստի։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, սահամանազատել տարածքն ու վերջում իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին