▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի ձայնից» Նարեկը՝ շոուբիզնեսի «փորով» տղաների մասին

«Հայաստանի ձայնը» մրցույթից հանդիսատեսին առավել հայտնի դարձած Նարեկ Մակարյանը նկարահանել է իր առաջին տեսահոլովակն «Անձրև» երգի հիման վրա: Երգի երաժշտության հեղինակն Արամ Սաթյանն է, խոսքերինը՝ Կարո Վարդանյանը, իսկ գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, ում հետ համագործակցությունը, Նարեկի փոխանցմամբ, շատ հաճելի էր:

esyes.am-ը Նարեկից հետաքրքրվել է, թե  արդյո՞ք «Հայաստանը ձայնը» մրցույթին մասնակցելու ընթացքում տեսահոլովակը նկարահանելը չի հակասում մրցույթի կանոնակարգին, նա էլ ասել է՝  ոչ:  Նարեկը խոստովանում է, որ «Հայաստանի ձայնին» մասնակցելուց հետո իրեն ավելի շատ են սկսել ճանաչել: «Այս մրցույթը մեծ ճանաչում է բերում: Մարդիկ ավելի են սկսում հետաքրքրվել»,- ասել է  երգիչն ու հավելել, որ մրցույթի մասնակցելիս, բնականաբար, նպատակը հաղթելն է, սակայն նույնիսկ չհաղթելու դեպքում դա մեծ դպրոց էր:

«Անձրև» երգն ունի 2 տարբերակ՝ դասական և մոդեռն: Նարեկը որոշել է տեսահոլովակ նկարահանել մոդեռն տարբերակի հիման վրա:

Երգիչը պատմել է, որ մտավախություն ուներ որպես նորեկ «վրաերթի» ենթարկվելու, քանի  որ հնարավոր է՝ հայկական հեռուստաընկերությունները իրենից գումար պահանջեին տեսահոլովակը ցուցադրելու համար, սակայն հուրախություն երգչի, նման խնդիր չի եղել: Երգն արժանացել է հեռուսատաընկերությունների հավանությանն ու վերջիններս համաձայնել են անվճար ցուցադրել այն: «Ինձ համար «պրինցիպ» է, որ չվճարեմ մի բանի համար, ինչը ես լավ աշխատանք եմ համարում»,- esyes.am-ին նշել է երգիչը:

Մարտին Նարեկը նոր տեսահոլովակ կունենա՝ ԴերՀովայի հետ համագործակցության արդյունքում ծնված երգի հիման վրա: Ըստ երգչի՝ այն ռիթմիկ, հիթային գործ է, որի երաժշտության հեղինակներն ինքն ու ԴերՀովան են, խոսքերը գրել է նույն երաժշտական նախագծում Նարեկի հետ հանդես եկող Գրիգոր Կյոկչյանը:

Նարեկի փոխանցմամբ՝ ինքը ցանկություն ունի նոր որակ բերել շոուբիզնես՝ կերպարի վրա աշխատելու առումով: Ըստ նրա՝ շատ վատ է, որ մեր շոուբիզնեսցիները սպորտով չեն զբաղվում և, ինչպես ինքը նշեց, հաճախ բեմ են բարձրանում «փորով» տղաներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին