▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնել Ուլիխանյան. «Իմ կյանքում երկրպագուները կարևոր մարդիկ են»

Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի ամենաերիտասարդ դերասանը Գնել Ուլիխանյանն է: Այստեղ նա աշխատում է 2005 թվականիցԳնելը սերիալասեր հասարակությանը հայտնի է «Եռաչափ սեր»  և ավելի վաղ նկարահանված սերիալներից, իսկ թատերասեր հանդիսատեսը նրան տեսել է «Մակբեթի» Մակոմի, «Երջանիկ ավարտի» Ջիմի, «Մուսա լեռան 40 օրվա» Ոսկանյանի, «Ջոն արքայում» Արթուրի և շատ այլ դերերումԹատրոն, թե՞ հեռուստատեսություն, պահանաջկո՞տ է արդյոք հայ հանդիսատեսը` այս և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Գնել Ուլիխանյանի հետ:

 

- Գնել, ինչպե՞ս որոշեցիք դերասան դառնալ և արդյո՞ք դա մանկության երազանք էր:

- Դերասան դառնալը ամենևին էլ մանկության երազանք չի եղել: Մասնագիտությունը, որի մասին երազել եմ ֆուտբոլիստի մասնագիտությունն էր: Դպրոցական վերջին տարիներին եմ որոշել դերասան դառնալ: Սակայն, այս  մասնագիտությունը իր արմատներով չէի պատկերացնում: Իսկ հիմա դեռ դերասան դառնալու ճանապարհին եմ, ես միշտ ասում եմ, որ դեռ դերասան չեմ:

- Թատրոնում կա՞ կայուն հանդիսատես, երկրպագուներ, որոնց տեսնում եք Ձեր յուրաքանչյուր խաղի ժամանակ:

- Այո, կան դեմքեր, որոնց ամեն անգամ բեմ բարձրանալիս տեսնում եմ: Մենք շփվում ենք նաև բեմից դուրս: Այսօր շփվելու լայն հնարավորություն է տալիս նաև համացանցը: Շատ ջերմ վերաբերմունք են ցուցաբերում, շատ հաճելի է այդ ամենը: Իմ կյանքում երկրպագուները կարևոր մարդիկ են:

- Այնուամենայնիվ, քանի որ մեր հասարակությունում սերիալասերները ավելի մեծ թիվ են կազմում, քան թատրոնասերներըՁեզ ավելի շատ ճանաչում են սերիալներից: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին:

- Նորմալ եմ վերաբերվում: Իհարկե, ափսոս, որ թատրոնի հանդիսատեսի քանակը փոքր է: Ես սերիալում էլ իմ գործը պատասխանատվությամբ եմ կատարում, ինքս եմ ընտրում իմ դերերը, որոնք համապատասխանում են սկզբունքներիս:  Ըստ այդմ էլ՝ երբեք սերիալի իմ դերի համար չեմ ամաչի: Եթե այսօրվա սերիալները համեմատենք մի քանի տարվա վաղեմություն ունեցող սերիալների հետ, որակային ակնհայտ փոփոխություններ կնկատենք: Կարծում եմ՝ սա տանում է դեպի գեղֆիլմ, համոզված եմ` դրանք շատ կլինեն:

Թատրոնի հանդիսատեսի մի մասն էլ սկզբում ինձ ճանաչել է  հեռուստատեսային սերիալներից, հետո` որոշել տեսնել նաև  թատրոնում. այս դեպքում հեռուստատեսության շնորհիվ թատրոնի ներկայացումների հանդիսատեսն է  ավելանում:

- Ինչպե՞ս եղավ, որ  սկսեցիք թատրոնում գլխավոր դերեր խաղալ և ո՞ր դերերում կցանկանաք հանդես գալ առաջիկայում:

- Երբ ես ընդունվեցի առաջին կուրս, կուրսղեկս  Վահե Շահվերդյանն էր, ով Սունդուկյան թատրոնի գողարվեստական ղեկավարն էր: Նրա շնորհիվ ես սկսեցի այս թատրոնում մասսայական տեսարաններում խաղալ, այնպիսի դերասանների կողքին, ինչպիսիք են Արմեն Մարությանը, Տիգրան Ներսիսյանը և այլք: Հետո կամաց-կամաց սկսեցի փոքր բառերով դերեր խաղալ, հետո՝ միջին դերեր, հետո էլ՝ գլխավոր դերեր: Երբ  նոր էի խաղում թատրոնում, ավելի շատ երազում էի Արա Գեղեցիկի դերը խաղալ ՝ հայրենասեր, ուժեղ կերպար, բայց վերջերս, երբ  կայացավ «Ջոն արքա» ներկայացման պրեմիերան, մեր գրական մասի վարիչներից մեկը ինձ ասաց, որ ես ավելի շատ համապատասխանում են Շեքսպիրի Համլետի դերին: Այդ միտքը ինձ գայթակղեց: Իհարկե, պետք է քեզ վրա շատ աշխատաես Շեքսպիր խաղալու համար:

- Առաջիկայում Ձեզ ո՞ր դերերում կտեսնենք:

- Հիմա պատրաստվում ենք «Ռիչարդ Երրորդ» ներկայացմանը, բեմադրող ռեժիսորը Արթուր Սահակյանն է: Ես խաղում եմ Դորսետ: Իսկ հեռուստատեսության հետ կապված ես դեռևս համագործակցում եմ միայն  Արմենիա TV-ի հետ, «Եռաչափ սերը» արդեն երրորրդ սերիալն է, որը վերջացնելու ենք գարնանը, կան նաև այլ ծրագրեր, ամեն դեպքում՝ կշարունակեմ աշխատել հեռուստատեսությունում:

Հարցազրույցը՝ Սեդա Հերգնյանի

Գնել Ուլիխանյանի հետ հարցազրույցը առավել ընդլայնված տարբերակով կարող եք կարդալ  «Մեգապոլիս» ամսագրի վերջին՝ N19 համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին