▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի հազվագյուտ գրադարաններից մեկը վանատրում է հայկական եռագույնին

Մայիսի 28-ին` Հայաստանի անկախության վերականգնման օրը, աշխարհի հազվագյուտ գրադարաններից մեկը վանատրում է հայկական եռագույնին

 

Ի թիվս Եվրոպայի տարբեր հայկական համայնքների, Հայաստանի անկախության վերականգնման օրը` մայիսի 28-ը, առանձնահատուկ ծրագրով նշվեց նաև Գերմանիայի Ուննա քաղաքում: Կին կոմպոզիտորների միջազգային գրադարանը (Internationale Komponistinnen-Bibliothek) համագործակցելով Ուննայի քաղաքապետարանի հետ, կազմակերպել էր Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) փոխնախագահուհի, կոմպոզիտոր և դաշնակահարուհի Արմինե Ղուլոյանի հեղինակային երեկոն, որն այս անգամ նվիրված էր արվեստագետի հայրենիքի անկախության վերականգնման կարևոր իրադարձությանը: Ղուլոյանի հեղինակային առաջին երեկոն քաղաքի մշակութային բաժինն ու վերոհիշյալ գրադարանը կազմակերպեցին 2013-ին, որտեղ տարբեր ազգերի երգիչ-երաժիշտները ներկայացրեցին հայուհու ամենատարբեր ժանրերի ստեղծագործությունները: Օրվան համահունչ, արվեստագետն այս անգամ իր երեկոն կոչել էր <<Հայաստան ասելիս…>>, որի ժամանակ հայ և գերմանացի ունկնդիրներից բազմիցս բարձր գնահատականներ կորզած նրա երաժշտական գոհարների կողքին հնչեցին վեց նոր ստեղծագործություններ. Գելզենկիրխեն քաղաքի օպերային երգիչ, տենոռ Արտավազդ Զաքարյանը կատարեց նկարիչ Սամվել Սևադայի <<Տխրություն>> և Համո Սահյանի <<Հայաստան ասելիս…>> ու <<Քարը>> բանաստեղծությունների ղուլոյանական մեկնաբանությունները, երգչուհի Աննա Մարտիկյանը (մեցցո) ներկաներին հիացրեց Լևոն Բլբուլյանի <<Քեզ>> բանաստեղծության ու Համո Սահյանի <<Հայոց լեզուն>> հայտնի ստեղծագործության երաժշտական կատարումներով, որոնք իրենց այս նոր  դրսևորումներով հուզառատ էին հատկապես տարբեր քաղաքներից ժամանած հայ հանդիսատեսի համար: Արմինե Ղուլոյանի` հայրենի քաղաքի համար դեռևս տարիներ առաջ արարված և 2008թ. Մոսկվայում հրատարակված <<Աբովյան>>, ապա <<Երբևէ>> գործերը հնչեցին շրջանում մեծ համբավ վայելող, շեփորահար Դիմիտրի Թելմանովի կողմից: Ապա ելույթներ ունեցան հեղինակի գործընկեր, դաշնակահար Սերգեյ Կլիմենկովը և աշակերտուհին` Գիլլիան Շոյերը: Մայիսի 28-ին ներկայացրած վեց նոր ստեղծագործություններն Արմինեն նոտայագրել էր 2013 թ. ապրիլին-մայիսին, Հայաստանի Հանրապետությունում, ուր 15 տարվա բացակայությունից հետո մեկնել էր իր հեղինակային երեկոյի առիթով: Տոնական երեկոն վարում էր դերասանուհի և երգչուհի Թիրցա Հասսեն, ով վարելուն զուգահեռ կատարեց Հասսե-Ղուլոյան դուոյի շրջանակներում բազում անգամներ մատուցած իրենց սիրված գործերից երկուսը` <<Եղբայրս>> և <<Ես դա քո աչքերում եմ տեսնում>> շանսո երգերը: Երեկոն պահանջում էր նաև պատմական ակնարկ Հայաստանի մասին, քանզի ներկաների մեծ մասը գերմանացիներ էին: Հասսեն նախ ներկայացրեց Հայաստանի վերջին պետականության անկումը 1375թ., ապա անդրադարձավ 1918 թ. անկախության վերականգնմանն Արևելյան Հայաստանում և Արևմտյան Հայաստանի ողբերգական ճակատագրին, դատապարտող խոսքեր հնչեցրեց օսմանցի թուրքերի հասցեին և հիշեց Հայոց մեծ եղեռնի զոհերին: ՀԱՄ-ի քարտուղարուհին` Մարիետա Չարվադարյանը և հեղինակի ամուսինը` գնդապետ Վոլֆգանգ Զայդլը երգերի վերածված բոլոր բանաստեղծությունները թարգմանել էին գերմաներեն, որոնք փորձառու հաղորդավարուհին առանձնակի հմտությամբ ներկայացնում էր հանդիսատեսին:

Բեմից բացակա չէր նաև օրվա խորհրդանիշը`  հայկական եռագույնը:

Ավելացնենք նաև, որ հյուրընկալող կողմը` Ուննա քաղաքում գործող Կին կոմպոզիտորների միջազգային գրադարանը, որը տեղավորված է քաղաքի պատմական Նիկոլայհաուսում (Nicolaihaus, Nicolaistrasse 3, 59423 Unna, Deutschland), ամբարում է կին կոմպոզիտորների 3000-ից ավելի ստեղծագործություններ և նրանց մասին պատմող հարուստ նյութեր, որոնք վերաբերվում են վերջին 800 տարում ստեղծագործած կանանց: Աշխարհի բոլոր ծայրերից գրադարանից լայնորեն օգտվում են երաժշտագետներ, երգիչ-երաժիշտներ և ամենատարբեր ոճի համույթներ: Գրադարանին սերտորեն աջակցում է Սիբիլ-Վեստենդորփ հիմնադրամը (Sybil-Westendorp-Stiftung), որն էլ այս անգամ հոգացել էր մայիսի 28-ի հայկական երեկոյի ծախսերը:

Կին կոմպոզիտորների միջազգային գրադարանում հայ կին կոմպոզիտորներից առայժմ գտնվում են միայն Հայ Ակադեմիականների Միության մատենաշարով 2002-2009թթ. հրատարակված Արմինե Ղուլոյանի վեց գրքերը (Ասբարեզ օրաթերթ, 31 Յունուար 2008թ.) և նրա մասին պատմող մամուլի և Եվրոպայի զանազան քաղաքներում հանդես եկած ծրագրերի հայտագրերի ու պաստառների հարուստ հավաքածուն:

Առիթից օգտվելով, կոչ ենք ուղղում հայ կին կոմպոզիտորներին, որպեսզի նրանք իրենց տպագիր ստեղծագործությունները պահ տան նաև աշխարհի հազվագյուտ այս գրադարանին, ուր ամբարված են ութը երկար դարերի ընթացքում ստեղծագործած կանանց մտքերի ու զգացմունքերի արգասիքները:

 

Ազատ Օրդուխանյան

Հայ Ակադեմիականների Միության նախագահ

30 մայիսի 2014թ., Բոխում, Գերմանիա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին