▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովան

Կյանքի 79-րդ տարում վախճանվել է թատերական քննադատ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովան: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ ցավակցական խոսք գրելով ՀԹԳՄ կայքում:

 «Կյանքից հեռացավ Երևանի ամենագեղեցիկ կանանցից մեկը, բարձր ինտելեկտի, նուրբ ճաշակի տեր, ազնիվ ու շիտակ անհատականություններից մեկը: Մենք կորցրինք բազմագիտակ, իր ճշմարիտ կեցվածքն ու նկարագիրն ունեցող Մարգարիտա Վիկտորովնային, ով մոտ 50 տարի ծառայեց հայ և ռուս թատրոններին, եղավ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական և Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների գրական մասի վարիչը, ՀԹԳՄ «Բարեկամություն» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, իր բազմաթիվ հոդվածներով զարդարեց հայ և ռուսալեզու մամուլը:

 Շնորհիվ խոր գիտելիքների, հր աշալի բեմազգացության՝ Մարգարիտա Յախոնտովան ճշգրտորեն էր վերարտադրում ռեժիսորական և դերասանական աշխատանքները, տալիս օբյեկտիվ գնահատականներ: Մեր թատերական կյանքն աղքատացավ մեկ անհատականությամբ ևս, մի գեղեցկություն էլ հեռացավ մեզանից: Հազար ափսոս»,-նշել է Հակոբ Ղազանչյանը՝ իր ցավակցությունը հայտնելով Մարգարիտա Յախոնտովայի ընտանիքին, դստերը՝ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀԹԳՄ քարտուղար, «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին:

Asekose.am-ը նույնպես ցավակցում է Մարգարիտա Յախոնտովայի ընտանիքին և հարազատերին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին