▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զառա Սահակյանը` «Vitamin» ակումբ վերադառնալու մասին

Հոկտեմբերի 4-ին մի քանի ամսվա դադարից հետո կրկին մեկնարկեց «Vitamin»  ակումբի նոր եթերաշրջանը: Սակայն հեռուսատադիտողների ուշադրությունն այս անգամ ավելի շատ գրավեց ոչ թե տղաների նորովի ստեղծած կերպարները և սուր հումորը, այլ նախկին «32ատամ» ակումբի «ոսկե ատամ» Զառա Սահակյանի մասնակցությունը:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանուհու հետ` պարզելու «Vitamin» ակումբ վերադառնալու իր պատճառների, տղաների հետ կրկին համագործակցություն սկսելու, «Արմենիա» հեռուստաընկերության հետ կապերը խզելու և այլ մանրամասների մասին:

«Նորմալ է, մի օր պետք է հետ վերադառնայի: Ես ուղղակի զարմանում եմ` ինչպես կարելի է այս փոքր հանրապետությունում հեռուստաալիքները միմյանց թշնամի դարձնել: Համագործակցում էի «Yere1» նախագծի հետ, այդ իսկ պատճառով էր, որ մեկ այլ հեռուստատեսություն գնալ չէի կարող, բայց քանի որ իմ և հեռուստաընկերության միջև կնքված պայմանագիրը ավարտվեց, արդեն ազատ էի իմ որոշումների մեջ»,- զրույցի ընթացքում նշեց Զառա Սահակյանը` ավելացնելով, որ նրա և  «Yere1» նախագծի համագործակցությունը ժամանակավոր էր:

Իսկ թե ինչպե՞ս տեղի ունեցավ առաջարկը և ո՞ւմ կողմից, Զառան պատասխանեց, որ երբեք էլ խնդիրներ չի ունեցել «Vitamin» ակումբի հետ և տվյալ առաջարկն էլ եղել է տղաների կողմից` ասելով, որ միայն պայմանագիրն էր պատճառը, որ այսքան ժամանակ նա չի կարողացել գնալ «Շանթ» հեռուստաընկերություն:

Asekose.am-ի թղթակցի այն հարցին` թե արդյո՞ք դերասանուհու սիրելի աշխատանքը հենց «Vitamin»-ի տղաների հետ հանդես գալն էր, այդ իսկ պատճառով է, որ թեկուզ երկարատև դադարից հետո նա կրկին այդ բեմում է, Զառան պատասխանեց.

«Իմ սիրած աշխատանքն այն է, ինչով հիմա զբաղվում եմ և ամենևին էլ կապ չունի` որտեղ, բայց իմ հարազատների հետ, որոնց հետ սկսել եմ 0-ից քայլել, շատ ավելի հաճելի է»:

Թե արդյո՞ք հեռուստադիտողը հնարավորություն կունենա տեսնելու Զառային այլ նախագծերում ևս, դերասանուհին ասաց, որ չի բացառում` նշելով, որ այս պահին նա հանդես է գալիս միայն տղաների հետ, իսկ մնացած առաջարկները դեռ քննարկման փուլում են: 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին