▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քիչ լուրջ բաներ արա, թե չէ շատ ռաբիզ էգ դուրս էկար...

Անի Հովսեփյանի «Շատ անկեղծ» շարքի հյուրն է ճանաչված արձակագիր Էդգար Կոստանդյանը:

(ի դեպ, կատարել եմ փոքրիկ (կամ մեծ) մասնագիտական շեղում. առանց Կոստանդյանի իմացության, ամբողջ հարցազրույցը հրապարակում եմ առանց խմբագրման)

-  Վերջին անգամ քեզ հետ զրուցել եմ երեք տարի առաջ: Հիմա դու Էդգար Կոստանդյանն ես: Ի՞նչ է փոխվել քո մեջ:

- Կարող ա՞ մինչև էդ Ազատ Գասպարյանն էի:

- Իսկ եթե լրջանա՞նք:

- Հենց լրջանանք, վարի ենք գնալու: Էլ տենց ախմախ հարցեր չտաս, թե չէ կգնամ:

- Ինչի՞ց խոսենք:

- Սամալյոտներից:

- Խմած ե՞ս:

- Չէ: Էդ ժամանակ բարի եմ լինում: Եթե խմած լինեի, բոլոր հիմար հարցերիդ շատ լուրջ դեմքով կպատասխանեի:

- Արի լրջանանք: Ո՞նց ես: Ինչո՞վ ես զբաղվում:

- Լավ եմ: Գրում եմ, ջնջում եմ, քնում եմ, մեկ-մեկ նույնիսկ արթնանում եմ, խմում եմ, կարոտում եմ, նեղվում եմ, ուրախանում եմ… էնքան բան եմ անում…

- Ինչի՞ց ես նեղվում, ու՞մ ես կարոտում:

- Հետո կասեն` Էդգարը ժուռնալիստներին չի սիրում. կարող էիր չէ՞ հարցնել` ինչից ես ուրախանում, ինչ ես գրում, էդքան բան էի թվել:

- Էդ հարցն անցա: Հիմա անկեղծ ուզում եմ իմանալ` ոնց ես:

- Լավ եմ:

- Գիտեմ, որ նոր վեպ ես գրում, կոչվում է «Ձմռան վերջին օրը»: «Որբանոցի» փառքից հետո բարդ չէ՞ նոր բան սկսել:

- Փառք բառը մի ասա, ինձ Վիգեն Չալդրանյան եմ զգում (ծիծաղում է- Ա.Հ.):

- Նախորդ հյուրս արձակագիր Լուսինե Սիմոնյանն էր, ասաց` բոլորս բռնվել ենք, Կոստանդյանը նոր վեպ է գրում…

- Բռնվել պետք չի, գրել ա պետք:

- Քեզ կոմեդիայի ժանրում չէի տեսել:«Քիթ-քաթն» եմ նայել անցյալ ամիս: Հավանեցի: Ուզում եմ` խոսենք էդ պիեսից: Ո՞նց ստեղծեցիք:

- Բալյան Կարոյի միտքն էր: Ես սկսեցի աշխատել, հետո մեզ միացավ Արմեն Վարդանյանը: Ու էդպես «Քիթ-քաթ»-ը ստեղծվեց:

- Կարո Բալյանից մի ուրիշ գործ նայել եմ: Դա էլ հավանեցի: Մյուս զրուցակիցս է լինելու:

- Գործ չունես, ամուսնացած աղջիկ ես, կարող ա կապի: Հետո իմ վրա ա խոսակցություն գալու (ծիծաղում է-Ա.Հ.):

- Ուսուցիչդ` Լևոն Խեչոյանը, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է` «Ես Հայաստանին Էդգար Կոստանդյան եմ տվել»: Եթե առաջ մարդիկ կային, ովքեր այս խոսքերին թերահավատորեն են վերաբերվել, այսօր այս ամենն արդեն իրողություն է. պարտավորեցնող չե՞ն այս խոսքերը:

- Պարտավորեցնող են ոչ միայն այս խոսքերն, այլև Խեչոյանին ճանաչելն ընդհանրապես: Եթե քո մեջբերած տողերն արդեն իրողություն են, կնշանակի` ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ: Խեչոյանը մեզ համար միայն գրող չի, նա մեր գրականության ողնաշարն է:

- Կա՞ մի բան, որ երբեք նրան չես ասել ու հիմա կուզես ասել:

- Էն, ինչ ուզում եմ ասել նրան, գրեթե ամեն օր ասում եմ… Շատ եմ ասում… Կարոտում եմ Շեֆիս… «Շեֆը» մեծատառով կտպես (ժպտում է-Ա.Հ.):

- Եկանք ու հասանք մի թեմայի, որին չանդրադառնալ չէի կարող: Խոսքս «Որբանոցի» մասին է: Դու ցնցեցիր մեր ամբողջ գրականությունը: Մինչ օրս ոչ ոք չի իմացել վեպի ստեղծման պատմությունը: Որպես քո շատ հին ընկեր, ես ինձ իրավունք եմ վերապահում առաջինն այդ մասին գրելու: Պատմիր:

- Առանձնապես պատմելիք չկա: Որոշեցի գրել ու գրեցի: Մի ընկեր ունեմ, ամեն գլուխն ավարտելուց հետո ուղարկում էի, որ կարդա. չգիտեմ ինչու միայն իրեն էի վստահում: Հետո եկավ ամենամեծ գործն անելու ժամանակը` խմբագրելն ու սրբագրելը: Ի դեպ, ցանկացած գրողի հաջողության գրավականը լավ խմբագիրն է: Էս պարագայում բախտս բերեց, Հայաստանում լավագույն խմբագիրներից մեկը քույրս է` Լենա Կոստանդյանը: Պատկերացրու` ինչ մանրամասն ու մանրակրկիտ կաշխատի:

- Երբեք չես խոսել քրոջդ մասին:

- Հա, ես էգոիստ եմ, ում շատ եմ սիրում, միշտ թաքուն եմ պահում (ժպտում է-Ա.Հ.): Մարդ աշխարհում մի քանի շատ կարևոր բան ա ունենում, էդ շատ կարևոր բաներից մեկն էլ ինձ համար Լենան ա էղել, աշխարհի էն քիչ մարդկանցից ա, ում համար առանց կես վայրկյան մտածելու մեռնելու կգնամ, երևի ինքն էլ չի հասկացել մինչև հիմա: Ընդհանրապես, ես հարազատ մարդկանց մոտ էդ առումներով շատ փակ եմ: Ինքն ինձ համար միշտ պուճուր կուկու ա էղել, բայց արի ու տես, որ էսօր արդեն ընտանիք ունի: Մի պահ կար, որ մոտս շատ վատ էր ամեն ինչ: Օրվա մեջ հազար անգամ զանգում էր, գրում էր… մի նախադասություն գրեց հեռախոսիս, որ կյանքում մտքիցս ու սրտիցս դուրս չի գա. ասեց` «ինձ համար կարևորը քո երջանիկ լինելն ա, եթե նույնիսկ սխալվում ես, ես համաձայն եմ քեզ հետ». Էդ էլ ինքը չի հիշի, էդ SMS-ը պահում եմ, դու լավ գիտես` ես սենտիմենտալ մարդ չեմ, բայց դա կյանքիս առաջին ու վերջին SMS-ն ա, որ պահում եմ:

- Աչքերդ թացացան, քեզնից չի:

- Էդ թացանալը չտպես:

- Կտպեմ: Մարդիկ կա՞ն, որ քեզ տեսնում են թացացած աչքերով:

- Մեկը…

- Ու վե՞րջ:

- Քիչ ա՞

- Որ խորը մտածես չէ: Էդգար Կոստանդյանն ես, չէ՞, ի վերջո:

- Իհարկե (ժպտում է-Ա.Հ.)

- «Որբանոցն» ընկերների մասին է, ամուր ընկերության ու մարդկային բարձր արժեքների: Եթե հիմա բոլոր ընկերներդ այս սրճարանում նստած լինեին, ի՞նչ կասեիր նրանց:

- Ես չեմ ուզում` բոլոր ընկերներս էս սրճարանում լինեն, իրենք շատ են, էդքան փող չունեմ, որ բոլորի համար հաշիվ փակեմ (ծիծաղում է-Ա.Հ):

- Ամեն դեպքում, մի բան ասա ընկերներիդ:

- Ովքեր կողքս են, ասում եմ, որ պաշտում եմ իրանց, ովքեր գնացել են, բառիս բոլոր իմաստներով, ասում եմ, որ կարոտում եմ: Ասում եմ, որ իմ սիրտը մեծ ա, էնտեղ բոլորի համար տեղ կա…

- Հիմա ասա մեր հարցազրույցի ամենավերջին նախադասությունը:

- Քե՞զ:

- Թեկուզ:

- Սրանից հետո մի քիչ լուրջ բաներ արա: Թե չէ շատ ռաբիզ էգ դուրս էկար:

 

Հեղինակ`

Անի Հովսեփյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին