▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Աշոտ Մելոյանը մշտական աշխատանք է փնտրում

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը դերասան Աշոտ Մելոյանն է, ում հեռուստադիտողն առավել շատ հիշում է  «Կարգին հաղորդման» կարգին սկեչներից: Ինչո՞վ է այսօր զբաղված դերասանը, ինչո՞վ է պայմանավորված եթերային դադարը և ի՞նչ փոփոխությունն է նախատեսում իր կյանքում. այս թեմաների շուրջ զրուցեցինք դերասանի հետ:

Էկրանին Ձեզ չենք հանդիպումԱյժմ ինչո՞վ եք զբաղվում:

-Այս պահին իմ մասնագիտությամբ չեմ զբաղվում: Գիտություն եմ ուսումնասիրում, կարգավորել եմ սննդակարգս` նիհարելով 51 կիլոգրամ:

Փաստորեն, աշխատանքային տեսանկյունից գործազո՞ւրկ եք:

-Այո, գործ չունեմ, պարապ եմ:

Իսկ հեռուստատեսություն չե՞ք փորձել, չէ՞ որ երկար ժամանակ այդ աշխարհում էիք:

-Փորձել եմ. մի անգամ գնացի, ասացին. «Աշոտ ջան, չենք կարող քեզ գործի ընդունել, որովհետև դու չափից ավել պրոֆեսիոնալ ես»:

Եվ դա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ես դա հասկանում եմ մի քանի տեսանկյունից. հավանաբար, եթե չափից ավել պրոֆեսիոնալ եմ, նշանակում է, պրոֆեսիոնալին վայել աշխատավարձ պետք է նշանակեն ինձ համար: Թեև, ես նման աշխատավարձի ակնկալիքով չէի գնացել, պարզապես ինձ զբաղվածություն էր պետք:

Աշոտ, այսօր ինչո՞ւ են միջակներն ավելի պահանջարկ ունեցող:

-Որպեսզի պարտադրեն, հարկ եղած դեպքում վրաները գոռան, չգիտեմ:

Ունեք ընտանիք՝ կին, երեխաներ: Ինչպե՞ս եք հոգում ծախսերը:

-Կինս՝ Մարի Գրիգորյանը, Մհեր Մկրտչյան թատրոնի դերասանուհի է: Ես, երբեմն, ֆիլմերում եմ նկարահանվում ու հոնորար ստանում: Բայց ստաբիլ ամսական վճարով աշխատանք չունեմ: Նստել, սպասել, որ ինչ-որ մեկը դրսից կգա ու մի ֆիլմ կնկարի, քեզ էլ կկանչի ու օրապահիկով գումար կառաջարկի, լուրջ բան չէ: Մշտական, կայուն աշխատանք է պետք, երեխաներս մեծանում են: Այնպես որ, միակ ստաբիլ եկամուտը կնոջս աշխատավարձն է:

Թատրոնի ոչ այնքան բարձր աշխատավարձը բավարարո՞ւմ է հոգալ ծախսերը:

-Կարելի է ասել՝ միայն կոմունալ ծախսերը, ու կողքից փորձում ես մի փոքր էլ սննդի վրա ծախսել: Ցավալի է, բայց այդպես է: Հասկանում եմ, որ հիմա ես վատ եմ, իսկ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկն իմ ու իմ ընտանիքի հաշվին լավ է: Չգիտեմ, նա ինչ ոլորտի մարդ է, իշխանավոր է, թե հասարակ քաղաքացի, ում ծանոթն ու բարեկամն է, բայց այն, որ նման մեկը կա, հաստատ է: 23 տարի աշխատել եմ դերասան, տնօրեն, գործադիր պրոդյուսեր, բազմաթիվ նախագծեր եմ իրականացրել ու չկա մեկը, ով իմ աշխատանքից, ինձանից դժգոհ է մնացել:

Ի դեպ, քանի որ Ձեր կինը թատրոնում է աշխատում, միգուցե նույն թատրոնում նաև Ձեզ համա՞ր տեղ գտնվի:

-Կինս շատ է ասում, բայց եթե երկուսս նույն թատրոնում աշխատենք, երեխաները կտուժեն: Պատկերացրեք, երկուսս զբաղված ենք նույն ներկայացման մեջ, կամ հյուրախաղերի ենք, անչափահաս՝ 13 և 15 տարեկան երեխաներին ո՞ւմ պետք է վստահենք: Չէ՞ որ տանը նրանց նայող չունենք: Կինս թատրոնից հրաժարվել չի կարող, շատ է սիրում բեմը: Ես էլ իրեն կօգնեմ այնքանով, ինչքանով կարող եմ, մինչև…

Դուք ժամանակին հանդիսանում էինք  «Կարգին հաղորդում» նախագծի տնօրենը, նաև որպես դերասան էիք հանդես գալիս նախագծում: Հայկոյի և Մկոյի առանձնանալուց հետո եղան խոսակցություններ, որ դուք որևէ մեկի հետ աշխատանքը չշարունակեցիք, որպեսզի չստացվի, թե նրանցից ինչ-որ մեկի  «կողմն եք բռնել»: Նման բան կա՞:

-Ճիշտն ասած՝ ես նրանց բաժանման պատճառը չգիտեմ, ինձ թույլ չեմ տվել խորանալ այդ հարցում: Չգիտեմ՝ կոնֆլիկտո՞վ են բաժանվել, թե՞ պարզապես ժամանակն էր, որ յուրաքանչյուրն առանձին հանդես գա: Երբ 2009 թվականին փակվեց  «Կարգին հաղորդում» պրոյեկտը, մեր համագործակցությունը չշարունակվեց, բայց տղաների հետ մնացինք շատ լավ ընկերներ: Ես որևէ մեկի կողմը չեմ, երկուսն էլ իմ ընկերներն են, միշտ էլ առանձին-առանձին տեսնում եմ, շփվում ենք, զրուցում: Ուրախ կլինեմ, եթե երբևէ որևէ նախագծում հանդիպենք:

Չունե՞ք ծանոթներ, հնարավորություն՝ դրսում շարունակելու Ձեր աշխատանքը: Այնտեղ մարդկանց և՛ գնահատում են, և՛ բարձր վարձատրում:

-Եղբայրս, ով  ինձանից մեծ է 8 տարով, արդեն 22 տարի է՝ ապրում է Մոսկվայում: Նկարիչ է: Ցանկություն չեմ ունեցել երբևէ տեղափոխվելու: Ճիշտն ասած՝ շատ եմ սիրում Հայաստանը, մեր երկիրը: Ես նաև որսորդ եմ, ձկնորս եմ ու շատ եմ կապված բնությանը, բնության սիրահար եմ: Նաև մեկ խոստովանություն անեմ. ինքնաթիռ չեմ նստում, վախենում եմ: Մեկ անգամ եմ նստել, այն էլ հաբեր եմ ընդունել:  Իմ երկրում ես ինձ երբեք վատ չեմ զգացել: Եթե աշխատանք լինի, զբաղվածություն ունենամ, սիրով իմ գործին կտրվեմ, ինձ այլ բան պետք չէ: Դեռ ինձ չեմ մարել և հավատում եմ, որ նոր առաջարկներ կստանամ: Եթե այս տարի էլ գործնական ասպարեզում նորություններ չունեցա, որոշել եմ ոլորտս փոխել:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին