▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն իմ սրտում է,բայց ոչ ձեռքերում` այլապես շատ բան կփոխեի. Մարկ Ալեքս

Բոլորովին պատահական չէր ,որ սաքսֆոնահարի և դաշնակահարի ընտանիքում ծնված Մարկ Ալեքսը  ընտրեց  հենց արվեստի բնագավառը: Առաջին քայլերը թատերարվեստում էին,հետո արդեն` երգարվեստ:

-Առաջինը  ով  տեսավ իմ մեջ  դերասանական ունակություններս՝ տատիկս էր: Նա իմ ձեռքից  բռնեց ու տարավ դեպի թատրոնի անծայրածիր աշխարհը: Նրա շնորհիվ ես սիրահարվեցի թատրոնին: Տատիկս այն մարդն էր,որ միշտ օգնում ու խրախուսում էր ինձ: Նա նկատում էր իմ մեջ այնպիսի բաներ,որ ոչ ոք չէր տեսնում,-պատմում է  Մարկը:

12 տարեկանում Մարկը  խաղաց իր առաջին դերը, որն էլ դարձավ նրա այցեքարտը և մեծ ուղիներ բացեց դեպի Դրամատիկան թատրոն: Արդյունքը եղավ այն,որ հետագայում Մարկը ընդունվեց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ: Սակայն Մարկին  մեկ այլ փորձություն էր սպասվում: Ունենալով  հզոր ձայնային տվյալներ, նա սկսեց ուժերը փորձել նաև երգի ասպարեզում: Եվ ինչպես ասում են՝ երգի ելևէջները ավելի  զորեղ գտնվեցին ու նա դերասանական արվեստը փոխարինեց երգարվեստով:  Ոգեշնչման աղբյուր հանդիսացան աշխարհհահռչակ լեգենդներ Մայքլ Ջեքսոնը և Ուիթնի Հյուսթոնը:

-Սկսեցի աշխատել գիշերային ակումբներում: Բայց լինելով հոգով արտիստ մտածում էի,որ այլևս հանդիսատեսին չես կարող գրավել միայն   երգելով,որքան էլ որ հզոր ձայն ունենաս: Պետք  էր շոու,որ հանդիսատեսը քեզ հիշեր ու ճանաչեր:Այսինքն`   պետք էր  միախառնել   իրար դերասանական արվեստն ու երգարվեստը,- մի առիթով ասել է  երգիչը:

Մարկի հետ մեր զրույցը սկսեցինք  հենց այս նոտայից ,թե ի՞նչպես եղավ, որ ամենազոր թատոնի բեմին՝ փոխարինելու եկավ երգարվեստի բեմը:

-Յուրաքանչուր մարդու կյանքում գալիս է մի պահ,երբ մարդը սկսում է փնտրել իր իրական կոչումը:Իմ փնտրտուքները սկսվեցին 13 տարեկանից,երբ ընդունվեցի թատրոն:Մինչև 18 տարեկան երազում էի  դառնալ դերասան: Հետևելով երազանքիս` ընդունվեցի թատրեական ինստիտուտ: Բայց երգը անընդհատ ինձ հետապնդում էր,քանի որ երաժիշտների ընտանիքում էի ծնվել,ու երգի ՙ<<գեները >> ավելի զորեղին:  Թատրոնը շատ եմ սիրում,բայց երաժշտությամբ ապրում եմ :

-Մարկ, այսօր ապրում և աշխատում ես Մոսկվայում,ի՞նչու որոշեցիր կարիերադ շարունակել հայրենի սահմաններից դուրս,առավել ևս այն դեպքում,երբ ասում էին,որ գիշերային ակումբում երգելու ժամանակ վատ գումար չէիր վաստակում:

- Այո, ես երկար տարիներ աշխատում էի  երևանյան ակումբներում,բայց  այդպես երկար շարունակվել չէր կարող: Այդ ամբողջ ժամանակահատվածում  մնացի հավատարիմ ինքս ինձ:Երգեցի ու հանդիսատեսի դատին ներկայացրեցի  միայն որակյալ երաժշտություն՝ ինձ հոգեհարազատ ոճում՝ Jazz,Blues,Soul :Կատարում էի  աշխարհահռչակ երգիչներ՝ Ռեյ Չարզի, Ուիթնի Հյուսթոնի, Մայքլ Ջեքսոնի,Սթիվի Ուանդերի երգացանկից երգեր:  Երբեք չփորձեցի անել այն, ինչ անում են բոլորը: Ես չեմ ափսոսում ակումբային ձևաչափում իմ աշխատած տարիների համար ,քանի որ ձեռք բերեցի փորձ,ճանաչեցի ինքս ինձ,և  ավելի քան վստահ ընդունեցի այս  որոշումը,որ կարիերաս պետք է  շարունակեմ դրսում: Դժվարություններն այժմ անցյալում են ու ես ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա:

-Բայց մի տեսակ նեղացած ե՞ք խոսում,ձեր ճանապարհը, ինչ որ մեկը  փորձել է՞  փակել:

-Միջակությունները ցավոք սրտի լինում են միշտ ագրեսիվ  ու չար.....(բազմանշանակ ժպտում –խմբ.)Ես նեղացած չեմ,ես հիասթափված եմ  ու չեմ պատրաստվում լինել մի  շրջապատում,որտեղ արվեստագետին կրթում է հասարակությունը, և ոչ թե արվեստագետն է կրթում հասարակությանը: Գարեգին Նժդեհն ասում էր.  <<Եթե ուզում ես գուշակել մի ժողովրդի ապագան,պետք է նայես նրա արվեստին ու մշակույթին>> : Ցավոք, մենք ունենք ռեստորանային մակարդակ: Ադրբեջանական ելևէջներով  ու թուրքական վայնասուններով հարուստ <<մշակույթը>> ինձ համար չէ:Ես գեղեցիկի կողմնակից եմ:

-Բայց նույն Ռուսատանում էլ  ամեն ինչ այնքան որակյալ ու բարձր մակարդակի վրա չի գտնվում:

-Համաձայն եմ ,բայց այնտեղ կա լայն հնարավորոթյուն և ինքնադրսևորվելու անսահմանափակ դաշտ...Մոսկվան ունի իր չափանիշները և դա արդեն իսկ լավ  է: Ցավոք Հայաստանում չափանիշը  հարսանեկան ու <<քեֆի>> չափանիշն է...: Արժեքային համակարգը խախտված է,որն ինձ համար չէ:

-Բայց Ռուսաստանում կայանալն  ու ճանաչում  ձեռք բերելը այնքան էլ հեշտ չէ,եթե չասենք դժվար: Այդ մեծ շուկայում ինչով ե՞ք զարմացնելու, որն է՞ լինելու ձեր խոսքը:

-Ես երբևէ չեմ վախեցել դժվարություններից: Յուրաքանչյուր արվեստագետ անցնում է դժվար ու նույնիսկ դաժան ճանապարհ: Ես ամենաբարդ ճանապարհը կարծում եմ անցել եմ այն ժամանակ, երբ երգում էի ակումբներում:Ես գտել եմ իմ կոչումը և վստահ քայլերով գնում եմ առաջ:

- Մարկ մի տեսակ չգրված օրենք է դարձել ,ովքեր հեռանում են երկրից սկսում են ասել,  որ Հայաստանում երգարվեստի բնագավառում ռեստորանային մակարդակ է, պրոֆեսիոնալները մղվել են  հետին պլան և այլն:Բայց երբեմն նկատում ենք,որ այդ անձիք հայրենիքում պարզապես  հաջողության չեն հասնում և իրենց քայլը արդարացնելու համար սկսում են նման կերպ արտահայտվել:

 -Դուք ինքներդ  Ձեր հարցին պատասխանեցիք,Հայաստանում ռեստորանային մակարդակ է:Եվ  բացարձակ համաձայն չեմ ձեր  կարծիքի հետ,քանի որ դուք ոչ թե հարցնում ե՞ք,այլ կարծիք եք արտահայտում : Ես մաքսիմալիստ եմ,արվեստը սահմաններ չունի ,իսկ Հայաստանը շատ փոքր  է: Մեկ բան ևս:Եթե դրսում մեկը հաջողության է հասնում, մենք միանգամից բարձրաձայնում ենք,որ նա հայ է,որ ազգանունը ՙՙ<<յան>>- ով է:Սկսում ենք նրան մեծարել,նրա  արմատներն ուսումնասիրել և այլն: Եվ դա հաճախ անում են այն դեպքում, երբ նույն  արտիստը տարիներ առաջ չէր գնահատվում  հայրենիքում:Բայց, հավատացեք ,ես ցավով եմ դա ասում.... և քննադատությունը  ցավի արդյունք է: Հայաստանն  իմ սրտում է,բայց ոչ  ձեռքերում՝այլապես ես շատ բան կփոխեի: 

-Մարկ ,ի դեպ  այսօր մոդայիկ դարձել այն, որ դրսում գտնվող արտիստները մասնակցում են Հայաստանում անցկացվող երգի մրցույթ- ֆառատոնների.<<Հայաստանի ձայն>>, <<Սուպերսթար>>, ՙՙ <<X  ֆակտոր>>  և այլն: Հնարավոր է՞ ձեզ տեսնել այդ ֆորմատում:

-Բնականաբար  ոչ,քանի որ  երբեմն ժյուրի կազմում տեսնում ես այնպիսի  մարդկանց, որոնք   իրենք ունեն շատ բան սովորելու:Ու այստեղ խոսել պրոֆեսիոնալիզմի մասին,կարծում ավելորդ է, եթե չասեմ անիմաստ: Այս դաշտը նույնպես մոնոպոլիզացված և մի քանի մարդ է որոշում կայացնում: Այնպես, որ  պետք  չէ խոսել այդ ծրագրերի մասին,այլ  դրա փոխարեն կխոսեմ իմ պլանների մասին:

 

-Խոսենք  ձեր պլանների մասին՝գիտեմ ,որ այս պահին աշխատում եք Yan’s Պրոդաքշնի հետ,ու տպավորությունը է ,որ Պրոդաքշնը մեկ հարկի տակ հավաքել է հայրենիքից մեկնած արտիստներին:

-Դա այդպես չէ,քանի որ Yan’s պրոդաքշնը աշխատում է նախ և առաջ շնորհալի մարդկանց հետ ,անկախ ազգությունից:Եվ ամենակարևորը այստեղ որակն է առաջին գրավականը:Իսկ այստեղ հայտնվեցի,քանի որ հրավերք ստացա իմ վաղեմի ընկեր Էդգար Բաբայանից ,ու հետ վաղուց կապ չկար: Հրավերքն ընդունեցի ու մենք սկսեցինք աշխատել: Ինձ մոտ այժմ  մի նոր շնչառություն է բացվել: Yan’s պրոդաքշնի հետ  առաջիկայում մեր աշխատանքի արդյունքները ավելի շոշափելի կլինեն:Կվերսկսվեն համերգներն  ու հյուրախաղերը: Նոր ձայնասկավառակ կթողարկվի: Ի դեպ  նշեմ,որ ես դեռ 1998 թ-ից  հյուրախաղերով հանդես եմ եկել ՌԴ-ավելի քանի 20  քաղաքներում,եղել եմ նաև Գերմանիայի Հանովեր և Ֆրանկֆուրտ քաղաքներում:

-Իսկ հայրենիքու՞մ,թե այնքան հիասթափված ե՞ք,որ անգամ համերգներով չեք ուզում հանդես գալ:

-Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը,բայց  հավատացեք, Հայաստանն  իմ սրտում է,բայց ոչ  ձեռքերում՝այլապես ես շատ բան կփոխեի: 

 

Հեղինակ` 

Անի Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին