▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ սահմանապահների մեծ առաքելությունը Դանիայում. լույս, որ վառվեց Բերդում...

Արդեն տեղեկացրել ենք, որ ամիսներ առաջ «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա» հասարակական կազմակերպությունը, «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության հետ համատեղ` Արթիկի թեմի և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ, Հառիճի վանական համալիրում կազմակերպել էր «Հոգևոր երգերի» մարզային փառատոն: 

Սակայն այսքանով «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա»-ի մարզային այցերը չեն ավարտվում. առավել ևս, որ ասոցացիայի նախագահ Գայանե Բաղդասարյանը  Asekose.am-ի թղթակցին դեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ իրենք առաջնահերթ երգչախմբային արվեստը մարզերում խթանելու և զարգացնելու նպատակ ունեն: Օրերս էլ Գայանե Բաղդասարյանը, հավատարիմ մնալով խոստմանը, Մշակույթի նախարարության և «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա»-ի համատեղ նախաձեռնությամբ այցելել էր Տավուշի մարզ` Բերդ քաղաք:

«Բերդում հանդիպել եմ հրաշք սահմանապահների, հրաշք կատարողների, որոնցով մեկ շաբաթ պարզապես հիացել եմ: Ուշագրավն այն է, որ կարողացել եմ նրանց մեջ ներարկել երգչախմբային արվեստի կարևոր նրբություն և առաքելություն համարվող բազմաձայնությունը, այն դեպքում, որ Սուրբ Հովհաննեսը միայն վերջերս է կառուցվել, և տվյալ եկեղեցու երգեցիկ խումբն ընդամենը սեպտեմբերից է սկսել իր գործունեությունը: Մինչ այդ նրանք մեկ ձայնով էին պատարագները երգում, ինչը լսելիս հասկացա, որ երգչախմբային արվեստի բոլոր ստեղծագործություններից առավել մաքուր և անաղարտ է»,-Asekose.am-ի թղթակցին ասաց Գայանե Բաղդասարյանը:

Վերջինս մեզ տեղակացրեց, որ երգեցիկ խմբի 8-18 տարեկան երեխաներն ապրիլի 19-ին Մշակույթի նախարարության աջակցությամբ և նախաձեռնությամբ կլինեն Դանիայում` Կոպենհագենում, և կմասնակցեն ցեղասպանության նահատակների հիշատակի համար Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցի կապակցությամբ անցկացվող սուրբ պատարագին.

«Ինձ համար այս երեխաները փոքրիկ սահմանապահներ են, ովքեր մեծ առաքելությամբ մեկնելու են Դանիա և ներկայանալու 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Այդ մասին էլ տեղեկանալով` մեր առջև Բերդ մեկնելու և նրանց աջակցելու խնդիր դրեցինք: Նշեմ, որ Բերդում միայնակ չէի, ինձ հետ էր «Տերյան»  մշակութային կենտրոնի մոդելավորող Լիլիթ Մելիքյանը,  ով ապահովելու է երեխաների տարազները Դանիայում: Բերդ հասնելուն պես էլ անմիջապես անցանք աշխատանքի: Իսկական տոն էր քաղաքում, քանի որ երեխաներից կազմված երգչախումբը կատարում էր առաջին քայլը երգչախմբային արվեստում: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել տեղի քահանա Տեր Արամ Միրզոյանին, ով կանգնած է այս ամենի հիմքում և ամեն ձևով աջակցում է երեխաներին. նա իրական սահմանապահ հոգևորական է, ով ապրում է ամեն զինվորի և ամեն մանուկի խնդիրներով»:

Գայանեի խոսքով` այդ մեկ շաբաթվա ընթացքում եղել է նաև Տավուշի մարզի Չինարի գյուղում, որտեղ լսել և հիացել է բնակիչներից մեկի դստեր տաղանդով.

«Պարզապես քարացել էի, երբ նա երգում էր…Այդքան մաքրություն, անաղարտություն, ազգային  դեռ որևէ տեղ չէի լսել` այն դեպքում, որ Չինարին չունի երաժշտական դպրոց, թեև ունի այսպիսի սերունդ: Պարզապես սահմանամերձ գոտիների երեխաներն իսկապես ունեն իրենց բացահայտելու և արտահայտվելու հնարավորության կարիք, այդ պատճառով էլ, երբ ստանձնեցի «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա»-ի նախագահի պաշտոնն իմ ուղղությունը վերցրեցի դեպի մարզեր, որտեղ էլ բազմաթիվ վարպետաց դասեր և փառատոններ ենք կազմակերպում»:

Գայանե Բաղդասարյանը Asekose.am-ի թղթակցին նշեց, որ այս անգամ մարզից տուն վերադառնալն իրեն շատ դժվար է տրվել, քանի որ մինչ օրս մտքերով  երեխաների հետ է.

«Բերդում երկու անգամ շատ դժվարությամբ կարողացել եմ զսպել արցունքներս. առաջինը երբ այցելեցի զորամաս և տեսա, թե ինչպիսի պատրաստակամությամբ են զինվորները պահպանում են իմ հայրենիքի սահմանները, իսկ երկրորդը, երբ հրաժեշտ էի տալիս իմ փոքրիկ սահմանապահներին: Իրապես երեխաները և ես դարձել էինք մի մեծ ընտանիք,  թեև պետք  է նաև նշեմ, որ Հերմինե Փալանդուզյանը նրանց համար հրաշալի խմբավար է, ով  այդ դժվարին պայմաններում ստեղծել է այդ երգչախումբը. նա արվեստի մարտիկ է: Մենք միասին աշխատեցինք և որևէ դժվարություն չտեսանք, որովհետև երեխաները շատ պատրաստակամ էին և չէին տրնտջում. 12:30 սկսում էինք փորձերն և առանց ընդմիջման ավարտում դրանք երեկոյան 18:00-ին: Ներկայումս մեզ համար ամենակարևորը մեր շարականները, հոգևոր երգերը, աղոթքները  մեր նահատակների համար Դանիայում հավուր պատշաճի ներկայացնելն է»:

Զրույցի վերջում Գայանե Բաղդասարյանը խոստովանեց, որ հրաժեշտից հետո նամակ է ստացել տեղի երաժշտության ուսուցիչներից մեկից, ով նշել է, որ Գայանեն իր ներկայությամբ լույս է վառել Բերդում:

«Ինձ համար Բերդում գտնվելը տոն և հոգևոր բավարարավածություն էր»,-իր խոսքը եզրափակեց «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա»-ի նախագահ Գայանե Բաղդասարյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին