▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմենիա հեռուստաընկերության նոր «Մոխրոտիկը» կամ «Բախտաբեր»-ի տարաբախտուհին

Hraparak.am գրում է. «Արմենիա» հեռուստաընկերությունը նոր հեռուստասերիալ է հրամցնում մեզ՝ խոստանալով «մեգաաստղերի» մասնակցություն: Դեռ պետք է պարզել, թե ովքեր են մեգաաստղերը, իսկ հիմա հարց սերիալի սցենարիստին ու ռեժիսորին. դուք իրո՞ք մտածում եք, որ այս աշխարհում այլեւս հետաքրքիր թեմա չի մնացել՝ Մոխրոտիկի սյուժեից բացի: Եվ պարտադիր սերիալի գլխավոր հերոսուհին պետք է լինի աղքատ ու ընկճվա՞ծ, տարաբախտ ու «հարի՞ֆ», բայց ինչո՞ւ… ի՞նչ եք ուզում մտցնել էս ժողովրդի գլխի ու հոգեբանության մեջ: Առանց այդ էլ երկրում միջին խավ չկա, մի քանի հարուստներ են, մնացած ժողովուրդն ուրեմն՝ տարաբա՞խտ… չէ, դուք տեսե՞լ եք իրականում ինչ լավ, աշխույժ, «շուստրի», խելացի, լավ էլ սիրահարվող, «սիրահետվող» աղջիկների սերունդ է Հայաստանում մեծանում, որոնք սովորում են, աշխատում ու կարող են ամուսնանալ անգամ էդ ձեր հերոսի պես ջիփերով տղաների հետ: Ո՞վ է ձեր հորինած էդ Մարիամը, որին չեմ տեսել ես Հայաստանում, իմ շրջապատում, ինչո՞ւ է նա անընդհատ ողբում, դժվարություննե՞ր կան կյանքում, հա, բայց դրանք կարելի է լուծել:

Կարելի՞ է մի անգամ հայ աղջկա կերպար բերել սերիալ, որն աչքերը չի փակում ու ողբում բոլոր իրավիճակներում: Որտեղի՞ց եք գտնում դուք ձեր հորինած կերպարներին այդքան «համահունչ» դերասանուհիներ (թող ներվի ինձ այս բառն օգտագործելու համար): Տվյալ դեպքում խոսքս Մարիամի՝ Էթերի Ոսկանյանի մասին է: Ո՞վ է ձեզ ասել, որ մեր երկրում հարուստի ու աղքատի տարբերությունն այդքան ակնհայտ է դրված, դուք՝ ստրկամտությամբ տառապողներդ ու ֆեոդալական կարգերից եկածներդ, ի՞նչ իրավունքով եք ձեր տաղտկալի սերիալների միջոցով նման կարգեր հաստատում մեր երկրում: Դուք տեսե՞լ եք երբեւէ Երեւանի փողոցում ինչ-որ հարցի համար դուրս եկած, պայքարող վառ աղջիկների կամ մտե՞լ եք որեւէ բուհ ու տեսել, թե ինչ սիրունիկ ու սովորող, խելացի ու ճարպիկ սերունդ է մեծանում ու հատկապես աղջիկները… Ես մտածում էի, թե Էլենից հետո (Շուշան Թովմասյան, «Դժվար ապրուստ») այլեւս նման «դժբախտություն» չի գա «գլխներիս», բայց արի ու տես, որ Էթերին իր դարդերով ու տարաբախտությամբ անցավ Շուշանին:

Հ.Գ.

Ակամայից հիշեցի Տիգրան Խզմալյանի «Հայոց թագուհիները» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսոր-սցենարիստներ, գնացեք նայեք անպայման ու կտեսնեք, թե իրականում ով է եղել հայ կինը: Մի ստրկացրեք կնոջը, առավել եւս դա մի արեք հեռուստաէկրանից… Դիտե՛ք Խզմալյանի ֆիլմն ու կհասկանաք, թե կնոջ ստրկացումից երկրում ինչ հետեւանքներ կարող են լինել… որ արդեն եղել են…

Հեղինակ`Աշխեն Քեշիշյան

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին