▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոշմանել եմ,որ չեմ գնացել Հայաստանից, հիմարաբար մերժեցի առաջարկը

Armlur.am-ը գրում է. Աննա Խաչատրյանն այն երգչուհիներից է, ով մշտապես երգում է այն, ինչ իրեն դուր է գալիս, թեպետ գիտակցում է, որ կոմերցիոն առումով դա, գուցե, սխալ է: Նա պատմել է, որ շոու-բիզնեսում իրեն օգնող ձեռք չունի, փոխարենը կան մարդիկ, նաեւ՝ շոու-բիզնեսից դուրս, ովքեր իրեն խանգարում են:

 

-Աննա՛, գիտենք, որ վերջին շրջանում հին հայկական երգերը նորովի մատուցելու ուղղությամբ եք աշխատում: Մի առիթով էլ նշել եք, որ Դուք աշխատում եք կայացած, «կյանք տեսած» հանդիսատեսի համար: Չե՞ք վախենում, որ այդ կերպ ինքներդ որոշակի սահմաններ կդնեք թիրախային լսարան ձեւավորելու հարցում:

 

-Երբեմն ասում են` դու «հին» ես, որ նման երգերի ես անդրադառնում, բայց դա այդպես չէ շ. դրանք արժեքավոր գործեր են, որոնց պետք է նոր շունչ տալ: Առհասարակ, սիրում եմ երաժշտական տարբեր ոճերում ինձ փորձել, արձագանքներն էլ մեծ մասամբ դրական են: Ի դեպ, վերջերս ձայնագրել եմ նոր երգ, որը կոչվում է «Մայր»: Ինչ վերաբերում է տարիքով հանդիսատես ձեւավորելուն, ասեմ, որ ինքս երբեւէ չեմ ձգտել դրան. այդպես ստացվել է: Միգուցե կոմերցիոն նկատառումներից ելնելով՝ դա սխալ է, այնուամենայնիվ, ես մշտապես երգում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս:

 

 -Ձեր գործընկերներից ոմանք դա մեծամտություն են համարում, ասում են` Ձեզ իրենցից առավել եք դասում:

 

 -Գուցե կան երգիչներ, ովքեր կատարում են գործեր, որոնք իրենց դուր չեն գալիս, սակայն դա անում են ստվար զանգվածների գրավելու համար. թող մեծամտություն համարեն, բայց ես այդպիսին չեմ: Իսկ իրենցից առավել եմ, թե ոչ, իրենք պետք է որոշեն, բայց եթե այդ հարցն իրենց մոտ առաջացել է, ուրեմն մի բան կա:

-Գաղտնիք չէ, որ շոու-բիզնեսում ով ունի, այսպես ասած, օգնող ձեռք, ավելի հեշտ եւ արագ է առաջ շարժվում: Դուք նման աջակցություն ունե՞ք կամ դրա կարիքը զգու՞մ եք:

-Եթե խոսքը ֆինանսական աջակցության մասին է, ապա երբեւէ նման օգնություն չեմ ստացել: Ամեն ինչին հասել եմ իմ աշխատանքով, իմ «կոկորդով»: Սակայն օգնելուց բացի` չխանգարելն էլ կարեւոր է: Կան մարդիկ, ովքեր ինձ խանգարում են, տարբեր տեսակի խոչընդոտներ են ստեղծում ինձ համար: Ես կարող եմ հոգնել ինչ-որ բանի դեմ պայքարելուց, սակայն նրանք չեն հոգնում ինձ խանգարելուց:

 

-Այսինքն` խանգարողները շոու-բիզնեսի՞ց են, ինչպե՞ս են նրանք գործում:

-Ազդելու տարբեր ձեւեր կան, ես դրանց մասին չգիտեմ, բայց տեսել եմ դրանց արդյունքը: Սակայն չեմ կենտրոնանում նման բաների վրա, փորձում եմ շրջանցել: Պարտադիր չէ, որ խանգարողները շոու-բիզնեսից լինեն: Երգչի գործունեությունը հիմնականում կախված է ռադիոկայաններից ու հեռուստաընկերություններից: Այնտեղ էլ կարող են աշխատել մարդիկ, որոնցից, հանգամանքների բերումով, կախված են ինչ-ինչ բաներ…

 

-Իսկ երբեւէ գայթակղիչ առաջարկներ ստացե՞լ եք, թեկուզ` արտերկրից: -Հիմա վատ բան եմ ասելու: Տարիներ առաջ եղել է առաջարկ, եւ ես փոշմանել եմ, որ չեմ գնացել Հայաստանից, շատ-շատ եմ փոշմանել: Մի պրոդյուսեր ինձ առաջարկեց գործունեություն ծավալել Եվրոպայում, չգիտես ինչու` հիմարաբար մերժեցի…

 

 -Կարծում ենք` ընթերցողները կհաստատեն, որ Ձեր որոշումը ճիշտ է եղել, սակայն հետաքրքիր է` հայրենիքում մնալով` ստացվո՞ւմ է Ձեր ոլորտում ինչ-որ բան դեպի լավը փոխել:

 

-Ո՛չ, չի ստացվում: Եթե անկեղծ, ես ինձ ստեղծագործական առումով չռեալիզացված եմ զգում: Չեմ կարողանում անել այն, ինչին ունակ եմ. ֆինանսական հնարավորություն չկա:

 

-Ելք տեսնո՞ւմ եք, գուցե՞ ինչ-որ տեղ աշխատելով` լրացնե՞ք բացը:

 

 -Ո՛չ, օրինակ` ռեստորանում, ակումբում աշխատելով` հնարավոր չէ անգամ անորակ տեսահոլովակ թողարկել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին