▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե չլինեն հարսանիքներ ու տոնախմբություններ,մենք՝ երգիչներս,չենք կարող ապրել.Գոհար Հովհաննիսյան

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցը ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանն է:

-Գոհար, եթե չեմ սխալվում, պատրաստվում եք համերգային շրջագայության:

-Այո, մի քանի օրից Աղասի Իսպրյանի, Համլետ Գևորգյանի և Մավր Մկրտչյանի հետ կմեկնենք Կրասնոդար և Սոչի:

-Քանի որ դրսի հանդիսատեսի հետ շատ ավելի հաճախ եք շփվում, զգացե՞լ եք, արդյոքկարելի է ասել, որ ժողովրդական երգի պակասն, անհրաժեշտությունն այնտեղ ավելի մեծէ:

-Գիտեք, ժողովրդական երգը պետք է ամենուր լինի: Ճիշտ է, մենք Հայաստանում այսօր շատ լավ երգիչներ ունենք, բայց հավատացեք, այստեղ էլ կա ժողովրդական երգի պակաս, քանի որ համերգներ գրեթե չեն կազմակերպվում: Պետք է եթերաժամեր տրամադրվեն, որպեսզի ժողովրդական երգը շատ հնչի: Մենք այլ ազգերից տարբերվում ենք մեր մշակույթով, մեր արվեստով: Որքան էլ տարված լինենք էստրադայով կամ ռիթմիկ երաժշտությամբ, պետք է չմոռանանք, որ այն մերը չէ, թիթեռի կյանք ունի: Մենք շրջաններում երբեմն համերգներ ենք ունենում շատ չնչին գումարով, բայց սա այն դեպքն է, որ գումարը մեզ պետք է չհետաքրքիր: Մեզանից հետո եկող սերնդին պետք է փոխանցենք իսկական արվեստը:

-Դուք և Ձեր ընկերները՝ Գուրգեն Դաբաղյանը, Սևակ Ամրոյանը, Ռուբեն Սասունցին,Մավր Մկրտչյանը և շատերը բավական մեծ աշխատանք կատարեցիք այս գործում:Ընդամենը 10-15 տարի առաջ երիտասարդ սերնդից շատ քչերն էին երգում ժողովրդական երգեր, իսկ մենք այսօր արդեն երիտասարդների մի ամբողջ թիմ ունենք:

-Ասեմ, որ եթե շաբաթը մեկ համերգ ունենանք, մեր դահլիճները, միևնույն է լեփ-լեցուն կլինեն: Ամեն անգամ երիտասարդների սերը աճում է ժողովրդական երգարվեստի նկատմամբ: Ես իմ տեսակով, ճիշտ է, պահպանողական եմ, սակայն ժողովրդական երգը նորովի ենք ներկայացնում, իհարկե, չխախտելով ոչ մի կանոն: երգը պետք է կարողանաս քոնը դարձնել, որպեսզի դառնա քո ասելիքը: Համոզիչ պետք է երգել, երգերը պատմում են, խոսում, քարոզում: Իմ նպատակը երգին ծառայելն է:

-Իսկ մեր երգիչներից շատերին այսօր երգն է ծառայում՝ դառնալով ֆինանսի աղբյուր:

-Ես չեմ քննադատում նման մարդկանց: Ցավում եմ, բայց հիմա մենք ապրում ենք այն պայմաններում, որ եթե չլինեն կորպորատիվ միջոցառումներ, հարսանիքներ ու տոնախմբություններ, ապա մենք՝ երգիչներս, չենք կարող ապրել: Դա վստահորեն եմ ասում: Բայց ինձ համար սկզբունքը մեկն է. անաղարտ պահել հայկական երգը: Արվեստում ամեն մարդ տարբեր նպատակներ ունի. ինչ-որ մեկի համար կարևորը ճանաչում ձեռք բերելն է, մեկ ուրիշի համար շատ մեծ հաջողությունն ու փառքը… Ինձ համար կարևորն այն է, որ սիրված լինեմ, թեկուզ քիչ ճանաչում ունենամ, և որ իմ խոսքը տեղ հասնի: Մեզ մոտ այսօր մի քիչ խառնվել է ամեն ինչ. դերասանը երգում է, երգիչը վարում է: Ով ինչ հնարավորություն ունի, փորձում է անել, որ ճանաչում ձեռք բերի, գումար վաստակի:

-Իսկ դուք երգո՞ւմ եք կորպորատիվ միջոցառումների, հարսանիքների ժամանակ:

-Իհարկե: Հատկապես դրսից հաճախ եմ ունենում կորպորատիվ միջոցառումների ու հարսանիքների առաջարկ: Եթե նախկինում նախընտրում էին այլ երաժշտություն, այժմ մեծ է ցանկությունն իրենց միջոցառումներն անցկացնել ազգային երգի տրամադրությամբ: Իհարկե, ժողովրդական երգերին երբեմն նոր, գեղեցիկ էլեմենտներ ենք հաղորդում, բայց դա չի նշանակում, որ կարող ես այն վերցնել, աղավաղել, ձևափոխել, ինչ է, թե հարսանիքի պահանջ ունես: Այո, ես մասնակցում, երգում եմ հարսանիքների և դա ինձ համար հաճելի է: Երբեմն ասում են. «Վայ, հարսանիքների է երգում այս կամ այն երգիչը»: Իսկ ինչո՞ւ ոչ: Եթե դու երգիչ ես, ապա պետք է ուրախ լինես, որ մարդիկ իրենց ընտանեկան միջոցառմանը հրավիրում են, չէ՞ որ հարսանիքը սուրբ արարողություն է:

-Եթե մեր փոփ երգիչներն այսօր մտածում են հարսանիքի, կնունքի կամ ծնունդի մասիներգեր գրել, ապա մեր ժողովրդական գրեթե բոլոր երգերում այդ թեման արծարծվում է:

-Այո, մենք ունենք գեղջկական երգեր, որոնք ծիսական են: Ես մեր հարսանիքներին երգում եմ շատ հին երգեր: Մարդիկ մտածում են, թե մեր երգերը հիմնականում լալկան են, բայց հավատացեք, այսօր շատերի կողմից գրված հարսանեկան ռիթմիկ երգերը  մեր հին երգերի վատ օրինակն են:

-Ավելի շատ ո՞ւմ երգերն եք սիրում կատարել:

-Գիտեք, ամեն երգ չի, որ երգում եմ: Պետք է զգաս, երգը դարձնես քոնը, որ կարողանաս մատուցել: Ես շատ երգում եմ Ջիվանու երգերը, մեր այսօրվա աշուղների երգերը: Ունենք շատ լավ, հիանալի երիտասարդ հեղինակներ:

-Գոհար, Ձեր ամուսինը ևս երաժիշտ է, այո՞:

-Այո, դհոլահար է, հրաշալի երաժիշտ: Ի դեպ, ասեմ, որ իմ երգերի ընտրության հարցով հիմնականում նա է զբաղվում: Նա շատ է սիրում, երբ հի՜ն երգեր եմ երգում: Ինձ միշտ քննադատորեն է մոտենում, մանկավարժի պես: Հավանաբար, պատճառն այն է, որ մանկավարժ է նաև ու հաճախ որոշում է, որ ես իր 71-րդ աշակերտն եմ (ծիծաղում է):

-Իսկ ինչպե՞ս է վերաբերում Ձեր հաճախակի բացակայություններին,շրջագայություններին:

-Հիմնականում միասին ենք գնում, սակայն երկարատև բացակայել չի կարող: Բայց երբ իմ ընկերների՝ Աղասիի, Ռուբենի հետ եմ լինում, ավելի հանգիստ է լինում:Միշտ մտածում էի՝ ի՞նչ պետք է անեմ, եթե ամուսնանամ ու ընտրության առջև կանգնեմ: Երգարվեստը թողնել չէի ցանկանում: Ու կյանքն այնպես դասավորվեց, որ եթե մեկ ամիս համերգ չեմ ունենում, տեսահոլովակ չեմ նկարահանում, ամուսինս ինձ սթափեցնում է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին