▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշնանը, հավանաբար, կմտածենք նոր սիթքոմի մասին. «Տնփեսան» իսկապես հաջողվեց. Մկրտիչ Արզումանյան

Life.panorama.am-ը գրում է, որ սիրված դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը պատմել է «Տնփեսա»-ի ավարտի և առաջիկա ծրագրերի մասին:

Ավարտվում է «Տնփեսա» սիթքոմը,  հետաքրքիր է, ինչո՞ւ որոշվեց սահմանափակվել 4 եթերաշրջանով:

Յուրաքանչյուր նախագիծ ունի իր պահպանման ժամկետը, պետք է ունենաս ասելիք, եթե ասելիքը վերջանում է, պետք է ժամանակին կանգնեցնել նախագիծը, որպեսզի հետևանքները վտանգավոր չլինեն: Իմաստն ու այն նպատակները, որով սկսեցինք կյանքի կոչել այս սիթքոմը, արդեն արդարացված են: Կարծում եմ՝ յուրաքանչյուր լավ նախագիծ պետք է ճիշտ ժամանակին ավարտել, որպեսզի այն թողնի լավ հիշողություններ ու չձանձրացնի:

Կարծիքներ կան, թե «Տնփեսա»-ի  նկատմամբ հետաքրքրությունը պակասել է, Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս առումով:

Նախագծերը սկզբում ավելի մեծ ոգևորությամբ է ընդունվում, հետո ամենանորմալ ընթացքով մարդիկ սովորում են դրան ու իրենց կարծիքների արտահայտման հարցում ավելի զուսպ են լինում: Վստահ կարող եմ ասել, որ այս ընթացքում «Տնփեսա»-ն որակային անկում չի գրանցել, ու դա են վկայում մինչ օրս հեռուստադիտողի դրական արձագանքները: «Տնփեսա»-ն ունի իր հավատարիմ հանդիսատեսը, իսկ մենք էլ հավատարիմ ենք բարձր որակի գործեր ստեղծելու մեր սկզբունքներին, որի արդյունքում ունենք փոխադարձ մեծ սեր:

Դուք այս երկու տարում գրանցեցիք թիմային լավ աշխատանք: Առաջիկայում այս նույն թիմով նոր աշխատանքների սպասի՞ հեռուստադիտողը:

Ես շատ կցանկանամ, որ այս թիմով դարձյալ աշխատելու հնարավորություն ունենամ, բայց կոնկրետ դեռ նախագծեր չկան: Հիմա իսկապես տխուր եմ, որ ավարտվում է սիթքոմը, քանի որ ընկերացել ենք ու այս երկու տարվա ընթացքում անգամ ընդմիջումների ժամանակ սարսափելի կարոտում ենք միմյանց. ուզում ես անընդհատ զգաս այս շփումը:

Սիթքոմում Դուք կերտում էիք երկու կերպարներ: Հետքրքիր է՝ ինչպե՞ս հաջողվեց Ձեզ մեկ վայրում երկու կերպար մարմնավորել այնպես, որ դրանք սիրվեին և ընդունվեին յուրովի: Դժվարություններ լինո՞ւմ են արդյոք, էկրանից այս կողմ թվում է, թե Դուք այդ հարցում ոչ մի դժվարություն չունեք:

Եթե լուրջ ես վերաբերվում աշխատանքիդ, անպայման այդ խնդիրները լինում են: Ամեն նկարահանմանը ինձ թվում է, թե դա առաջին անգամն է: Ցանկացած կերպար ստեղծելիս ես շատ եմ անհանգստանում: Հիմա էլ կա մի նախագիծ, որտեղ դարձյալ մեծահարուստի դեր պետք է կերտեմ, ու ինձ համար գերխնդիր է, որ ներկայանամ այնպես, որ Կորյուն Անուշավանովիչին նման չլինի: Ես ամեն բեմ բարձրանալիս հուզվում եմ ու անհանգստանում, և կարծում եմ բոլորի մոտ էլ այդպես պետք է լինի, ով լրջորեն է մոտենում իր աշխատանքին: Յուրաքանչյուր կերպար կերտելիս պետք է անընդհատ մտածես, նոր մտքեր իրականացնես, որ երկար լինի այդ կերպարի կյանքը ու հեռուստադիտողի համար այն հարազատ դառնա, քանի որ հենց դա է կերպարի հաջողության գրավականը: Ես շարունակելու եմ այսպես գործել՝ չխնայելով ինձ:

Մկրտիչ, հնարավո՞ր է, որ մի օր Ձեզ տեսնենք դրամատիկ կերպարում:

Իհարկե, հնարավոր է և պետք է փորձել դա: Կարծում եմ, որ եթե դերասան ես, ուրեմն պետք է ունակ լինես ամեն դերեր խաղալու եւ զգալու: Ես սիրում եմ էքսպերիմենտներ և վերջին տարիների իմ աշխատանքները ցույց տվեցին, որ ես գնում եմ էքսպերիմենտենրի՝ աշխատելով առանձին, ուրիշ ռեժիսորների, ուրիշ դերասանների հետ: Ես պատրաստ եմ այդ ճանապարհը անցնելու: Թե դրամատիկական, թե երգիծական կերպարներ կերտելը չափազանց անկեղծություն է պահանջում, եթե մի փոքր անգամ շեղվես, անմիջապես՝ անգամ աչքերի արտահայտությունից կզգացվի:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին