▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնում եմ իմ անելիքն անելու, ակնկալիք չեմ ունենում որևէ մեկից. Հայկ Մխոյան

Օրերս ժողովրդական երգերի կատարող Հայկ Մխոյանը հաղթանակած վերադարձել է Բուլղարիայից` Վելիկո Տառնեվո քաղաքից, որտեղ մասնակցում  էր երկու միջազգային մրցույթների: Asekose.am-ի թղթակիցը այս առիթով զրուցել է երգչի հետ:

-Հայկ, կմանրամասնեք, թե ի՞նչ տեսակ  մրցույթների էիք մասնակցում:

-Մրցույթներն անցկացվել են մայիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում: Նախ մասնակցել եմ «Euro Folk 2015»-ին, որը համաշխարհային ճանաչում և հռչակ վայելող մրցույթ է, այն ֆոլկլոր ժանրի մեջ է:  Տվյալ  մրցույթին մասնակցում էին մոտ 60 պետություն: Իսկ երկրորդը «Ժամանակի ձայներ» անվանումով միջազգային մրցույթն էր, որի մասնակիցների թիվը 174 էր: Արդյունքում`  մրցույթներից վերադարձա  երկու ոսկե մեդալով և մեկ  «Գրան պրի»-ով: Շատ տպավորված եմ…

-Ի՞նչ երգերով եք հանդես եկել  այդ մրցույթներում:

-Ինձ համար ամենակարևորը, որ այնտեղ բացի Հայաստանը ներկայացնելուց նաև հանդես եկա Կոմիտասի երգերով:  Նախքան ելույթս էլ հայերենով ողջունեցի, թեև դա ձևաչափի խախտում է: Ես հայերենով ասացի, որ  ներկայացնելու եմ երգեր Կոմիտասի երգացանկից, նշեցի նաև թե ինչ է ասել Կոմիտասի մասին աշխարհահռչակ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին: Իմ խոսքը միաժամանակ  թարգմանվում էր բուլղարերենով:

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք խոսել Կոմիտասի մասին,  դա նախապես էիք ծրագրե՞լ:

-Մենք այսօր մեր մշակույթը` առավել ևս Կոմիտասին ներկայացնելու խնդիր ունենք:  Իհարկե, ես չեմ ասում, որ  միայն ես եմ դա անում, բայց  դա իսկապես քիչ է, ինչքան էլ անենք, միևնույն է,  քիչ է  Կոմիտասի համար: Այդ պատճառով էլ ցանկացած պատեհ և անպատեհ առիթ օգտագործում եմ:  Ես էլ իմ հերթին մրցույթի  ձևաչափը մի փոքր փոխեցի, խոսեցի, ինչն էլ արդյունքներ  ունեցավ, չէ՞ որ իմացան, թե ով է Կոմիտասը:

-Իսկ ինչպե՞ս ընդունեցին Ձեր կատարումները, արդյո՞ք ոչ հայ հանդիսատեսն էլ  հայերի պես հուզվում է Կոմիտաս լսելիս:

-Ապշել էի, մեծ հետաքրքրությամբ էին լսում, ինձ մոտ տպավորություն էր, որ հայերի համար եմ երգում, թեև պետք է խոստովանեմ, որ այդ պահին ես երգում էի  ինձ համար: Առաջին  օրն ակապելա երգել եմ Կոմիտասի  «Կռունկը», ի դեպ միակ մասնակիցն էի, ով այդ ձևով էր ներկացել: Նշեմ, որ այնուհետև կոմիտասյան այլ  երգեր եմ ներկայացրել:  Ի դեպ, «Դլե յաման»-ը կատարելուց առաջ նախ  խոսում էին երգի մասին, և ի ուրախություն մեզ` նրանք բեմից օգտագործեցին  «Ցեղասպանություն» բառը:  Պետք է նաև փաստեմ, որ բոլոր օրերին շրջում և ելույթ էի ունենում եռագույնով: Ինձ համար, առհասարակ, առաջնայինը ոչ թե մրցույթին մասնակցելն էր, այլ միջազգային բեմերում Կոմիտաս ներկայացնելն էր:

-Իսկ ի՞նչ են տալիս մրցույթները երգչին, չէ՞ որ սա  Ձեր առաջին մրցույթ չէ, որին մասնակցում եք.  նախորդ տարի   կրկին Բուլղարիայում կայացել էր «Ծով և հիշողություն» միջազգային մրցույթը, որտեղ  արժանացել էիք առաջին կարգի դափնեկրի կոչմանը:

-Նմանատիպ մրցույթները տալիս են նախ միջազգային ճանաչում,  շրջապատ ես ձեռք բերում, ի վերջո, նոր հրավերներ ես ստանում, բացի այդ  տարբեր բեմահարթակներից հայ մշակույթը ներկայացնելու հնարավորություն եմ ունենում: Ինձ համար առաջնայինն ազգայինը ներկայացնելն է: Փորձում եմ նաև  այդ երկրներում մրցույթներից բացի համերգներով հանդես գալ: Առհասարակ, իմ ստեղծագործական գործունեության ընթացքում 6 մենահամերգ եմ ունեցել, որոնցից չորսը դրսում է եղել` երեքը Ռուսաստանում, մեկը` Ուկրաինայում:

-Հայկ, մրցույթներին մասնակցելու համար որոշակի ֆինանսական միջոցներ են հարկավոր, ինչպե՞ս են  լուծվում այդ տեսակ խնդիրները, որևէ մեկը  Ձեզ աջակցո՞ւմ է;

-Ֆինանսական կողմը շատ կարևոր է բոլոր մասնակիցների համար: Ինքս դիմել եմ  նախարարություններին և այլ կազմակերպությունների, սակայն մերժում եմ ստացել, որովհետև իրենք ազգայինը  ներկայացնելու համար հատկացված  գումար չունեն:  Այս վերջին մրցույթների համար, թեև որևէ մեկին չեմ դիմել, իմաստ չգտա, որովհետև նույն պատկերն էր լինելու, նամակ էին ուղարկելու, որում ասվելու էր, որ իրենք շնորհակալ են, որ դիմել եմ, սակայն գումար  չունեն: Ի վերջո, ամեն ինչ իմ ուժերով եմ անում:

-Դուք արդեն մի քանի անգամ է, ինչ մրցույթներից վերադառնում եք հաղթանակով, սակայն այդ մասին քչերն են իմանում, սա  Ձեզ համար  վիրավորական չէ՞:

-Վիրավորական ասվածը մի փոքր հարաբերական է… Ամեն դեպքում գնում եմ իմ անելիքն անելու, ակնկալիք չեմ ունենում որևէ մեկից, եթե նկատում են, իհարկե, գովելի է: Ընդհանուր առմամբ ինքս եմ փորձում հանրությանն իրազեկել կատարված աշխատանքների մասին:

-Իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվում այստեղի շուկայի համար:

-Հայաստանում համագործակցել եմ մի քանի խմբերի  հետ և պատրաստակամ եմ շարունակել այդ աշխատանքները: Ժամանակին հաճախ այցելում էի Արցախ և ելույթ էի ունենում զորամասերում, ինչը պատրաստվում եմ կրկնել: Ծրագրել եմ մոտ 10 համերգ Հայաստանում, ինչպես մարզերում, այնպես էլ զորամասերում, ինձ համար տարբերություն չկա, թե որտեղ` անհրաժեշտության դեպքում սահմանամերձ գոտում էլ եմ ելույթ ունենում: Փորձում եմ ելույթ ունենալ ծերանոցներում, մանկատներում, հրավերների դեպքում նաև բացօթյա համերգների եմ մասնակցում:

 Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին