▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբեք ընկեր չեմ ունեցել». Դիանա Մալենկո

BlogNews.am-ը գրում է. Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն միշտ աչքի է ընկնում իր տարբեր կերպարներով։ BlogNews.am-ի օբյեկտիվում հայտնվել է թե՛ սեքսուալ ու գրավիչ, թե՛ պարզ ու խենթ Դիանան:) Դերասանուհին շատ ոգևորված էր այս ֆոտոշարքով. «Իմ կերպարից դուրս ոչինչ չենք արել։ Իմ մեջ կա և՛ սեքսուալ, գրավիչ կինը, և՛ պարզ ու «crazy» աղջնակ։ Շատ տպավորված եմ, որովհետև վաղուց այսքան հավես ֆոտոշարք չէի ունեցել»։ Հաղորդավարուհու հետ նաև շատ անկեղծ զրույց ենք ունեցել։


-Հարցազրույցներիցդ մեկում ասել ես, որ փոքր տարիքում քեզ գեղեցիկ չես համարել։ Դրանից կոմպլեքսավորվո՞ւմ էիր։

-Շատ փոքր տարիքում չէի գիտակցում, որ գեշ եմ, երբ եկավ գիտակցման տարիքը, շատ կոմպլեքսներ ունեի, կոմպլեքսավորվում էի նույնիսկ ազգանունիցս, որովհետև դասարանում բոլորը «յան» էին ես՝ «կո»։ Հետո հասկացա դրա կայֆը:) Այդ տարիքում դու չես ցանկանում տարբերվել։ Փոքր տարիքում կոմպլեքսավորվում էի նաև հագուստիցս, որովհետև դասարանում ունեինք երեխաներ, ովքեր ավելի  ապահովված էին, թիթիզ էին հագնվում։

-Իսկ արտաքինի հետ կապված քեզ համար կոմպլեքս ստեղծե՞լ էիր։

-Չէ։ Առաջին դասարանում «վինետկայի» համար նկարվելուց հետո մեր դասղեկն առանձնացրեց իմ նկարն ու ցույց տվեց ամբողջ դասարանին՝ որպես շատ գեղեցիկ նկար։ Այդտեղից իմ մեջ ինքնավստահություն առաջացավ։ Ես դասարանում շատերին էի ինձնից գեղեցիկ համարում, սակայն այդ փոքրիկ պահն իմ կյանքում շատ մեծ նշանակություն ունեցավ։

-Մյուս կոմպեքսների՞ց էլ ազատվեցիր։

-Այդ ամենից ազատվեցի 5-րդ դասարանում, երբ եկա այն գիտակցման, որ հագուստը, ապահովված լինել-չլինելն այդքան էլ կարևոր չեն։ Կարևոր է՝ շրջապատում դեր ունե՞ս, թե՝ չէ, տեսակով մոխրագո՞ւյն ես, թե՞ գունավոր, իսկ ես միշտ շրջապատի հոգին եմ եղել։ Այդ տարիքից սկսեցի կարևորել տեսակը։

-Նշեցիր, որ դասարանում շատերին էիր քեզնից գեղեցիկ համարում, հիմա է՞լ ես համեմատվում մյուսների հետ։

-Իմ երջանկության բանաձևն այն է, որ չեմ համեմատվում։ Տեսնում եմ ուրիշների հաջողությունը, անհաջողությունը, հարստությունը, աղքատությունը, տեսնում եմ շատ մանրուքներ, բայց չեմ համեմատվում։ Գուցե կուռք ունենամ, փորձեմ նմանվել, բայց չեմ համեմատվում։ Այնքան մեծամիտ չեմ, որ ասեմ՝ ավելի լավն եմ, բայց ինքնագնահատականի խնդիր էլ չունեմ, որ ասեմ՝ ինչ-որ մեկն ավելի լավն է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք ծնվելու պահից տարբեր է։

-Փաստորեն, ինքդ քեզ հետ ներդաշակություն ես ձեռք բերել։

-Հա։ Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկին հարցրեցի՝ երջանի՞կ ես, ասաց՝ արի խորանանք՝ ինչ է երջակությունը, ասացի՝ ինձ համար սերն է, երբ սիրտդ լիքն է սիրով, ամեն ինչի մեջ դրականն ես տեսնում, սերը գարուն է, ծաղկունք, լույս, արև, պայծառություն, այս աշխարհում տիրում է սերը, և մարդը լիակատար երջանիկ է, երբ սիրում է ու սիրված է։ Ասաց՝ չէ, կարևորը՝ ինքդ քեզ հետ ներդաշնակ լինես։ Ես խորացա ու հասկացա, որ ինքն ավելի ճիշտ է։

-Հիմա սիրահարվա՞ծ ես։

-Ցավոք չէ, բայց ես միշտ սիրահարված եմ կյանքին։ Հուսով եմ՝ միշտ էդպես կլինի։

-Սիրե՞լ ես։

-Այո, շատ ուժեղ։

-Բաժանվե՞լ ես։

-Միասին չենք էլ եղել։

-Ինչո՞ւ։

-Ժամանակին չէի գնահատում պահը որսալու կարևորությունը, «ճշտեր»-ով էի առաջնորդվում։ Մինչև վերջին մի քանի ամիսն ավելի շատ կարևորում էի բանականությունը, հետո հասկացա, որ պետք է զգալ։ Պետք չէ քո զգացողությունները ոտնակոխ անել, որովհետև երբ հասնես կյանքիդ մայրամուտին, հաստատ հիշելու ես այն, ինչ զգացել ես։

-Ո՞վ կամ ինչը փոխեց քո տեսակետդ։

-Աշխարհում ոչինչ և ոչ ոք չի կարող փոխել քեզ։

-Բայց կարող է ազդել, որ վերանայես քո տեսակետը։

-Այո, կարող են ներազդել, բայց դու ես ընտրում՝ ինչ անել։ Եղել են մարդիկ, ովքեր ներազդել են ինձ վրա, բայց ավելի շատ կարդացածս գրքերն ու դիտածս ֆիլմերն են ազդեցություն թողել։ Ես փորձում եմ վայելել կյանքի ամեն մի պահը։

-Փոշմանե՞լ ես, որ միասին չեք եղել։

-Չէ, երևի ճիշտը դա էր։ Կար ժամանակ, մի տղայի էի հավանում, երևի թե սիրում էի։ Անդադար հանդիպում էի փնտրում իր հետ, բայց չէր ստացվում։ Տարիներ անցան, մենք հանդիպեցինք ու լավ ընկերներ դարձանք, և հասկացա, թե ինչքան ճիշտ էր, որ այն ժամանակ չէինք հանդիպել, որովհետև այլևս չէինք ունենա այն լավ ընկերությունը, որ հիմա ունենք։

-Հաճա՞խ ես սիրահարվում։

-Հաճախ հրապուրվում եմ, սիրահարվում եմ հազարից մեկ, բայց երկար։ Սիրելու մասին էլ չեմ խոսում։

-Նոր հարաբերություն դժվա՞ր ես սկսում։

-Շատ։ Քանի որ իմ անձնական կյանքում հարաբերություններ, որպես այդպիսին, չեմ ունեցել։ Գուցե մի անգամ եղել է, որ մի թեթև շփվել եմ, բայց բոյֆրենդ, ընկեր, որպես այդպիսին, երբեք չեմ ունեցել։ Հիմա երևի վախենում եմ հարաբերություններ սկսել։ Քիչ առաջ ասացի, որ սիրել եմ, երևի նույն վախի պատճառով չփորձեցի ներդրում ունենալ այդ հարաբերություններում։

-Սխալվելո՞ւ վախն է։

-Չէ։ Ես համարձակ եմ, անվախ, բայց հարաբերություններ սկսելուց վախենում եմ, չեմ կարող ասել՝ ինչու։ Գուցե մինչ այս այդքան էլ չեմ կարևորել զգացմունքները, դրանից է։ Տասը տարուց գուցե ծիծաղեմ այս հարցազրույցիս համար, բայց հիմա այդպես է։

-Երջանի՞կ ես։

-Հա, իհարկե, բոլորիս կյանքում էլ լինում են վատ իրավիճակներ, դժբախտություն, բայց ես տեսակով բաց եմ, ամենակարևորը՝ չար չեմ, անկախ ամենից չեմ չարանում։ Դրա համար էլ երջանիկ եմ։

-Քեզ համար բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ դատարկ։

-Միշտ լիքն է։ Իհարկե, յուրաքանչյուրս մի քիչ էլ դատարկ ենք, բայց քեզանից է կախված, թե ինչքանով կփորձես լցնել բաժակդ։ Կյանքիս բաժակս միշտ լիքն է։

-Մինչև վերջերս բավականին պասիվ էիր ֆեյսբուքում, հետո միանգամից ակտիվացար, սկսեցիր խոսել քեզ հուզող թեմաների մասին։ Ի՞նչը ստիպեց դիմել ինքնաարտահայտման այդ միջոցին։

-Հասկացա, որ դա գործիք է, որով կարող ես մտքի «մեսիջներ» ուղարկել մարդկանց, խոսել քեզ հուզող հարցերի մասին։ Ես իմ կյանքում ուշադրության պակաս չունեմ, բայց հիմա միտքդ լսելի դարձնելու սղություն կա. մարդիկ անընդհատ կոմպլիմենտներ են անում քեզ, բայց չեն լսում։ Նրանց միտքն այնքան զբաղված է, այնքան էգոցենտրիկ են դարձել, որ իրենց «է»-ի մեջ ինչ-որ մեկի համար տեղ չեն թողել։ Երբ գտնում ես ինչ-որ մեկին, ով կարող է լսել քեզ, պետք է ուղղակի բռնես նրան ու բաց չթողնես։ Հիմա ֆեյսբուքում արտահայտվում եմ, որ մտքերս լսելի լինեն։

Առհասարակ, ես լսելի եմ, բայց իմ ներքին մտքերը քիչ մարդ է լսում։ Դա միայն իմ խնդիրը չէ, դա 21-րդ դարի գրեթե բոլոր մարդկանց խնդիրն է։ Մարդիկ ուշադիր քեզ են նայում, բայց հայացքում տեսնում ես, որ մտքով տուն է գնում կամ հաց է ուտում։ Ավելի լավ է անկեղծ  ասես՝ հիմա սոված եմ, 1 ժամից կարող եմ քեզ լսել, քան դատարկ հայացքով լսես։ Չէ՞ որ եթե ես քեզ հետ խոսում եմ, ուրեմն կարևորում եմ կարծիքդ։ Միգուցե մարդիկ կարդան ու ասեն՝ չէ, ինձ լսում են, բայց եթե խորանան՝ քանի՞ մտերիմ մարդ ունեն, և քանի՞սն է իրենց լսում, քանի՞սն է ուզում լսել, և լսելուց քանի՞սն է հասկանում, կհասկանան, որ խոսքը հաշված մարդկանց մասին է։

Մարդիկ նայում են իմ եթերները, նկարները, ոմանք ասում են՝ հետաքրքիր է, ոմանք ասում են՝ ուղղակի սիրուն է ու վերջ, բայց ինչ-որ մեկն ինձ ճանաչո՞ւմ է որպես մարդ։ Ինչ-որ մեկն ինձ լսե՞լ է։ Ես շնորհակալ եմ, երբ մարդիկ ասում են, որ գեղեցիկ եմ, բայց դա ինձ չի շոյում, ավելի լավ է՝ լսեք ինձ։

-Իսկ դու կարողանո՞ւմ ես լսել։

-Ես ավելի շատ սիրում եմ խոսել։) Բոլոր գիտեն, որ եթե բերանս կողպվում է, ուրեմն ես դեպրեսիայի մեջ եմ, սակայն երբ նկատում եմ, որ մարդն ուզում է կիսվել ինձ հետ, լռում եմ ու լսում։ Նույնիսկ խորհուրդներս վերջում եմ տալիս, որպեսզի չընդհատեմ նրան։ Գուցե ոչ միշտ է ստացվում, գուցե ես էլ եմ էգոցենտրիկ, բայց փորձում եմ դա ուղղել իմ մեջ։

-Ներդաշնա՞կ ես հասարակության, արտաքին աշխարհի հետ, թե՞ ապրում ես քո աշխարհում։

-Մինչև 16-17 տարեկան փորձում էի ոտք դնել հասարակության աշխարհ ու ապրել իր կանոններով։ Այդ տարիքում ես ներդաշնակ էի հասարակության ու արտաքին աշխարհի հետ։ Երբ մի քիչ մեծացա, զգացի կոնֆլիկտ հասարակության հետ, այն ներդաշնակ չէր իմ բնության հետ։ Մի տարի մեծ դեպրեսիայի մեջ էի, մտածում էի ТV-ից դուրս գալու մասին, 2 անգամ գնացել եմ, որ դիմում գրեմ, տնօրենս տեղում չի եղել։ Երևի էդպես էր պետք։ Հետո հասկացա, որ ավելի ճիշտ է քո աշխարհն ու բնությունը տանել հասարակական կյանք, այդպես դու ավելի հետաքրքիր ես, որովհետև յուրօրինակ ես։ Այդպես դու դառնում ես ներդաշնակ քեզ հետ, ու մեկը մյուսին չի խանգարում։

 

-Քո՝ հեռուստատեսությունում հայտնվելու հետ կապված տարբեր պատմություններ են հյուսվում։ Դրանցից սրտնեղո՞ւմ ես։

-Փառք Աստծո, ես ամենամեղմ քննադատված մարդկանցից եմ։ Մարդիկ ասում էին՝ իմ պապան դեպուտատ է, բիզնեսմեն, իմ պապան հասարակ վարորդ է ու ամբողջ կյանքում եղել է հասարակ վարորդ, իսկ մամաս հասարակ մոնտաժ անող էր, հիմա նույնիսկ չի աշխատում։ Ամեն ինչ հնարավոր է, ուղղակի քո տեսակից ու նպատակներից է կախված։ Երբ նոր էի մտնում այս ասպարեզ, շատ էին ասում, թե անհնար է շոու բիզնեսում առաջ գնալ՝ չդառնալով ինչ-որ մեկի սիրուհին, կինը։ Ես այսօր բարձր ճակատով կարող եմ ասել՝ ոչ, հնարավոր է։

Կողքից հաճախ լսում եմ կարծիք՝ հեշտ է խոսում, իրեն հեշտ է տրվել։ Դրան ի պատասխան՝ միշտ ասում եմ, որ ինձանից շատ ավելի սիրուն ու  խելացի աղջիկներ են եկել հեռուստատեսություն, բայց դու քո ոլորտում մնում ես քո անկեղծ աշխատանքի, աշխատասիրության և տեսակի շնորհիվ։ Ես չեմ ասում, թե վերջն եմ, չէ, այս ոլորտում դեռ սկսնակ եմ, բայց ես ուզում եմ աճել և աշխատում եմ այդ ուղղությամբ։

-Ստեղծագործ մարդու տպավորություն ես թողնում։ Ստեղծագործո՞ւմ ես։

-Այո։

-Ո՞վ է քո ընթերցողը։

-Հիմնականում՝ ես, ֆեյսբուքում արտահայտվելու դեպքում՝ բոլորը։ Ես սիրում եմ գրել ոչ թե իմ, այլ ինձ ոգեշնչող մարդկանց մասին։ Ընկերներիցս մեկի ծնունդին գրքույկ էի նվիրել, որտեղ գրել էի իր մասին։ Ամբողջ գիշեր մտածում ու գրում էի, դա կյանքիս լավագույն գիշերներից մեկն էր, որովհետև նախ՝ դու դուրս ես գալիս քո «ես»-ից, մտածում ես ուրիշի մասին, անկեղծ արտահայտվում ես, ու մի բան էլ՝ դա լավ է ստացվում։) Սակայն ավելի շատ ստեղծագործում եմ արտահայտվելու համար ու պահում եմ ինձ համար։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին