▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ ունենալով ընտանիք՝ գտնել իմ իսկական երջանկությունը. Նազենի Հովհաննիսյան

Blognews.am-ը գրում է. Նրան սիրում են, քննարկում ու քննադատում, սակայն մի բան հստակ է՝ նրա կողքով անտարբեր չեն անցնում։ Նա Հայաստանի ամենապահանջված դերասանուհիներից է ու էկրաններին ամենահաճախը երևացող հաղորդավարուհին, սակայն նրանից չեն հոգնում։ Նազենի Հովհաննիսյանը միշտ գիտի՝ ինչպես ներկայանալ։ Հետաքրքիր ու անկեղծ զրույց ենք ունեցել հաղորդավարուհու հետ։

- Նազենի, վերջերս նկարահանվել եք ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում, ի՞նչ կերպարով եք ներկայանալու այս անգամ:

- Ֆիլմը կոչվում է «Հաջողակները». այն հայ-ամերիկյան պրոդյուսերական համատեղ աշխատանք է։ Եվ ես հուսով եմ, որ այն իսկապես կդառնա ամենահաջողակ նախագիծը այս ֆիլմի բոլոր մասնակիցների համար՝ Մհեր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես են իրար անծանոթ, տարբեր ազգություն ու ճակատագրեր ունեցող մարդիկ հանդիպում իրենց ճակատագրերի խաչմերուկում։ Ես խաղում եմ հայ 40-ամյա կնոջ դեր, ով ունի ընտանիք, որդի, սիրելի ամուսին, բայց vերջինս հայտնվել է կյանքի այնպիսի էտապում, երբ անընդհատ կոմպրոմիսների է գնում։ Կինը չի ուզում կորցնել իր իրական սերը, այն ամուսնուն, ով  ժամանակին եղել է ուժեղ՝ իր որոշումներով, իր կամային հատկություններով, նաև կոմպրոմիսների չգնալու իր սկզբունքայնությամբ` լինեն դրանք աշխատանքային, քաղաքական, թե քաղաքացիական հարցեր։

Ուժեղ իր կնոջ կերպար է՝ չափով ցինիկ, որոշակի առումով հուզական ու կարևորը՝ հումորով։ Ամենահաճելի պահն այն է, որ իմ հերոսուհին երկու կյանքով է ներկայանում ֆիլմում՝ նրա ներկայությունը ոչ միայն վիզուալ է, այլև ձայնային։ Այս կնոջ կերպարի ձայնն ասես ունի առանձին պատմություն, ապրած կյանք, դատողություն, և շատ ավելի անկեղծ է ինքն իր հետ։ Ֆիլմի ընթացքում կադրից դուրս անընդհատ լսվող ձայնն առանձին կերպար է ու շատ կարևոր հավասարակշռություն է տալիս ու ամբողջացնում պատմությունը։

Մհեր Մկրտչյանի հետ թեև երկրորդ անգամ եմ աշխատում, ամեն պահի հայտնաբերում եմ նոր ու մոգական աշխարհ՝ կինոն անսպառ է։ Նրա կինոն՝ բացառիկ ու բազմաշերտ։ Իսկ նա՝ որպես ռեժիսոր, լավագույնս բացում, հայտաբերում է դերասանի մեջ այն լավագույնը, որի մասին գուցե հենց ինքը՝ դերասանն անգամ չէր էլ կասկածում։ Օրինակ այս Ֆիլմում խաղընկերներիս հետ էլի էի աշխատել, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այստեղ նրանցից յուրաքանչյուրը ներկայանում է իրեն ոչ բնորոշ կարգավիճակով։ Օրինակ՝ Մկրտիչ Արզումանյանին բոլորս սովոր ենք տեսնել կատակերգական դերերում, այստեղ նա դրամատիկական դեր է խաղում, թեև կրկին կարող է հայտնվել հումորային իրավիճակներում։ Դա ինձ համար շատ հաճելի է ոչ միայն որպես հեռուստադիտող, այլև գործընկեր, որովհետև ես տեսա լրիվ ուրիշ Մկրտիչ Արզումանյանի։

- Այդ ֆիլմում Ձեր երիտասարդ տարիքի հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն։ Առաջին հայացքից նրա հետ նմանություն չունեք։ Ո՞րն է այն «իզյումինկան», որի վրա դրել եք շեշտը, որովհետև հանդիսատեսը պետք է հավատա, որ այս աղջիկը մեծացավ, դարձավ այսպիսին։ 

- Ես էլ եմ կարծում, որ առաջին հայացքից մենք նման չենք։ Դիանան ունի դեռատի մի պարզություն իր աչքերի մեջ, և գուցե հենց դա էր կարևորագույնը, ցույց տալու համար նույն կնոջ երկու տարբեր ճակատագրեր, սիրելու տարբեր, միևնույն ժամանակ, նման  կերպն ու ժամանակի անխիղճ ազդեցությունը բոլորիս վրա։  Ես անչափ ուրախ եմ, որ Մհեր Մկրտչյանը Դիանային է ընտրել, որովհետև նա երիտասարդ սերնդի ամենափայլուն ու վառ ներկայացուցիչներից է։ Վստահ եմ, որ դեռ շատ ենք լսելու նրա անունը։ Պատասխանատու ռեժիսորի ձեռքերում հայտնվելը մեծ շանս է։

- Նրա մասին հաճախ ասում են՝ «ապագա Նազենի Հովհաննիսյան»։ 

- Ես շատ ավելի հետաքրքիր ճակատագիր եմ մաղթում Դիանային։) Վստահ եմ՝ այդպես էլ կլինի։ Նոր ժամանակները շատ ավելի լայն հնարավորություններ են տալիս։ Դիանան  20 տարեկանում ունի հավասար պայմաններ՝ հասնելու այն ամենին, ինչին ես դեռ փորձում եմ հասնել 33 տարեկանում, և սա շատ լավ առիթ է, որ նա կոտրի պատնեշներն ու գնա առաջ։ Դիանան ստեղծել է շատ խորը, զգացմունքային և տպավորիչ կերպար այս ֆիլմում, և մեր արտաքին տարբերությունները, թերևս, առանձնահատուկ կերպով ընդգծում են հենց ռեժիսորի մտահղացումը՝ ընդգծել կյանքի թողած հետքը՝ մարդու ճակատագրում ու աչքերում՝ 20 տարի անց։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին