▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Աստծո խոսքն էինք կարդում,նա մայրիկի որովայնում արձագանքում էր.Արմո

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է երգիչ Արմոն, ով բոլորովին վերջերս հայր է դարձել: Մեզ հետ զրույցում երգիչը պատմեց դստեր նկատմամբ անբացատրելի սիրո, խնամքի, որպես ծնող նրան դաստիարակելու իր գաղափարների և առաջիկա ծրագրերի մասին:

-Արմո, գրեթե երկու ամիս է, ինչ դուք և Ձեր կինը վայելում եք աշխարհի ամենակարևոր բերկրանքը՝ ծնողի կարգավիճակը: Կխնդրեի մի փոքր պատմել Ձեր զգացողությունների մասին:

-Հրաշալի զգացողություններ են, գիտակցում ես, որ այլևս նույնը չես, որ կա մեկն, ով քեզ «հայրիկ» է կոչելու և ում համար դու ամբողջ կյանքի ընթացքում պատասխանատու ես լինելու:

 -Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում նրա ծնունդից հետո: Արդյոք պատասխանատվության զգացումը մեծացել է ձեր մեջ:

-Իհարկե, մեծացել է պատասխանատվության զգացումը, քանի որ, եթե Աստված արժանացրել է մեզ այդ մեծ պարգևին, մենք էլ պարտավոր ենք նրան Տիրոջ Փառքի համար մեծացնել՝ սերմանելով նրա մեջ Աստծո խոսքը, հավատքն ու սերի դեպի մեր միակ Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

-Ինչպիսի՞ն է փոքրիկ Լեան, ո՞ւմ է նման:

-Աղջիկս շատ խելացի բալիկ է, անչափ հետաքրքրասեր: Ծնված օրվանից առողջ հայացք ունի, ամեն ինչ սիրում է ուսումնասիրել և ոչինչ չի վրիպում նրա աչքից: Շուտով երկու ամսական կլինի, բայց արդեն իր բնավորությունն ունի: Շատ է սիրում, երբ իր հետ խոսում են, միշտ ուշադիր նայում է, արդեն աչքերով արձագանքում է ու ժպտում. կարելի է նրան ժամերով նայել ու չհոգնել: Բոլորին մի քիչ-մի քիչ նմանեցնում եմ, բայց մարդիկ հիմնականում ինձ են նմանեցնում, ինչի համար կինս է շատ ուրախանում՝ միշտ ասելով, որ ինձ այնքան շատ է սիրում, որ աղջիկս ինձ նման է ծնվել:

Բալիկի խնամքով արդեն հասկանալի է, որ դուք էլ եք շատ զբաղվում՝ օգնելով կնոջը: Իսկ արդյոք հեշտ է նրա խնամքը կազմակերպելը:

-Ամեն ինչ հեշտանում է, երբ սիրով ես անում: Կնոջս հետ միշտ դա ենք ասում՝ ինչպե՞ս կարելի է ամբողջ օրը նույն գործողությունն անել և չհոգնել: Դա է Տիրոջ պարգևած ծողական սերը, եռանդն ու հոգատարությունը, որն ամեն օր նորոգվում ու նորոգվում է:

-Շատերը ասում են՝ երեխաներին դաստիարակում են ծնված օրվանից, դուք կիսու՞մ եք այդ կարծիքը, և առհասարակ ի՞նչն եք առաջնային համարում նրա դաստիարակության հարցում:

 -Ես կասեի շատերն արդեն ուշացել են: Երեխային դաստիարակում են ոչ թե ծնված օրվանից, այլ մոր որովայնից սկսած: Մենք մեր երեխայի հետ շատ ենք խոսել, երբ նա դեռ իր մայրիկի որովայնում էր: Այն ժամանակվանից սկսած երգել եմ նրա համար, հիմնականում հոգևոր երգեր և ամենաուրախալին այն էր, որ նա անմիջապես արձագանքում էր, սկսում էր շարժվել, երբ Աստծո խոսքն էինք կարդում: Փոքրիկիս դաստիարակության հարցում կարևորում եմ Աստվածաշնչյան արժեքները, քանի որ նրանց մեջ է ամեն ինչ ամփոփվում: Եթե երեխան իրապես հասկանա Տիրոջ խոսքը, նա կճանաչի մարդուն առհասարակ և կբացվի նրա մեջ իր բնությունը, որը ներառում է իր մեջ այն գծերը, որ պետք է զարգացնել և այն հատկությունները, որոնցից պետք է հրաժարվել: Նա կճանաչի իր Արարչին և կցանկանա անհատապես հանդիպել Նրան, իսկ դրանից այն կողմ, ինձ թվում է, ավելի կարևոր բան չկա մարդու համար: Դաստիարակել չի նշանակում առավոտից երեկո միայն խոսքով սովորեցնել և խրատել, դաստիրակությունը նախ գալիս է ծնողների վարմունքից, նա կսովորի և կընդօրինակի այն, ինչ տեսնում է, հետևաբար շատ կարևոր է նաև միաջավայրը, որտեղ երեխան մեծանում է:

-Նախատեսել էիք մայիսին վերադառնալ Հայաստան, բայց կարծես միայն դուք եք դեռ Հայաստանում, ինչո՞ւ:

- Մի քանի օր առաջ վերադարձա հայրենիք որոշ գործերի պատճառով, իսկ կինս և երեխաս դեռ Ֆրանսիայում են: Մի քանի շաբաթից նորից կմեկնեմ և Տիրոջ կամքով բոլորս միասին կվերադառնանք Հայաստան:

-Բալիկի ծնունդից հետո դուք կարծես գործնականում հարաբերական դադարում եք գտնվում, հետաքրքիր է՝ առաջիկայում, ե՞րբ են նորություններ սպասվում աշխատանքում:

-Նոր երգեր ունեմ, բայց դրանք դեռ աշխատանքային փուլում են: Հստակ չգիտեմ, երբ, բայց հուսամ շուտով կներկայացնեմ դրանք հանրությանը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին