▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան չինովնիկներ, ովքեր կարող են սգից բիզնես սարքել. անմոռուկի հեղինակ Վարդան Զադոյանին դուր չի եկել անմոռուկի բիզնեսը

BlogNews.am-ը գրում է, որ քչերը գիտեն, որ Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշի՝ անմոռուկի գաղափարի հեղինակը երգահան Վարդան Զադոյանն է։ 

Վարդան, ինչո՞ւ հենց անմոռուկ, ինչպե՞ս ծնվեց գաղափարը։

Երբ լսեցի, որ Ցեղասպանության 100-ամյակի համար լոգոտիպի մրցույթ է անցկացվում, մտածում էի՝ ինչ սիմվոլ կարելի է վերցնել, որպեսզի չմոռացվի։ Մտածեցի՝ ինչ լավ կլիներ՝ «Незабудка» լիներ, ափսոս հայերենով այդպես չի հնչում, պարզվեց՝ հենց այդպես է հնչում, և որոշեցի ներկայացնել անմոռուկը։

Քննարկվեց, որ խորհրդանիշը վերցրել եք այլ տեղերից։

Այն, ինչ մեզ տվել է բնությունը, ապրաքանիշի գրանցում չունի, և ես կարող եմ օգտագործել դա։ Այսօր գոյություն ունի 66 ընկերություն, որ օգտագործում է անմոռուկը, բայց դա չի նշանակում, որ այլևս ոչ ոք իրավունք չունի օգտագործել անմոռուկը։

Անմոռուկը սկսեցին կիրառել ամենուր՝ մանիկյուրից մինչև փուչիկներ։ Դրա սխալ գործածությունը Ձեզ չէ՞ր նյարդայնացնում։

Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Եթե նման բան կա, իհարկե, լավ չէ։  Ստացվում է, որ մենք Ցեղասպանության 100-ամյակից տոն ենք սարքում։ Ես դրանում չեմ մեղադրում գնորդին, որովհետև այս դեպքում նա այնքան մեղավոր չէ, որքան վաճառողը։ Այսօր մեր պետությունում այնքան բաներ են կատարվում, որոնք չպիտի կատարվեն։

Ըստ Ձեզ՝ PR-ը ճի՞շտ արվեց։

Ես Մոսկվայում էի և չեմ հետևել PR-ին։ Վիզուալ PR-ն ինձ դուր եկավ, ես օդանավակայանում տեսա, որ ներկայացված էր՝ ինչ է նշանակում յուրաքանչյուր տարրը, ինչպես են կրում անմոռուկը և այլն։ Դա արված էր այն մարդկանց համար, ովքեր ժամանում էին Հայաստան։ Երբ ես անմոռուկի գաղափարի, ներկայացման մասին հարցնում եմ մարդկանց, ովքեր այդ փուլում էին եկել Հայաստան, նրանք շատ գոհ են, իսկ մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, դժգոհ են։ Քանի որ հայերս օտարամոլություն ունենք և ամեն բան ավելի լավ անում ենք ուրիշների, քան մեզ համար, այս դեպքում էլ այդպես եղավ։ Յուրաքանչյուր արտասահմանցի, սփյուռքահայ, որ գալիս էր Հայաստան, նրան տալիս էին անմոռուկ, բուկլետներ։ Այլ հարց է, թե ինչպես ենք վերաբերում երևանցիներին, գյուղաբնակներին, պարզ է, որ նրանց կարծիքը պետք է անտեսվեր, որովհետև մեզ մոտ այդպես է ընդունված։

Անմոռուկը մեյնսթրիմ էր մինչև ապրիլի 24-ը։ Ինչպիսի՞ն եք տեսնում «Անմոռուկի»ապագան ապրիլի 24-ից հետո։ Ի՞նչ կլինի այս խորհրդանիշի հետ, օրինակ, մեկ տարուց։

Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի անոռուկի հետ 1 տարի հետո, ինձ ավելի շատ հետաքրքիր է՝ ինչ կլինի ժողովրդի հետ։ Անմոռուկը սիմվոլ է, որը, չգիտեմ, կապրի, թե՝ ոչ։ Մենք չպետք է ծաղիկ ամրացնենք մեր ժողովրդի վրա, որ դրանով ցույց տանք մեր հայությունը։ Անմոռուկի ապագան կախված է մեր ժողովրդից, չի կարելի ծաղիկ կպցնել մի մարդու վրա, ով սոված է։

Անմոռուկը ստեղծելուց չէի ցանկանում այն վերագրել միայն հայ ժողովրդին, լավ կլիներ, որ այն ցեղասպանության խորհրդանիշ դարձնեն բոլոր այն ժողովուրդները, որոնք ապրել են նմանատիպ ողբերգություն։ Պարզվում է, որ ցեղասպանություն ապրած բոլոր ազգերի լեզվով անմոռուկը հենց այդպես է թարգմանվում, մինչդեռ կան այլ լեզուներ, որոնցով թարգմանելիս այն կորցնում է իր նշանակությունը։

Ի՞նչ ակնկալիքներ ունեիք։ Ձեր սպասումները գերազանցվեցի՞ն։ Կա՞ն բաներ, որոնք չստացվեցին այնպես, ինչպես Դուք էիք ցանկանում։

Երբ Ապրիլի 24-ին եկա Երևան, տեսա, որ մարդիկ կրում են անմոռուկները, սակայն դուրս չեկավ, որ անմոռուկներ վաճառում էին։ Ես ընդհանրապես չէի կարծում, որ հնարավոր է այնպիսի բան, որ սիմվոլը, որը, իմ կարծիքով, պետք է անվճար բաժանվեր ժողովրդին, կվաճառեն։

Գուցե խնդիրն այն էր, ստեղծվեց անմոռուկի պահանջարկ, սակայն չեղավ առաջարկ։

Ես կռահում էի, որ կհայտնվեն կազմակերպություներ, որոնք բարեգործական տարբերակով ժողովրդին կբաժանեն անմոռուկներ, սակայն նրանք վաճառեցին դրանք։

Ի՞նչ դասեր պետք է քաղենք այս ամենից։

Մենք պետք է դաս քաղենք՝ որպես հիմք վերցնելով այն ասացվածքը, որ այն ազգը, որը չի հիշում իր անցյալը, չունի ապագա։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին