▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են լավագույն երիտասարդ հայ գրողները

Երիտասարդ գրողները կերտում են 21-րդ դարի հայ գրականությունը. նրանք ապրում ու ստեղծագործում են մեր կողքին, սակայն շատերս ուղղակի չենք ճանաչում ժամանակակից հայ գրողներին։ Թեև այսօր գործում են գրական տարբեր ակումբներ, կազմակերպվում են քննարկումներ, դրանցով հիմնականում հետաքրքրվում են կոնկրտ խմբեր, մինչդեռ ժամանակակից գրականության մեջ կարող ենք գտնել հենց այն, ինչը մեզ է հուզում։ Ի վերջո, այժմ գրականությունը կերտում են մեր ժամանակակիցները, որոնց հետ ունենք ընդհանուր հետաքրքրություններ, ոգեշնչման աղբյուրներ, մտահոգություններ։

BlogNews.am-ը կազմել է ժամանակակից երիտասարդ լավագույն գրողների ցանկը։ Հնարավոր սուբյեկտիվիզմից խուսափելու համար հարցումներ ենք անցկացրել հրատարակիչների, գրականագետների ու ընթերցասերների շրջանում, ինչպես նաև՝ «Բուկինիստ» գրախանութից պարզել ենք, թե ովքեր են ամենավաճառվող երիտասարդ հեղինակները։

Հարցման մասնակիցներից գրականագետ Հովիկ Չարխչյանը նշեց, որ շնորհալի հեղինակներ շատ կան, սակայն նրանք փայլուն գործերի կողքին ունեն նաև թույլ ստեղծագործություններ. «Երիտասարդների առանձնահատկությունը հենց այն է, որ նրանք դեռ փնտրտուքի մեջ են, և ասել, որ նրանք լավագույնն են, ճիշտ չէ»։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը խոսեց ոլորտի խնդիրների մասին։ Նա շեշտեց, որ գրակակությունն այսօր աղետալի վիճակում է. «Ամենալավ գրողը վաճառվում է տարվա ընթացքում 200 օրինակով։ Այսօր երիտասարդները չունեն կարդալու մոտիվացիա, որովհետև երկրի առաջին դեմքերը կարդացած չեն։ Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին նվիրեց Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գիրքը, դրանից 5 օր հետո ամբողջ տպաքանակը վաճառվեց»,- նշեց նա։

«Բուկինիստ» գրախանութից ի պատասխան մեր հարցման ևս փաստեցին, որ գրքերը մոտավորապես 200 օրինակից են վաճառվում, սակայն նրանք այս ցուցանիշը լավ են համարում, քանի որ այն օրեցօր աճում է։ Գրախանութից հայտնեցին, որ այժմ հետաքրքրություն կա երիտասարդ գրողների նկատմամբ, իսկ ամենից շատ վաճառվում են Արամ Պաչյանի ստեղծագործությունները, հատկապես՝ «Օվկիանոսը», Էդգար Կոստանդյանի «Որբանոցը», Արտավազդ Եղիազարյանի «Քաղաքը լուսնի տակ», Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը»։

Յոթերորդ տեղում Էդուարդ Հարենցն է. նրա անունը նշեցին հարցվածների 25 %-ը, հիմնականում՝ ընթերցասերները: Հարենցն ունի յուրօրինակ ձեռագիր. կարողանում է միջնադարյան շունչ բերել ժամանակակից պոեզիա։ Նրա՝ «Լեթարգիական արթնություն» ժողովածուն ամփոփում է հեղինակի վերջին տարիների լավագույն բանաստեղծությունները։ 

Վեցերորդ տեղում Գրիգն է. նրան խոստումնալից գրող են համարում հարցվածների 31%-ը, այս դեպքում՝ գրականագետներն ավելի մեծ թիվ էին կազմում։ 24-ամյա արձակագիրն ունի իր հետաքրքիր մոտեցումը, սակայն նա դեռ փնտրտուքի մեջ է։ Նա ունի փայլուն գործեր, որոնց կողքին կան նաև ավելի թույլերը, սակայն գրականագետների կարծիքով՝ նա խոստումնալից արձակագիր է։ «Փետուրներ», «Պուճուր մարդը», «Հիսուսի կատուն» և մի շարք այլ գործեր կարող եք գտնել համացանցում։

Կարեն Անտաշյանը մեր ցանկի հինգերորդ տեղում է. նրան լավագույն գրողներից են համարում հարցվածների 39%-ը։ Պոետի ստեղծագործությունները շատերի համար տպավորիչ են. Կարենը փորձում է իր խոսքում լինել անմիջական՝ չի խուսափում ժամանակակից խոսակցական բառերից, որպեսզի իր խոսքը հասանելի լինի ժամանակակիցներին։ 2014 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայվեց նրա «Ծիլի ծով. գիրք հմայության» գիրքը։

Էդգար Կոստանդյանը չորրորդ տեղում է 41% ձայներով: Նրա անունը հարցմանը մասնակցած գրականագետները չնշեցին, սակայն նրա «Որբանոց» վեպը, ըստ վաճառքի ցուցանիշների, բավականին պահանջված է։ Այն համարվում է ժամանակակից սկանդալային գրքերից մեկը, որը ներկայացնում է երկրի առաջ ծառացած խնդիրները՝ աղքատություն, արտագաղթ և այլն։ Վերջերս էլ հեղինակը ներկայացրել է նոր՝ «Ձմռան վերջին օրը» վեպը։

Երրորդ տեղում Արտավազդ Եղիազարյանն է՝ նրա ստեղծագործությունները տպավորել են հարցվածների 54 %-ին։ Նա ունի իրեն բնորոշ հեգնանքն ու հումորը, որը թեթևություն է հաղորդում իր ստեղծագործություններին։ Ի դեպ, նրան ոչ միայն գրականագետները նշեցին որպես երիտասարդ խոստումնալից գրող, այլև գրախանութից հայտնեցին, որ նրա՝ նախորդ տարի հրատարակված «Քաղաքը լուսնի տակ» գիրքն ամենավաճառվողներից մեկն է։ 

Երկրորդ տեղում Հրաչյա Սարիբեկյանն է՝ 63% ձայներով։ Նա իր ստեղծագործություններով փորձում է ստեղծել այլընտրանքային իրականություն և իր ուրույն տեղն ունի ժամանակակից հայ գրականության մեջ: Հրաչյայի «Երկվորյակների արևը» գիրքը համարվում է բարդ, սակայն շատ հետաքրքիր ստեղծագործություն։ Դրա հիմքում երկակիությունն է՝ այստեղ ներկայացված են կյանքի սև ու սպիտակ, լուսավոր ու մութ կողմերը։

Արամ Պաչյանն առաջին տեղում է. նա միակ հեղինակն է, ում անունը նշել են բոլոր հարցվածները, և ունի ձայների 100 %-ը։ Շատերը համարում են, որ նա ժամանակակից հայ գրողներից լավագույնն է, ոմանք էլ զգուշանում են նմանատիպ որակումներից՝ նշելով, որ յուրաքանչյուր ոք անընդհատ աճման պրոցեսում է, և երիտասարդ գրողին լավագույնի պիտակը տալը կարող է ճակատագրական լինել նրա համար։ Մի բան հստակ է՝ Պաչյանի գրիչը նրան լավ ապագա է խոստանում։ Արամ Պաչյանը նաև ամենապահանջվածներից մեկն է վաճառքի տեսանկյունից։ Նա գրում է պարզ, բայց ոչ պարզունակ և ապացուցում է, որ խորիմաստ լինելու համար ամենևին պետք չեն բառարանային բառեր, բարդ ձևակերպումներ, միևնույն ժամանակ Պաչյանին պետք է ուշադիր կարդալ, որպեսզի հասկանաս նրա «թեթև» մտքերի խորը իմաստները։

BlogNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին