▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Ղազարյանի ընտանեկան հանգիստն ու սպասվելիք նորությունը

BlogNews.am-ը գրում է. Դերասան Աշոտ Ղազարյանն այս օրերին Ջերմուկում է, որտեղ կնոջ հետ վայելում է ամառային հանգիստը: Թեև դերասանն այս փուլում իրեն ազատել է աշխատանքային հարցերից, համաձայնեց պատասխանել  մեր հարցերին:

-Պարոն Ղազարյան, ինչո՞ւ հենց Ջերմուկ, շատերը կատակում են, որ Հայաստանում հանգստանալու համար պետք է օլիգարխ լինել, քանի որ սակագները շատ բարձր են։

-Ես և կինս ամեն տարի գալիս ենք Ջերմուկ և շատ լավ հանգստանում, կտրվում առօրյայից։ Այստեղ կան բուժական մի շարք պրոցեդուրաներ, որոնք ինձ պետք են, որպեսզի իրականացնեմ բոլոր ծրագրերը, որոնք մտահղացել եմ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում հանգիստն այդքան թանկ է, թեև շատ էժան էլ չէ։ Ամեն դեպքում՝ այդ գումարի դիմաց տալիս են և՛ հյուրանոց, և՛ երեքանգամյա սնունդ, և՛ բուժական պրոցեդուրաներ, եթե այդ ամենը հաշվի առենք, կհասկանանք, որ մի բան էլ էժան է։

-Տևական ժամանակ է, ինչ էկրաններին չեք, շուտով մեկնարկում  է նոր եթերաշրջանը, կա՞ն նախագծեր, որոնցում Ձեզ կտեսնենք։

-Այժմ բանակցությունների մեջ ենք։ Նախատեսում եմ նոր նախագիծ սկսել իմ դպրոցի երեխաների հետ։ Կլինեն մանկական մանրապատումներ, որոնցում կներկայանան նաև իմ սաները։ Ամենայն հավանականությամբ, կհամագործակցենք «Կենտրոն» հեռուստաընկերության հետ։

-Վերջին շրջանում Ձեզ շատ քիչ ենք տեսնում հեռուստատեսությունում։ Ի՞նչն է լռության պատճառը։

-Լավ նախագիծ եմ փնտրում, քանի որ ինչ-որ բան անելուց պետք է լավ բան անեմ։ Ինձ Հանրայինից էլ են առաջարկել համագործակցել, պարզապես ստեղծագործական փնտրտուքի մեջ եմ։ Շուտով արդեն մի լավ բան կանենք, որովհետև դադարը շատ երկարեց։

-Ի՞նչ է Ձեզ տալիս լռությունը։

-Լռության ընթացքում ես կարդում եմ, նոր բաներ եմ փնտրում։ Ես միշտ ցանկացել եմ, որ ժողովուրդն ինձ կարոտի, ես՝ ժողովրդին, հետաքրքիր ձևով ներկայանամ հանրությանը, որպեսզի չհոգնացնեմ։

-Արդեն կարոտե՞լ եք։

-Ես միշտ կարոտում եմ հանրությանը։

-Իսկ հանրության կարոտը զգո՞ւմ եք։

-Այո, ինձ փողոցում էլ են հաճախ մոտենում և հարցնում՝ ե՞րբ եմ կրկին եթերում լինելու։ Ես Սփյուռքում հաճախ եմ ելույթ ունենում, ամեն տարի հյուրախաղերով մեկնում եմ Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ։ Ընթացքում այստեղ էլ եմ խաղում ներկայացումներ, առաջիկայում էլ նոր ներկայացում կբեմադրենք։ Իմ հիմնական աշխատանքը թատրոնում է։

-Թատրոնի ներկայացուցիչները հաճախ բողոքում են, որ հանրությունը չի գնում թատրոն, և այն ներկայացումները, որոնք բեմադրվում են, կոմերցիոն տեսանկյունից արդարացված չեն։ Դուք է՞լ եք բախվում այս խնդրին։

-Ես պարբերաբար գնում եմ թատրոն և հաճախ տեսնում եմ լեփ-լեցուն դահլիճներ։ Դա կախված է նաև բեմադրությունից։ Ես հատուկ չեմ բեմադրել այնպիսի ներկայացումներ, որոնք կոմերցիոն կլինեն, սակայն ժողովուրդը գալիս է, և դահլիճը միշտ լեփ-լեցուն է լինում։

-Ըստ Ձեզ՝ դրա «գաղտնիքը» թաքնված է այնտեղ, որ հանրությունը Ձեզ ճանաչում և սիրո՞ւմ է։

-Չէ, կան ներկայացումներ, որոնցում խաղում են սիրված ու ճանաչված դերասաններ, սակայն դահլիճը չի լցվում։ Մեծ նշանակություն ունի, թե ինչ է ներկայացվում։

-Պարոն Ղազարյան, երբ նայում եք այսօր բեմադրված ներկայացումները, Ձեզ հետաքրքրո՞ւմ են։

-Ես միշտ ասել եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ ունի իր լսարանը։ Երբ ընկերներս բեմադրություններ են անում, միշտ գնում եմ։

-Վերջին անգամ ո՞ր ներկայացումից եք հաճույք ստացել՝ որպես հանդիսատես։

-Չեմ կարող ասել։ Մի քանի ներկայացում եմ դիտել, եղել են և՛ լավ, և՛ վատ ներկայացումներ։ Ձեր հարցը մի քիչ պրովոկացիոն է, քանի որ ոլորտում բոլորն իմ ընկերներն են, և չեմ ցանկանում որևէ մեկին քննադատել կամ առանձնացնել։ Նույնիսկ վատ ներկայացման մեջ մի լավ բան եղել է։

Կարծում եմ՝ այսօր լավ հեղինակների, լավ սցենարների պակաս կա, թե չէ լավ ռեժիսորներ և դերասաններ ունենք։ Շատերն էլ խաղում են ինչ-որ տեղ, որպեսզի չլռնեն, չմոռացվեն, սակայն այնպես չէ, որ դա այն է, ինչ իրենք էին ցանակնում։

-Իսկ  հեռուստացույց դիտո՞ւմ եք, ի՞նչ կարծիք ունեք այժմյան նախագծերի մասին։

-Իհարկե, երբ տանն եմ լինում և ժամանակ եմ ունենում, դիտում եմ։ Հեռուստատեսությունում էլ կան և՛ լավ, և՛ վատ նախագծեր։

-Ո՞ր նախագծերն եք դիտում։

-«Один в один», «Точь-в-Точь»։

-Իսկ հայկական հեռուստատեսությունի՞ց։

-Դե... «Վիտամինն» եմ նայում, տաղանդավոր տղաներ են։

-Շատերն այսօր իրենց երեխաներին թույլ չեն տալիս դիտել հեռուստացույց, որովհետև հայկական հեռուստատեսությունը դաստիարակչական որևէ գործառույթ չի իրականացնում։ Դուք Ձեր թոռների առաջ նման խնդիր դնո՞ւմ եք։

-Ես չեմ կարող թույլ տալ կամ ոչ, որովհետև իմ թոռներն ապրում են Ռուսաստանում, սակայն համաձայն եմ այդ ծնողների հետ։ Իսկապես, հաղորդումը պետք է ասելիք ունենա, հատկապես, եթե մանկական է։ Մեր հաղորդումը, որն անում ենք, դաստիարակչական գիծ էլ ունի, յուրաքանչյուր մանրապատումից առաջ ես նախաբան եմ ասում, որն իր ասելիքն ունի։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Ամոթ էլ է ասեմ, թե ինչքան եմ վաստակում իմ դպրոցից. Աշոտ Ղազարյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին