▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրանք ամեն օր հայ ազգին միայն բթություն են սրսկում. Արամ Շահբազյան

Արամ Շահբազյանը 2004-2005 թթ. «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնում «Լավագույն ռեժիսոր» մրցանակին է արժանացել, բազմաթիվ վավերագրական ու կարճամետրաժ ֆիլմերի  ռեժիսոր է, ում վերջին 2 ֆիլմերը մեծ արձագանք են ստացել: Asekose.am-ը հյուրընկալել է  երիտասարդ  ու տաղանդավոր ռեժիսորին:

- Ձեր «Մոսկվիչ, իմ սեր» գեղարվեստական ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2015թ. փետրվարի 7-ին, արժանացել է հանդիսատեսի բուռն ընդունելությանը և մի քանի մրցանակների: Ի՞նչ մրցանակների մասին է խոսքը:

-Ֆիլմն արժանացել է «Աշխարհի ծայրը» Սախալինի 5-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսատեսի Գրան Պրիին (կինոփառատոնը շնորհել է 2 Գրան Պրի՝ ժյուրիի և հանդիսատեսի): Հուլիսին ֆիլմը մասնակցել է նաև «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնին և արժանացել 2  մրցանակների՝  Ֆիպրեսի և Էկումենիկ:  Մոտ ապագայում ֆիլմը մասնակցելու է նաև «Կինոշոկ» փառատոնին:

-Ինչպե՞ս է ծագել  ֆիլմի մտահղացումը:  Ինչպե՞ս  և որտե՞ղ են անցել նկարահանման աշխատանքները:

-Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն: Այն նկարահանվել է մի տարեց փախստականի օրագրի հիման վրա, որի հետ ես և լրագրող Էդիկ Բաղդասարյանը ծանոթացել էինք Արցախի Մարտակերտի շրջանում, երբ բազմազավակ ընտանիքի մասին ֆիլմ պետք է նկարահանեինք: Գեղարվեստականության մեջ այդ իրական պատմությունից պահպանվել են գյուղացու՝ գաղթական լինելու և օրագիր պահելու հանգամանքները: Ֆիլմը կորսված սերնդի մասին է, սերունդ, որն այլևս դատապարտված է, որը, մի օր արթնանալով, հասկանում է, որ այլևս ոչ մեկին պետք չէ: Ֆիլմում փախստականը, գնելով Մոսկվիչը, փորձում է վերադարձնել, ըստ էության, իր կիսատ մնացած կյանքը: Ֆիլմը հայ-ռուս-ֆրանսիական արտադրության համատեղ աշխատանք է, որի նկարահանումները անցկացվել են Հայաստանում, իսկ հետագա աշխատանքները մեծամասամբ՝ Ֆրանսիայում:

- Ո՞րն է ֆիլմի հիմնական ասելիքն ու գաղափարը:

-Գյուղում ապրող Համոն ու նրա կինը օրվա վաստակով մի կերպ կարողանում են պահել իրենց գոյությունը, ամիսը մեկ անգամ Ռուսաստան մեկնած որդին նրանց գումար է ուղարկում: Թվում է, թե կյանքն ընթանում է իր սովորական հունով մինչև այն պահը, երբ Համոն լսում է, որ Մոսկվիչ են վաճառում հարևան գյուղում: Ֆիլմում Մոսկվիչը մետաֆորի է հասցված: Հեռավոր գյուղում ապրող Համոյի համար Մոսկվիչ գնելը դառնում է գոյության իմաստ: Ֆիլմը պատմություն է փոքր մարդու մասին՝ իր յուրահատուկ ներաշխարհով և ուրիշների աչքին աննշան, միգուցե նաև ծիծաղելի  թվացող երազանքով՝ գնել այդքան երանելի Մոսկվիչը:

-Այս տարվա ապրիլի 22-ին կայացավ նաև «Ման Փիքչերս» ընկերության արտադրած «Փրկության քարտեզ» փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան: Ինչո՞վ է առանձնանում այս ֆիլմը, և ինչպե՞ս է  հաջողվել համագործակցել Սվանտե Լուդգրենի հետ:

-Ֆիլմի հերոսները Հայոց ցեղասպանության ականատես և դրանից մազապուրծ եղած հայերի ապաստարանների հիմադիր 5 հումանիստ կանայք են: Ֆիլմը նկարահանվել է նրանց նամակների և վկայությունների  հիման վրա, որոնց թիվը շատ մեծ էր, օրինակ՝ Ալմա Յոհանսոնը թեև օրագիր չուներ, սակայն նրա նամակները մի մեծ սենյակ էին զբաղեցնում, և նույնիսկ  հնչել է այն միտքը, որ եթե Հայոց ցեղասպանության մասին հիշատակություններ  չլինեին, ապա միայն Ալմայի վկայությունները բավարար կլինեին: Ֆիլմում այս նամակներն ու վկայությունները ներկայացված են խաղարկային ձևով, այսինքն՝ այդ հատվածները ներկայացված են դերասանական խաղի միջոցով: Այդ պատճառով էլ ֆիլմը համարվում է մոքյումենթրի, և այն ժանրային առումով նորություն է հայկական ֆիլմարտադրության մեջ: Սկզբում պետք է համագործակցեինք դանիացի եղեռնագետ Մատթեասի հետ, սակայն որոշակի խնդիրների պատճառով մեր համագործակցությունը չստացվեց: Պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի հետ, ի վերջո, ընտրեցինք ֆինն պատմաբան Սվանտե Լուդգրենին,և կարող եմ հստակ ասել, որ ընտրությունը ճիշտ էր: Ֆիլմի ստեղծվել է անգլերենով, իսկ հետո այն թարգմանվել է նաև հայերեն:

-Ի՞նչպես եք վերաբերվում հայկական սերիալներին և  նոր ֆիլմերին: Ի՞նչ են դրանք ավելացնում մեր ֆիլմարտադրությանը, և ի՞նչ է այսօր դրանց պակասում:

-Կա մի սկզբունք, որով միշտ առաջնորդվում եմ իմ ֆիլմերի դերասաններին ընտրելիս՝ իմ ֆիլմերում հիմնականում չեն խաղում սերիալային դերասաններ: Հայկական սերիալների նկատմամբ ունեմ միայն բացասական վերաբերմունք որպես քաղաքացի, քանի որ դրանք ամեն օր հայ ազգին միայն բթություն են սրսկում: Այս պահի դրությամբ դրանք մեր ֆիլմարտադրությանը  բացի բացասականից, ոչինչ չեն ավելացնում: Սա չի նշանակում, որ ես դեմ եմ դրանց, սակայն այսօր անորակ սերիալները ողողել են մեր եթերները: Մեր իրականության մեջ չեն նկարվում որակյալ սերիալներ, որոնք ասելիք կունենան, իրենց մեջ դրամատիզմ կպարունակեն: Հայկական կինոն այսօր զարգանում է 2 ծայրահեղ գծով՝ «փոփքորնային» կինո (ժամանցային ֆիլմեր) և արտհաուզ  լիամետրաժ ֆիլմեր, որոնք ունեն թույլ դրամատիզմ, մեծ ու կարևոր ասելիք չունեն: Հենց այս բացերն են պատճառները, որ մեր նոր ֆիլմերը միջազգային ասպարեզում առանձնապես մրցունակություն չունեն: Բնականաբար, Հայաստանում կինոարտադրության զարգացմանը խոչընդոտում են նաև ոչ բավարար ֆինանսական միջոցները:

-Ի՞նչ պլաններ ունեք ապագայում: Արդյո՞ք նոր ֆիլմեր նկարահանելու մտադրություն ունեք և ե՞րբ դրանք կհանձնեք հանրության դատին:

-Ցանկանում եմ անպայման ավարտել «Չնչիկ» ֆիլմը, որի նկարահանումները իրականացվել են Հայաստանում: Ֆիլմը պատմում է հասարակության մյուս անդամներից տարբերվող մի աղջկա մասին: Այս  պահին  չեմ կարող հստակ ասել, թե երբ ֆիլմը կհանձնենք հանրության դատին, քանի որ պետք  է կարողանանք դեռ Մոսկվայից բերել ֆիլմի ժապավենները, ինչը կապված է ֆինանսական կողմի հետ:

Լուսանկարը` sakhalin.info

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին