▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրանալը յուրաքանչյուր կնոջ ամենաերջանիկ զգացողություններից գերագույնն է. Հայկուհի Բաբախանյան

Life.panorama.am-ը գրում է. Իր նորակազմ ընտանիքի, մայրանալու բերկրանքի, նորածին որդու եւ առաջիկա աշխատանքների մասին մեղ հետ է խոսել «Ժողովրդական երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթող Հայկուհի Բաբախանյանը:

Հայկուհի, վերջերս մայրիկ եք դարձել. գուցե դժվար է բառերով բացարտել մայրական բերկրանքը, բայց, այնուամենայնիվ, եթե փորձեք նկարագրել, ինչպիսի՞ ապրումներ ունեցաք, երբ առաջին անգամ տեսաք Ձեր որդուն:

- Մայրանալը յուրաքանչյուր կնոջ ամենաերջանիկ զգացողություններից գերագույն է, իսկ ինձ համար՝ Աստծո կողմից տրված շնորհ եւ պարգեւ, անբացատրելի բերկրանք: Քանի որ նա իմ առաջնեկն է, ապրումներս ու զգացողություններս նորություն էին ինձ համար: Հղիության ընթացքում զգացողութուններս ավելի շատ հրաշքի սպասման  էր նման, իսկ բալիկիս ծնվելուց հետո կարելի է ասել ամեն օր եւ ամեն վայրկյան նորանոր հիանալի ու անմոռաց պահեր եմ ապրում:

Նոր կարգավիճակը, վստահ եմ, շատ է փոխել կյանքը, կպատմեք Ձեր նոր կյանքի մասին:

- Առհասարակ, մինչ ամուսնությունս թե առօրյաս, թե աշխատանքայի ռեժիմս բոլոորվին այլ էին՝ համերգներ, շրջագայություններ, ձայանագրություններ, բավականին խիտ աշխատանքային գրաֆիկ եւ իհարկե, դրան գումարած նաեւ Կոնսերվատորիայի դասերս: Հղիության ընթացքում ես զգացի, որ աշխատանքային տեմպս մի փոքր պետք է թուլացնել, ճիշտ է, մասնակցում էի համերգների եւ տարբեր միջոցառումների, բայց ոչ նախկինի պես: Հետո եկավ մի ժամանակահատված, որ դադար տվեցի իմ ստեղծագործական կյանքում, ինձ ամբողջովին նվիրեցի ընտանիքիս եւ բալիկիս:.

Հայկուհի, կխնդրեմ նաեւ պատմել փոքրիկի մասին, գուցե արդեն բնավորությո՞ւն է ցույց տալիս:

- Երբ նոր էր ծնվել, ինչպես բոլոր նորածինները հասկանալի չէր, թե ում է նման, բայց ամիսների ընթացքում արդեն ուրվագծվեցին նրա հիմնական դիմագծերը. հիմա վստահ կարող եմ ասել, որ նա հավասարաչափ նման է եւ ինձ, եւ ամուսնուս: Պետք է նկատեմ, որ որդուս անվան հարցում երկար չենք մտածել. ցանկանում էինք որ մեր բալիկը կրի ժամանակակից անուն, ուստի նրան անվանեցինք Արեն, ի դեպ, նոյեմբերի 21-ին տղաս դարձավ չորս ամսական:

Գիտեմ, որ Հրազդան քաղաքից եք, հետաքրքիր է բնակատեղին փոփոխելու հետ կապված  դժվարություններ չե՞ն եղել: Ի՞նչն եք ամենաշատը կարոտում Ձեր հարազատ քաղաքից:

- Շատ եմ սիրում Հրազդանը, քանի որ այն իմ ծննդավայրն է, բայց թե ուսման հետ կապված, թե աշխատանքիս բերումով ավելի շատ ժամանակս Երեւանում եմ անցկացնում: Երեւի դա է պատճառը, որ բնակավայրի փոփոխությունը այնքան էլ էական դեր չի խաղացել այս հարցում: Ինչ վերաբերում է Հրազդանին եւ կարոտին, իհարկե, կարոտում եմ ընտանիքիս եւ ընկերներիս, ովքեր այնտեղ են ապրում, բայց բավականին հաճախ եմ այնտեղ լինում եւ մեղմացնում կարոտս:

Շատերը կարծում են,որ մայրաքաղաքում եւ շրջաններում ապրող մարդկանց միջեւ մեծ է տարբերությունը, ասում են, թե շրջաններում ավելի անկեղծ, արդարամիտ եւ սրտանց են մարդիկ: Այս հարցում, թերեւս դուք ամենաճիշտ բնորոշումը կտաք:

- Ես չեմ զգացել այդ տարբերությունը, քանի որ համերգների ժամանակ մարդկանց ջերմությունն ու անկեղծությունը թե շրջաններում, թե մայրաքաղաքում գրեթե նույնն է եղել: Ինչպես գիտենք, ցանկացած բնակավայր թելադրում է իր ապրելակերպն ու օրենքները, նույնիսկ լեզուն, կարծում եմ, դա է հիմնական որոշիչը շրջանների եւ մայրաքաղաքի բնակիչների միջեւ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին