▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարորդից ոչ մի տեղեկություն չունեմ, ո՛չ ինքը, ո՛չ իր հարազատները չեն հետաքրքրվել ինձանով. Ջուլիա Սաղաթելյան

Aysor.am-ը գրում է. Երեկ լրացավ Գյումրից-Մաստարա ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի մեկ ամիսը, ինչի հետևանքով դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը ողնաշարի և ոտքի կոտրվածքներով հայտնվել էր հիվանդանոցում: Օրեր առաջ դերասանուհին  վիրահատվել է և արդեն 3 օր է՝ գտնվում է տանը:

«Բժիշկն ասաց, որ ավելի ճիշտ կլինի, եթե տանն անցկացնեմ: Այնպես չի, որ անընդհատ պառկած եմ, սայլակով տան մեջ շրջում եմ: Բնականաբար, քայլել դեռևս չեմ կարող: Մի ոտքս գիպսի մեջ է, իսկ առողջ ոտքս, չգիտեմ ինչու՝ ուռչում է: Չգիտեմ, երբ կգնամ ստուգման, բժիշկն այդ մասին ոչինչ չի ասել, հավանաբար՝ ինքս պետք է զանգեմ: Համեմատած վիրահատության առաջին օրերին՝ հիմա սուր ու շարունակական ցավեր չունեմ, աշխատում եմ դիմակայել ու անընդհատ ցավազրկողներ չներարկվել, քանի որ դրանք մեծամասամբ անհրաժեշտ են լինում գիշերային ժամերին»,- կայքի հետ զրույցում մանրամասնել է դերասանուհին:

Դերասանուհին դեռևս միայն ողնաշարի վիրահատությունն է կատարել՝ տեղադրելով իմպլանտ, ոտքի վիրահատությունը դեռ առջևում է: Կարևոր ու պատասխանատու է նաև վերականգնողական շրջանը: Ի դեպ, դերասանուհուն ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար հավաքված գումարն ամբողջովին ծախսվել է ողնաշարի իմպլանտ ձեռք բերելու վրա, ոտքի իմպլանտի համար անհրաժեշտ կլինի 1 միլիոն 600 հազար դրամ: Այն հարցին, թե շա՞տ էին արդյոք օգնելու ցանկությամբ դիմողները՝ Ջուլիան պատասխանել է.

«Դրսից ավելի շատ էին արձագանքում, ու դա, կարծում եմ, բնական է, քանի որ այստեղ մարդիկ այնքան էլ հնարավորություններ չունեն: Առաջին իսկ օրը ԱՄՆ-ից Սուրեն անունով մի տղա էր զանգահարել, նույնիսկ չցանկացավ իր մասին տեղեկություններ տալ, միայն գումարը հատուկ ծառայության միջոցով ուղարկեց մեր տուն: Նաև դրսում ապրող մեր դերասաններն են օգնել Աննա Նուրիջանյանի գլխավորությամբ: Իրենց չեմ ճանաչում, երբեք չեմ շփվել, բայց անչափ շնորհակալ եմ նման վերաբերմունքի համար: Շնորհակալ եմ նաև Ադա Սիմոնյանին, Գարիկ Մաշկարյանին, Մարիաննա Գևորգյանին, Աիդա Բաբաջանյանին...Ինչ վերաբերում է ոտքիս վիրահատությանը, ապա այդ հարցով կարող եմ զբաղվել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ կերպ կարողանամ հայթայթել անհրաժեշտ գումարը: Քանի որ այժմ ամբողջովին անկողնուն գամված չեմ, կարող եմ հետաքրքրվել ու նաև այլ բժիշկների դիմել, քանի որ կարծիքները տարրաբնույթ են: Ինձ ասացին, որ գուցե ոտքի վիրահատության կարիք չլինի, օրգանիզմս երիտասարդ է ու հնարավոր է՝ կարողանա առանց դրա «կպչել»: Դա մեկ ամսից պարզ կլինի: Եթե այդպես բարեհաջող ընթացք ունենա, ապա ես այդ գումարը կօգտագործեմ հատուկ վարժությունների, հետվիրահատական-վերականգնողական նպատակներով, որն այժմ չեմ կարողանում անել»:

Արդյոք վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդն ու վերջինիս հարազատները, նաև՝ այդ պահին ավտոմեքենայում գտնվող իր ընկերները այս ընթացքում կապ են պահել դերասանուհու հետ:

«Վարորդից ոչ մի տեղեկություն չունեմ, ո՛չ ինքը, ո՛չ իր հարազատները չեն հետաքրքրվել, կապ չեն պահել, կարծես՝ ոչինչ էլ չէր եղել… Իսկ ինչ վերաբերում է ավտոմեքենայում գտնվող իմ ընկերներին, ապա իրենք նույնիսկ չգիտեն, որ ես վիրահատվել եմ: Չգիտեմ, ինչու է այդպես, բայց կան մարդիկ, որոնց վստահ էի, որ կողքիս կտեսնեմ, բայց չեն եկել: Գուցե ինքս էլ չէի կարող ինձ հարազատ մարդուն այդ վիճակում տեսնել, չգիտեմ… Ես մտածում եմ, որ դա է պատճառը և ոչ թե իրենք են վատը: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին