▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նառա Թումասյանը՝ նորակազմ ընտանիքի և հեռուստատեսային դադարի մասին

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի, հաղորդավարուհի Նառա Թումասյանը որքան էլ վերջին շրջանում էկրաննեին չի երեւում, բայց նրան վստահաբար շատերը կհիշեն: Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին այս շրջանում վայելում է ընտանեկան ջերմությունն ու իրեն կատարյալ երջանիկ կին է զգում դերասան Դավիթ Առաքելյանի կողքին:

Նառա, երկար ժամանակ է՝ Ձեզնից հեռուստադիտողը այնքան էլ տեղեկացված չէ, ինչո՞վ եք զբաղված այս շրջանում:

Սկսեմ նրանից, որ նախորդ տարին ավարտեցինք եւ նոր տարին սկսկեցինք նոր մանկական «Մոխրոտը» ներկայացմամբ, ուր ես մարմնավորում էի հենց Մոխրոտին: Իսկ հիմա թատրոնում արդեն սկսվել են ներկայացումների փորձերը, շուտով մեր թատրոնը նոր ներկայացում կհանձնի, որից հետո բոլորիս համար նոր աշխատանքներ կսպասվեն: Ես բոլորովին վերջերս եմ վերադարձել աշխատանքի, մի փոքր հանգստանում էի ու հիմա մեծ ոգեւորությամբ սպասում եմ սպասվելիք գործերին:

Նառա, կար հարաբերական դադար, հիմա էլ դեռ հեռուստադիտողը Ձեզ չի տեսնում էկրաններին, ինչո՞վ է սա պայմանավորված:

Հեռուստէկրաններում չերեւալս նախեւառաջ կապված է նրանով, որ «Հ2» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագիրը փակվեց, ուր ես հաղորդավարուհիներից մեկն էի: Դրանից հետո հրավեր ստացա հեռուստաընկերություններից մեկի կողմից, մի հաղորդում նկարահանեցինք, բայց հետո ինչ-ինչ խնդիրների պատճառով այդ հաղորդումը չհեռարձակվեց ու չշարունակեցինք տվյալ հաղորդման նկարահանումները: Այս ընթացքում հարմար առաջարկներ դեռ չունեմ, դրա համար էլ դեռեւս շարունակվում է հեռուստատեսային դադարս: Նշեմ նաեւ, որ մի քանի նոր գաղափարներ ունեմ հաղորդումների տեսքով, բայց դրանք միայնակ իրականացնել չեմ կարող, ուստի դեռ փորձում եմ մտածել, թե դրանց ի՞նչ ճանապարհով կարելի է կյանքի կոչել: Միաժամանակ՝ չեմ կարող թաքցնել նաեւ, որ այս պահին ուզում եմ ժամանակիս մեծ մասը հատկացնել թատրոնին:

Հեռուստասերիալներում եւս Ձեզ չենք տեսնում, դրա պատճառը առաջարկների բացակայությունն է, թե Ձեր մերժումները:

Այս պահին հարմար հրավերներ չկան, բայց երեւի դրա բացատրությունն էլ կա. Կար ժամանակ, որ շատ հաճախ էի հեռուստասերիալներում նկարահանվելու հրավերներ ունենում,  բայց դրանք ստիպված էի լինում մերժել, քանի որ այդ ժամանակ վարում էի «Բարի լույս» ծրագիրը եւ թատրոնում էլ զբաղվածությունս շատ էր: Հիմա ինձ թվում է, որ այն ժամանակվա իմ մերժումների քանակը այսօր բերել է նրան, որ չունեմ հետաքրքիր առաջարկներ. կարծում եմ, մարդիկ մտածում են, որ հեթական անգամ կմերժեմ ու դրա համար էլ չեն հրավիրում: Միաժամանակ՝ նկատել եմ, որ այսօր համեմատաբար քիչ են սերիալներ նկարահանվում, դա էլ իր նշանակությունն ունի:

Այսինքն՝ դեմ չեք սերիալային ժանրին:

Իհրակե, դեմ չեմ, քանի որ եթե մասնագիտությամբ դերասան ես, ուրեմն ամեն տեղում էլ պետք է քեզ փորձես, մյուս կողմից էլ կա գումար վաստակելու խնդիր, եթե դերասանը ունի ժամանակ, ուրմեն ինչո՞ւ չնկարահանվի սերիալներում, որը կարող է հավելյալ ֆինանս ապահովել: Ես երբեք չեմ քննադատել սերիալային ժանրը, ինքս էլ նկարահանվել եմ տարբեր սերիալներում, եւ շատ լավ հասկանում եմ, որ սերիալային ժանրը շատ ժամանակ քննադատվում է, քանի որ ոչ մեկ չի պատկերացնում դրա ստեղծման ճանապարհը: Համաձայն եմ՝ սերիալները կարող են երբեմն-երբեմն անորակ թվալ, բայց, երբ դերասանին իր կտորները խաղալու սցենարը տրվում է նկարահանումից րոպեներ առաջ եւ նա չի հասցնում ամբողջությամբ պատրաստվել իր դերին, այդ ժամանակ հնարավոր են որոշ բացթողումներ: Այնպես որ, հայկական արտադրույթան սերիալների անորակությունը դերասանից կախված չէ, եթե իհարկե, խոսքը դերասանի մասին է: Երբ սերիալ  են բերում չդերասանների, բնականաբար, բարձր որակի մասին խոսելը այնքան էլ տեղին չէ: Իհարկե, լինում են շատ հազվադեպ դեպքեր, երբ չդերասանները ունեն տաղանդ  ու կարողանում են լավ խաղալ, բայց դա իսկապես խիստ հազվադեպ դեպքերում է լինում:

Նառա, ավելի քան երեք տարի է՝ ամուսնացել եք եւ վայելում եք ընտանեկան ջերմությունը: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

Ես շատ եմ լսում մարդկանցից, որ իրար ասում են՝ «Դե լավ քեզ պետք է, ի՞նչ ես ամուսնանում», ու զարմանում եմ նման մտածելակերպի վրա: Ես այնքան երջանիկ եմ իմ ընտանիքում, որ նման բան ոչ մեկին չեմ ասում: Այն ներդաշնակությունը, սերն ու հարգանքը, որ կա իմ ընտանիքում, կցանկանայի, որ բոլորի ընտանիքում լիներ: Ընտանիքը երջանիկ շրջանակ է, որը պետք է վայելես:

Նառա, երկուսդ էլ նույն մասնագիտությունն ունեք, ո՞րն է դերասան ամուսինների առանձնահատկություններն ու թերությունները:

Ես միշտ ասում էի, որ դերասան ամուսին չեմ ունենալու, բայց ինչպես ասում են՝ ինչից փախչում ես, հենց դրան էլ հանդիպում ես: Թեպետ ամուսինս, ավարտելով Թատերական ինստիտուստը եւ մի քանի դերեր խաղալով, կարծես թե փակել է իր համար այս մասնագիտության էջն ու ուրիշ աշխատանքով է զբաղվում, որից հաճույք է ստանում, իհարկե, վստահ եմ, որ հիմա էլ նա դեմ չի լինի նկարահանվել, բայց այնուամենայնիվ, դերասանությամբ խորապես չի զբաղվում: Արդյունքում մենք մեր տանը որպես երկու դերասան չենք ապրում, դրա համար մենք չունենք դերասան ամուսնների առանձնահատկություններ ու թերություններ: Նա շատ լավ է վերաբերվում իմ աշխատանքին, երբեք դեմ չի եղել եւ սիրում է ինձ բեմում տեսնել:

Որքանով տեղյակ՝ եմ դուք չեք պսակադրվել եւ Ձեր միությունը ամրագրել եք ԶԱԳՍ-ով, հետաքրքիր է ինչո՞ւ:

Այո, այնպես ստացվեց, որ մենք որոշեցինք մեր միությունն ամրագրել ԶԱԳՍ-ում եւ միասին ապրել: Իհարկե, մտածում ենք պսակադրվելու մասին, գուցե մի օր, օրինակ մեր միության 10 ամյակին անենք այդ արարողությունը:

Ստեփան Ղամբարյանի եւ Անի Ամիրյանի ու Ձեր զույգի մտերմության մասին հասկանալու համար բավարար է միայն Ձեր ֆեյսբուքյան էջն ուսումնասիրել: Նրանց որպես ամուսնության վկաներ ընտրելը Ձեր ընտրությունն էր, թե ամուսնու:

Նախ ես ու Անին մտերիմ ընկերուհիներ ենք արդեն մոտ 15 տարի, բացի այդ իմ ամուսինն ու Ստեփանն էլ միեւնույն տարիներին սովորելով՝ առանձին էին մտերիմ: Հետագայում, երբ Դավիթը ԱՄՆ-ից Հայաստան եկավ, մենք սկսեցինք արդեն չորսով հանդիպել: Հետո իմ ու ամուսնուս որոշմամաբ էլ նրանց խնդրեցինք, որ դառնան մեր ամուսնության վկաները, քանի որ ԶԱԳՍ-ում ոչ թե կնքահայր է պետք, այլ վկա: Նրանց շատ եմ սիրում, խելագարվում եմ նրանս աղջկա՝ Մարտայի համար: Ուրախ եմ, որ ի դեմս նրանց՝ ես ու Դավիթը նման լավ ընկերներ ունենք:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին