▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կցանկանամ, որ արցախյան պատերազմին մասնակցած հայրս վերածնվի որդուս միջոցով. Մարինա Խաչատրյան

Life.panorama.am-ը գրում է. Տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կյանքի կարուսել» մանրապատումների շարքը հեռուստադիտողներին շատ դերասանների ծանոթացրեց: Նրանց շարքում էր նաեւ դերասանուհի Մարինա Խաչատրյանը, ով վերջին տարիներին էկրաններին չի երեւում: Նրան շատ փոքրիկ դերով հանդիպեցինք միայն վերջերս «Դոմինո» սիթքոմի շրջանակներում, որից հետո դերասանուհին իմացել է բարի լուրի մասին՝ շուտով նա կրկին կմայրանա:

Էկրանային լռության եւ առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ բալիկի հետ կապված երազանքների մասին  մեզ հետ զրույցել է Մարինա Խաչատրյանը:

«Վերջին տարիներին շատ առաջարկներ եմ ունեցել, ինքս էլ ավելի շատ մտածում էի թատրոնում մշտական աշխատանքի մասին, պարզապես ակտիվ աշխատանքային գործունեությունս պլանավորել էի գարնանը, բայց բոլորովին վերջերս ինձ համար անսպասելի ու երջանիկ անակնկալ եղավ՝ սպասում եմ երկրորդ բալիկիս: Ճիշտ է՝ դեռեւս չէինք պլանավորել, որ երկրորդ բալիկ կունենանք, բայց երջանիկ ենք, որ նա հայտնվում է մեր կյանքում շատ անսպասելի, հուսամ՝ նրա ծնունդով էլ անսպասելի հաջողություններ կգրանցվեն մեր ընտանիքի համար»,- ծիծաղելով պատմեց դերասուհին:

Մարինան հղիության 4-րդ ամսում է գտնվում, բայց դեռեւս չգիտի բալիկի սեռը.

«Առաջնեկս տղա է, նրա ծնունդից հետո միշտ երազել եմ աղջիկ ունենալու մասին, միաժամանակ, մայրական բնազդով կարծում եմ, որ կրկին տղա է լինելու, ինչի համար էլ ավելի կուրախանամ, քանի որ ուզում եմ որդի ունենալ, որպեսզի նրան կոչենք հայրիկիս անունով, ով 90-ականներին մասնակցել է արցախյան պատերազմին: Կցանկանամ, որ հայրս վերածնվի որդուս միջոցով ու տղաներս էլ հորս նման ազնիվ ու հայրենասեր մարդ լինեն»,- նշեց Մարինան ու հիշեց իր մանկության տարիները.

«Հայրս՝ Արմեն Խաչատրյանը, կռվել է Ջիվան Աբրահամյանի ջոկատում: Պատերազմի տարիներին ծանր վիրավորում ստանալուց հետո որքան էլ բուժման կուրսեր անցավ եւ անգամ Ֆրանսիայում վիրահատվեց, միեւնույն է չկարողացավ փրկվել: Ես փոքր էի, երբ հայրս գնաց ու վերջնականապես վերադարձավ միայն հինգ տարի անց: Հիշում եմ, քանի որ փոքր էի, չհասկանալով խաղաղության գինը, ամեն գիշեր աղոթում էի խաղաղության համար, անգամ կենացներ էի խմում այդ թեմայով: Իսկ հիմա, երբ իմ երկիրը կրկին վտանգի մեջ է, ամբողջովին ու գիտակցաբար արժեւորում եմ խաղաղության գինը, չեմ ուզում պատերազմ և զոհեր լինեն»,- պատմեց դերասանուհին ու շարունակեց.

«Պետք է նկատեմ նաեւ, որ մորս ու հորս շնորհիվ մեր ընտանիքում երբեք տխրություն չի եղել, հայրս միշտ ուժ էր տալիս իր կոչերով ու վստահությամբ, նա երբեք մեր առաջ չի կոտրվել, մենք միշտ իմացել ենք, որ պետք է հաղթենք, որ մենք  ուժեղ ու բարոյական ազգ ենք: Հավատացեք՝ ես չեմ տեսել նաեւ մորս արցունքները, ավելին՝ մեր ընտանիքում պատերազմի վերաբերյալ անգամ անեկդոտներ էին ստեղծվում: Հիշում եմ՝ մի անգամ հայրս Ղարաբաղից զանգել էր ու տատիկիս անհանգստացած հարցին, թե ցուրտ չի արդյոք դիրքերում, հայրս պատասխանեց, որ «պառեր» ենք քաշել ու շատ տաք է, իսկ միամիտ տատս էլ հավատացել էր ու օրհնել «պառեր» քաշողներին. մինչ այսօր հիշում ենք այդ պատմություններն ու ծիծաղում: Մենք հպարտանում ենք, որ հերոսի ընտանիքում ենք մեծացել, ես էլ երեխաներիս պետք է նույն գիտակցմամբ մեծացնեմ: Հիմա այլեւս սրտումս ցավ չկա, մենակ կարոտն է  մնացել պապայիս հանդեպ»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին