▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայքլ Քոթանջյանը՝ նորածին որդու և ընտանեկան անցուդաձի մասին

Դիտեք նաև՝

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է. Երգիչ, դերասան Մայքլ Քոթանջյանի որդու՝ կրտսեր Ռաֆայել-Արտյոմ Քոթանջյանի 40 օրականը դեռ չի լրացել: Արվեստագետների ընտանիքում որդու ծնունդը նոր շունչ ու նոր իմաստ է բերել. զգացողություններով ու ընտանեկան անցուդարձով մեզ հետ կիսվել է Մայքլ Քոթանջյանը.

«Եթե անկեղծ գտնվեմ, երբ դեռ երեխա չունեի, երազում էի, որ առաջնեկս աղջիկ լինի ու Աստված տվեց մեզ մեր փոքրիկ արքայադստերը, միաժամանակ որպես հայ տղամարդ ցանկանում էի, որ տղա ունենամ, ով կշարունակեր մեր ազգանունը եւ փառք Աստծո՝ նա նաեւ որդի մեզ պարգեւեց: Հիմա մեր ընտանիքում անսովոր, բայց եւ շատ հաճելի խառնաշփոթ է, երեխաների ձայներ ու ավելի շատ մանկական իրեր, որոնք ընտանիքն ավելի լիքն են դարձնում»,- նշեց Մայքլն ու պատմեց հայրիկի՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի զգացողությունների մասին, երբ ծնվեց կրտսեր Ռաֆայելը.

«Հայրս իմ կողքին էր, երբ ծննդատանը անհանգիստ սպասում էինք որդուս ծնունդին, նա ինձ հետ հավասար հուզվեց ու ապրեց բոլոր զգացողությունները, որ սովորաբար հայրիկները ունենում են. այդ պահը երբեք չեմ մոռանա: Իմ եւ հայրիկիս կյանքում պապս՝ Արտյոմ Քոթանջյանը, մեծ դեր է խաղացել, նա շատ օրինակելի մարդ էր, ում անընդհատ ձգտել ենք նմանվել ես էլ, հայրս էլ: Լինելով տան միակ երեխան՝ ես շատ էի ուզում, որ ոչ միայն հորս, այլեւ պապիս անունը տամ որդուս, եւ ի ուրախություն ինձ՝ մեր երկրում արդեն թույլատրելի է երկու անուն տալ երեխային: Իմ տղան կրում է եւ հայրիկիս, եւ պապիս անունը՝ նա Ռաֆայել-Արտյոմ Քոթանջյանն է, իսկ որպես հայր՝ հույս ունեմ, որ տղաս իր անուններին արժանի կլինի եւ ինչ-որ կերպ նման կլինի հորս ու պապիս»:

Մինչ բալիկի ծնունդը Մայքլ Քոթանջյանն իր ընտանիքի հետ միասին մեկնել էր ԱՄՆ, ու քանի որ Մայքլի կինը՝ Աշխենը, հղիության վերջին ամիսներում էր գտնվում,  այդ փաստը շատերին թույլ տվեց կարծել, թե նրանք մեկնել էն Միացյալ նահանգներ՝ որդուն այնտեղ լույս աշխարհ բերելու համար: Պարզվում է, որ այդ կասկածանքները չեն համապատասխանում իրականությանն ու կրտսեր Ռաֆայել-Արտյոմ Քոթանջյանը ծնվել է Երեւանում՝ «Շենգավիթի» ծննդատանը.

«Ինձ էլ են հասել այն կարծիքները, թե ԱՄՆ ենք մեկնել, որպեսզի կինս այնտեղ երեխային ծննդաբերի, բայց իրականում աղջկաս՝ Լիկային, շատ վաղուց խոստացել էի, որ իր երեք ամյակը կնշենք Դիսնեյլենդում՝ իր սիրած մուլտֆիլմների հերոսների շրջապատում: Ուրախ եմ, որ կարողացա խոստումս կատարել, մենք մեր ողջ ընտանիքով մեկնեցինք ԱՄՆ, հունվարի 14-ի այնտեղ նշեցինք աղջկաս ծննդյան օրը, ընթացքում ես ու հայրս մենահամերգ եւ մի քանի ելույթ ունեցանք ու վերադարձանք մեր հարազատ երկիր, որպեսզի որդիս ծնվեր իմ հայրենիքում: Ի դեպ՝ իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել կնոջս բժշկուհուն՝ Հասմիկ Անդրեասյանին, հենց նրա թեթեւ ձեռքով ծնվեց որդիս, նա ոչ միայն հիանալի մասնագետ է, այլեւ շատ լավ մարդ»,- մանրամասնեց դերասանը:

Խոսելով եղբոր հանդեպ դստեր վերաբերմունքից՝ երջանիկ հայրիկը պատմեց.

«Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, մեզ մոտ եւս կա որոշակի անհանգստություն, որ աղջիկս իրեն երկրորդ պլանում չզգա, խանդի զգացողություններ չունենա: Մենք ոչ միայն չենք պակասեցրել աղջկաս հանդեպ ուշադրությունը, այլեւ թե մինչեւ տղայիս ծնունդը, թե հիմա խոսում ենք իր հետ, բացատրում, որ նա արդեն տան մեծ երեխան է, որ նա եղբորը պետք է շատ սիրի եւ այլն: Հետաքրքիր է, որ նա շատ սպասում էր եղբորը, միասին նվերներ ենք գնել փոքրիկ եղբոր համար, իսկ երբ առաջին անգամ տեսավ փոքրիկին, մի պահ սառած նայեց, ապա մոտեցավ ու համբուրեց: Այնուամենայնիվ՝ հորս ուշադրությունը եւս չի պակասել աղջկաս հանդեպ, նա ամեն օր պարտադիր գնում է աղջկաս սիրելի զատիկ շոկոլադները, քանի որ երբ Լիկան մանկապարտեզից գալիս է  տուն, առաջին հարկից բացականչում է «զատիկ-զատիկ». նա առաջինը ուզում է տեսնել հենց պապին, ով զատիկ շոկոլադներով իրեն է սպասում»: 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին