▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո ՞ւ Անահիտ Սիմոնյանը և Էրիկը չեն ունեցել «Վերջին զանգ», ի՞նչ «առավելություն» ուներ Սոնան դպրոցում

Այսօր Երևանի դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»:

Asekose.am-ը զրուցել է  հայտնիների հետ, ովքեր կիսվել են իրենց դպրոցական հիշողություններով ու մաղթանքներով:

Սուրգուտում իր կրթությունը ստացած երգչուհի, մոդելավորող Անահիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի նշել իր վերջին զանգն ու ավարտական երեկոն, քանի որ տվյալ ժամանակաշրջանը համընկել է իրենց՝ Հայաստան տեղափոխվելու հետ: Երգչուհին նշեց, որ դպրոցական հիշողությունները միայն լավն են և վերջում ավելացրեց. «Բոլոր շրջանավարտներին մաղթում եմ կանաչ ճանապարհ, ցանկանում եմ, որ իրենց կյանքի նոր փուլն ամուր լինի»:

Մեր հաջորդ զրուցակիցը երգիչ Էրիկն էր, ով սովորել է Թբիլիսիի 79-րդ միջնակարգ դպրոցում: Ջերմ հիշողություններով խոսելով դպրոցական տարիների մասին՝ երգիչը ցավով նշեց, որ չի նշել իր վերջին զանգը.

«Վերջին զանգից օրեր առաջ մահացավ մեր դասընկերը, հետևաբար` մենք ցանկություն չունեինք վերջին զանգ նշելու: Սակայն դպրոցական տարիներս այնքան վառ ու ուրախ են եղել, որ դրանք կարող եմ համարել իմ կյանքի ամենալավ տարիները: Արդեն 11 տարի է անցել, ինչ ավարտել եմ դպրոցս, ու չնայած հեռավորությանը՝ շարունակում եմ կապը պահել նրանց հետ»:

Զրույցի վերջում Էրիկը իր մաղթանք հղեց այս տարվա շրջանավարտներին. «Նախ կցանկանամ վստահեցնել բոլոր շրջանավարտներին, որ նրանք կարոտելու են իրենց դպրոցական տարիներն ամենից շատ: Եվ հետո, կցանկանամ մաղթել նրանց, որպեսզի կարողանան ճիշտ ճանապարհ ընտրել և պիտանի մարդ դառնալ երկրի համար»:

Asekose.am-ի հետ իր դպրոցական հիշողություններով կիսվել է նաև երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով 13 տարի է, ինչ ավարտել է Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցը: Ի դեպ, Սոնայի դասղեկը եղել է հենց իր տատիկը: 

«Արդեն բավական ժամանակ է անցել, ինչ ավարտել եմ դպրոցս։ Հիշողություններս շատ լավն են, մինչ օրս կարոտով եմ հիշում դպրոցական տարիներս ու վերջին զանգս»։ Սոնան ևս միացավ բոլոր շնորհավորանքներին ու կիսվեց իր մաղթանքներով. «Մաղթում եմ, որ բոլոր շրջանավարտներն իրենց կյանքի նոր փուլում միմիայն հաջողություններ ունենան։ Թող որ բոլորն ընդունվեն իրենց նախընտրած ուսումնական հաստատությունները։ Եվ որ ամենակարևորն է՝ ունենան անմոռանալի օր»։

Asekose.am-ը ևս շնորհավորում է բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով կանաչ ու լուսավոր ճանապարհ դեպի մեծ ապագա։

Ա. Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին