▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անընդհատ էկրաններին երևալն ինձ այնքան էլ դուր չի գալիս. Սամվել Դանիելյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է բազմաթիվ նախածերից ու սերիալներից հայտնի դերասան Սամվել Դանիելյանը, ով դերասանուհի Սիրանուշ Լազյանի ամուսինն է:

Սամվել, առաջինը կցանկանայի իմանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված,  քանի որ հեռուստաէկրաններին վերջին շրջանում Ձեզ այնքան  էլ հաճախ չենք տեսնում:

Դեռ 1999թ-ից աշխատում եմ  Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, ու հիմա էլ շարունակում եմ գործել հարազատ աշխատավայրում, միաժամանակ աշխատում եմ Հանրային հեռուստաընկերության կրկնօրինակման բաժնում:

Նախորդ հարցը շարունակելով՝ ուզում եմ հասկանալ նաեւ էկրանային  լռության պատճառները, առաջարկնե՞րն են բացակայում,  թե դրանք Ձեզ հարմար չեն:

Ճիշտն ասած՝ անընդհատ էկրաններին երեւալը ինձ այնքան էլ դուր չի գալիս: Հեռուստադիտողն իրավունք ունի երբեմն-երբեմն քեզնից հանգստանալու եւ կարոտելու: Առաջարկներ միշտ էլ կան, պարզապես պետք է ընտրել ամենահամապատասխանը, որի համար արժե ժամանակ վատնել: Ես ինձ թատրոնում լիարժեք ու բավարարված եմ զգում, ինչպես նաեւ հասցրել եմ ինձ շատ հարազատ համարել կրկնօրինակման աշխատանքը:

Գիտեմ, որ ի տաբերություն էկրանային աշխատանքի՝ թատրոնում  զբաղվածությունը մշտական է: Ի՞նչ է կատարվում Ձեր «մշտական աշխատավայրում» եւ  ի՞նչ  ծրագրեր կան այդ  առումով:

Այո, թատրոնում զբաղվածությունս իրոք մշտական է, մենք տարեկան մի քանի նոր ներկայացումներ ենք հանձնում հանդիսատեսի դատին, որոնցից զգալի մասի մեջ ես ունեմ իմ մասնկցությունը: Հենց այս պահին էլ աշխատում ենք երկու ներկայացման վրա, որոնցից մեկի՝ «Մերի Փոփինս»-ի պրեմիերան կկայանա մոտ օրերս:

Սամվել, բոլորին է հայտնի, որ Ձեր կինը եւս դերասանուհի է: Հետաքրքիր է՝  երկու դերասաններ մեկ ընտանիքում դժվար չէ՞,  որն է դրա առավելություններն ու թերությունները:

Բարեբախտաբար, կինս նույնպես դերասանուհի է եւ մենք գրեթե միշտ միասին ենք աշխատում: Սակայն պետք է նկատեմ, որ մենք աշխատավայրում իրար վերաբերվում ենք որպես կոլեգաների, ինչը միայն օգնում է մեզ: Ինչ վերաբերվում է թերություններին՝ ուրախ եմ, որ առայժմ այդպիսիք չկան. նույն մասնագիտություն ունենալը մեր ընտանիքում իր անհաշվելի առավելություններն ունի:

Ձեր տանը մեծանում են երկու հրաշք փոքրիկներ, ի՞նչ հետաքրքրություններ ունեն երեխաներն ու  դերասանների ընտանիքում  ի՞նչն է կարեւորվում երեխաների դաստիարակության հարցում:

Մեծ դուստրս 9 տարեկան է, արդեն մոտ 5 տարի է պարի է հաճախում: Իսկ փոքրս երեք տարեկան է ու գրեթե միշտ մեզ ուղեկցում է թատրոն, մասնակցում փորձերին, ներկայացումներին: Սակայն նրա այցերը թատրոն այսուհետ կկրճատվեն, քանի որ մի քանի օր է, ինչ մանկապարտեզ է հաճախում: Պետք է նշեմ, որ փոքր աղջիկս այնքան լուրջ է գալիս թատրոն, որ երբեմն ինքն իրեն ասում է՝ «Ես գնում եմ գործի, աշխատում եմ թատրոնում»: Մեզ համար շատ կարեւոր է, որ երեխաները մեծանան հանգիստ մթնոլորռում: Բնականաբար, մեր գործից ելնելով՝ նրանք չէին կարող չկապվել թատրոնին, ինչի համար ես էլ, կինս էլ շատ ուրախ ենք, չէ որ էլ ուրիշ որտե՞ղ երեխան կարող է այդչափ բազմազանություն ու անկեղծություն տեսնել:

Սամվել, կցանկանա՞ք, որ երեխաներն էլ ընտրեն Ձեր ուղին:

Ես միշտ ասել եմ, որ երբեք դեմ չեմ լինի, որ երեխաներս մեր ուղին ընտրեն, ընդհակառակը, ուրախ կլինեմ, որ երեխաներս մեզ տեսնելով ընտրեն դերասանությունը, դա կնշանակի, որ այնքան անկեղծ ու ազնիվ ենք մեր գործն արել, որ նույնիսկ երեխաներիս ենք հավատացրել ու սեր սերմանել նրանց մեջ: Տեսնենք՝ ինչպես կստացվի, ես միշտ պատրաստ եմ աջակցել եւ օգնել նրանց, մնում է իրենք կատարեն իրենց ընտրությունը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին