▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհին նոր բացահայտումներ է անում Վլադիմիր Վիսոցկու մասին

Վիսոցկին և Աբխազիան. Հայտնի բարդը շատ է այցելել Աբխազիա Սև ծովով շրջագայությունների ընթացքում

Այս պատմության հեղինակ Էլեոնորա Գիլոյանը անձամբ ծանոթ չի եղել Վիսոցկու հետ: Բայց նա իր կուռքի մասին պատմությունն է պատմում այսօր, նրա մահվան տարելիցի կապակցությամբ:

Սկիզբը

Առաջին դասարան, ես 7 տարեկան եմ: Դասվարը մայիսի 9-ի նախօրեին հանձնարարում է Հայրենական Մեծ պատերազմի մասին բանաստեղծություն սովորել: Ես որոշեցի մայրիկիս օգնությանը դիմել: Նա ասաց. գնա մեր գրադարանից գտիր ոմն Վիսոցկու: Գտա: Մայիսի 9-ի բանաստեղծություն, իմաստ, տղամարդ: Ամեն ինչ գտա:

Իմ ու Վիսոցկու հարաբերությունները կտրուկ էին զարգանում: Ես կարդում էի, սովորում, լսում, նորից էի կարդում: Նույնիսկ ուզում էի թատերական ընդունվել միայն նրա համար, որ ընդունելության քննություններին արտասանեմ հենց այս պոետի գործերը: Չսխալվեցի, հենց պոետի: Վիսոցկուն կարդալ է պետք, հենց այդ ժամանակ է կախարդանքն աշխատում: Եվ ահա, հենց իմ ու նրա մոտ այդ կախարդանքը սկսեց կատարվել, պեղումներս սկսեցի: Ինձ հետաքրքրում էր Վիսոցկու հետ կապված ամեն ինչ՝ ընկերները, կանայք, երեխաները:

Գտնել Աբխազիան

Բոլոր հայտնի գործերում և մարդկանցում մոլագարի պես Աբխազիան եմ փնտրում: Ինձ թվում է՝ իմ երկիրը չի կարող տաղանդավոր մարդու համար անհետ կորել:

Օրինակ, իմ սիրելի ռուս դասական Չեխովը սիրում էր մեր հայրենիքը: «Բնությունը կատաղության և հուսահատության չափ գեղեցիկ է, - գրում էր Չեխովը, - եթե ես Աբխազիայում ապրեի գեթ մեկ ամիս, կարծում եմ, մի քանի տասնյակ հրապուրիչ հեքիաթներ կգրեի: Ամեն թփից, սարերի բոլոր ստվերներից ու կիսաստվերներից, ծովից ու երկնքից ինձ են նայում հազարավոր սյուժեներ»:

Կոնստանտին Սիմոնովն Աբխազիայում հաճախ էր լինում, ընկերություն էր անում մեր գրողների հետ:

Իհարկե, ես շատ էի ուզում, որ Վիսոցկին ինչ-որ կերպ կապված լիներ իմ Աբխազիայի հետ: Ես դրա ապացույցներն էի փնտրում: Եվ դրանք քիչ չէին:

 

Սթափ գլխով 
Վիսոցկու՝ Սուխում կատարած այցերի մեծ մասը կապված «Աջարիա», «Վրաստան» և «Շոթա Ռուսթավելի» շոգենավերով շրջագայությունների հետ: 1968թ-ից սկսած՝ Վիսոցկին գրեթե ամեն տարի Ալեքսանդր Նազարենկո և Անատոլի Գարագուլ կապիտանների հյուրն էր լինում, ում նավերն ընթանում էին ղրիմկովկասյան երթուղով և հաճախ էին Սուխում մտնում:

Պատմում է սուխումցի Լև Լևիտասը.

«Դա 1971թ-ի ամռանն էր: «Շոթա Ռուսթավելի» շոգենավի կապիտան Նազարենկոյի՝ ուղևորների հարցով օգնականը ընկերս էր՝ Վոլոդյա Դոբրոդեևը: Եվ ահա մի անգամ նա զանգահարում է և ասում, «Մեզ մոտ շոգենավի վրա մի տիկին կա: Չե՞ս կարող նրան քաղաքը ցույց տալ»: Ինչո՞ւ ոչ: Մենք հյուրեր սիրում ենք:

Եվ գնացի նրա մոտ: Մտնում եմ Դոբրոդեևի նավախուց, նա զանգահարում է ներքին հեռախոսով. «Մարինոչկա, մեկ րոպեով արի, խնդրում եմ»: Ներս է մտնում բարեկազմ, հետաքրքիր և ինչ-որ մեկին հիշեցնող մի կին: Վոլոդյան մեզ ծանոթացրեց և ասաց. «Մարինան խաչապուրի շատ է սիրում, նրան սրճարան տար՝ մի բան թող ուտի»: Սրճարան՝  խնդիր չկա, սակայն մի բան չէի կարող հասկանալ... Երբ ես ու Վոլոդյան մենակ մնացինք, հարցրի. «Իսկ ինձ ինչո՞ւ ես կանչել: Էլ մարդ չկա՞, որ նրան սրճարան տանի»: Իսկ նա ծիծաղում է. «Հիմարիկ: Ախր նա Մարինա Վլադին է: Չճանաչեցի՞ր»: Երբ դա լսեցի, քիչ մնաց ընկնեի:

Սրճարան մտանք: Մարինան խաչապուրի, ձմերուկ և 50 գրամ կոնյակ պատվիրեց: Նստած սպասում ենք, որ բերեն: Մարինան ասում է. «Հիմա ամբողջ խմբով կգան»: Եվ ահա մատուցողուհին բերում է պատվերը: Ճանաչում է՝ ով է իր առջև, քիչ է մնում սկուտեղը ձեռքից գցի: Չէ՞ որ Սուխումը փոքր քաղաք է, և հանկարծ անձամբ Մարինա Վլադին է գալիս:

Մեզ մոտեցան Վիսոցկին, Դոբրոդեևը, Նազարենկոն և էլի ինչ-որ մեկը: Նստեցինք, ծանոթացանք, սկսեցինք պատվիրել: Վիսոցկին ասում է. «Ոչ մի գրամ չեմ խմելու, դադարել եմ»:

 

 

Պաշտոնապես միակը 

Սուխումով Վիսոցկին ոչ միայն անցնելիս է եղել, այլ նաև 1972թ-ին համերգ է տվել (որոշ հիշողություններով՝ 1973-ին):

Այն ժամանակ Գեգի ջրվեժի մերձակայքում «Վատ լավ մարդ» ֆիլմն էին նկարահանում: Դերասանների մեջ էր, ինչպես մեզ հայտնի է, նաև Վիսոցկին: Նկարահանման օրերից մեկի ժամանակ կիթառը վերցրել և չպլանավորված համերգ էր տվել: Խմբի ուղեկիցներից ու պատահական հանդիսատեսից բացի ներկա են եղել նաև Սուխումի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի աշխատակիցները, նրանք Վիսոցկուն համոզել են համերգ տալ Սուխումում:

Վիսոցկուն ինստիտուտի մշակույթի տանը երկար են սպասել՝ մեկ ժամից ավել: Վստահություն, որ կգա, չկար: Եվ ահա վերջապես նկարահանումները վերջացնելուց հետո նա եկել է՝ հոգնած ու սոված: Կազմակերպիչներն արագ ուտելիք են պատրաստել նրա համար, սակայն նա միայն մի բաժակ գինի է խմել, նախուտեստից ինչ-որ բան գցել բերանը, վերցրել կիթառն ու դուրս եկել բեմ:

Վիսոցկին միանգամից խնդրել է, որ իրեն չընդհատեն, և զգուշացրել, որ բիս-երգեր չեն լինելու: Դահլիճում ինչ-որ մեկը որոշել է տեսանկարահանել համերգը: Նկատելով դա, Վիսոցկին ասել է, որ տեսնում է, թե ինչպես են ուզում ձայնագրել և խնդրել է չընդհատել, եթե իր մոտ ինչ-որ բան չստացվի: Այդ տեսագրությունը քաղաքում տարածվել է հաջորդ իսկ օրը:

Հիշում եմ ձեր բարությունը

Վիսոցկու այցերի ականատեսների գրեթե բոլոր պատմությունները տեղի են ունեցել Գագրայում, սակայն ոչ ոք չի հստակեցնում, թե որտեղ է կանգ առել արտիստը:

Մի քանի տարի առաջ գտա Չեպիա ընտանիքի մասին հիշատակում, ում տանն ապրել է Վիսոցկին: Այս տարի ամռանը ծանոթացա Գրիգորի Չեպիայի թոռան հետ:

Իռենը շատ հետաքրքիր բաներ պատմեց: Նրա պապը՝ Գրիգորի Ճեպիան, ում տանը մնացել է Վիսոցկին Գագրա այցելելիս, ճանաչել է «Վատ լավ մարդ» ֆիլմի տնօրենին: Եվ երբ ֆիլմի նկարահանող խումբը եկել է, պարզվել է, որ Գագրայի հյուրանոցները զբաղված են այլ ֆիլմի դերասաններով՝ «Լուսնի առևանգումը»: Այդ ժամանակ Գրիգորի Չեպիան առաջարկել է դերասաններին իր տանը տեղավորել: Նրանց մեջ են եղել նաև Անատոլի Պապանովն ու Լյուդմիլա Մակսակովան:

Դրանից հետո Վիսոցկին էլի մի քանի անգամ եկել է, արդեն՝ Մարինա Վլադիի հետ: Վալերի Պերևոզչիկովի «Բարև, ես եմ» գրքում հիշատակվում է Չեպիայի ընտանիքն ու մեջբերվում Վիսոցկու նամակը դեպի Գագրա:

«Հարգելի քեռի Գրիշա և քեռակին Լյուբա: Ձեզ գրում է ձեր հինգերորդ որդին: Ես արդեն ամբողջությամբ աշխատանքի մեջ եմ. եղել եմ Տաշքենդում և Ալմա Աթայում, Մարինան Ֆրանսիայում է, ձեզ բարևներ է ուղարկում: Խնդրում եմ՝ ձեր տանը հյուրընկալեք, այսինքն՝ պարզապես ընդունեք Սևա Աբդուլովի մորն, ում քեռի Գրիշան ճաճա էր խմեցրել: Նա ուզում է հանգստանալ: Նրա անունը Ելիզավետա Մոյիսևնա է: Նա հիանալի մարդ է, և ինձ համար որպես հարազատ մայր է: Եթե նա ձեզ մոտ լավ զգա, շատ ուրախ կլինեմ: Կարծում եմ, որ դուք էլ նրան կսիրեք: Բարևեք երեխաներին: Գրկում եմ: Հիշում եմ ձեր բարությունը: Մինչ նոր հանդիպում՝ Վոլոդյա Վիսոցկի»:

 

Շշի, կանանց և փոթորիկի մասին

Ինքը Վիսոցկին այցելել է Չեպիա ընտանիքին 1973թ-ի օգոստոսին: Այն ժամանակ նա Մարինայի հետ հանգստանալու է եկել Պիցմունդ, նրա հետ են եղել Վսևոլոդ Աբդուլովն ու Բրեժնևի անձնական թարգմանիչ Վիկտոր Սուխոդրևը կնոջ հետ:

Սուխոդրևը կիսվել է Պիցմունդում Վիսոցկու հետ հանգստյան մասին հիշողություններով: Նրա խոսքով, Չեպիայենց տանը նրանք հայտնվել են, քանի որ Սուխոդրևի հարսանիքի տարեդարձն էր մոտենում, և պետք էր լավ գինի գտնել: Տանտերն իրոք մի մեծ շիշ գինի է տվել և գումար չի վերցրել: Ճիշտ է՝ դրա դիմաց ստիպված են եղել մի «ամբողջ կովկասյան կերուխումի մասնակցել»:

«Այդ ամենն ավարտվեց նրանով, ինչով և պետք է ավարտվեր: Վոլոդյան շիշն ու մեզ տեղավորեց «Ռենոյի» մեջ և երեկոյան (մեր կանայք արդեն սկսել էին անհանգստանալ) վերադարձանք տուն: Վոլոդյան մեզ հերթով դուրս բերեց մեքենայից՝ սկզբում Սևային, հետո ինձ, հետո շիշը, և օգնեց մեր սենյակ հասնել», - գրում է Սուխոդրևը:

Սուխոդրևի մեկ այլ հիշողությունն ավելի կարևոր է:

«Մի անգամ (նույն Պիցմունդում) բառացիորեն մեր աչքի առաջ Վոլոդյան փոթորիկի մասին երգ գրեց: Իրոք այդպիսի օր էր, փոթորիկ էր, լողալ հնարավոր չէր, ինչ-որ անորոշ եղանակ էր՝ արևախառն անձրև... Հաջորդ օրը ծովը խաղաղվեց, իսկ Վոլոդյան նախաճաշելիս ասաց. «Տղաներ, իսկ ես փոթորկի մասին երգ եմ գրել»: Եվ արտասանեց այն: Հենց արտասանեց, այլ ոչ թե երգեց: Հենց այդ նույն փոթորկի մասին, որտեղ նա ալիքները համեմատում էր ձիու բաշի հետ, հետո անցում կատարում դեպի իրեն՝. «Ես նույնպես գլուխ եմ կոտրում»: Խոսքը «Փոթորկում է ողջ երեկո» երգի մասին է:

Չեպիայի տանը մինչ այսօր պահպանվել է կիթառը, որը նվագել է Վիսոցկին: Իսկ ահա գլխաշորը, որը տիկին Լյուբային նվիրել է Մարինա Վլադին, պահպանել չի հաջողվել:

Ծովն ու սարերը

Ապրում եմ վստահությամբ, որ Վիսոցկուն Աբխազիան շատ անգամ է ոգեշնչել: Ինձ թվում է, որ ծովային թեմաների մեծ մասը նրա գործերում աբխազական է: Կարդալով այս տողերը՝ ես պատկերացնում եմ բացառապես մեր ծովը, սակայն ծանոթ եմ այլ ծովերի նույնպես:

Վիսոցկին իրոք շատ է եղել Կովկասում «Ուղղահայացները» ֆիլմի նկարահանումներից մինչև հյուրախաղեր Դաղստանում, Կաբարդա-Բալկարիայում, Հյուսիսային Օսիայում և Չեչնիայում: Վիսոցկու կյանքի հիմնական սարերը եղել են հենց այնտեղ՝ մեր սարերից ոչ հեռու: Եվ ո՞վ գիտի, թե որ ոլորաններում է հայտնվել մեր հերոսը:  

Այսօ՞ր

Ես հաճախ եմ փորձում Վիսոցկուն պատկերացնել այսօր: Ո՞վ և որտե՞ղ նա կլիներ: Ի՞նչ կգրեր: Եվ հասկանում եմ, որ չէի ցանկանա նրան տեսնել այսօր: Այնտեղ, որտեղ կոմերցիոն մի բան կա, որի անունը «Շնորհակալություն, որ կենդանի ես», որն ինձ ստիպել եմ մինչև վերջ նայել, որ ձեզ այն չնայելու խորհուրդ տալու իրավունք ունենամ: Այնտեղ, որտեղ Վիսոցկու անվան «Իմ ուղին» մրցանակը վերածվել է կեղծ հայրենասիրական աբսուրդի:

Ես սիրում եմ վաթսունականների վերջի Վոլոդյային: Ես ճշմարտությունն եմ գտնում Տագանկայի բակերում: Եվ այժմ, հայտնվելով նրա մայրաքաղաքում, վստահ աջ եմ թեքվում Վագանկովսկու դարպասներից դեպի տիեզերքի ամենաանհեթեթ արձանը, որտեղ միշտ նրա բանաստեղծություններն անգիր իմացող և նրա երգերը երգող մարդիկ կան: Եվ իհարկե այստեղ՝ Սուխումում, մենք ամեն առավոտյան սուրճ ենք խմում կառամատույցում, ուր այդքան հաճախ էր գալիս Նա:


JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին