▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ արդեն հոգնել են նման տեսարաններից. Հասմիկ Վերդյան

Life.panorama.am-ը գրում է. Կայքի զրուցակիցն է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Լրագրողները» հեռուստասերիալում, որը բաղկացած է 12 մասից եւ մի քանի եթերաշրջաններից:

Դերասանուհին, ում երկար ժամանակ էր, ինչ հեռուստաէկրաններին չէինք տեսնում, նոր նախագծի մասին խոսելիս՝ պատեց.

«Հրավերը ստացա ռեժիսոր Արթուր Պապյանից, թեեւ այս հեռուստասերիալն  ունի երկու ռեժիսոր՝ Կարեն Քոչարյանն ու Արթուր Պապյանը: Ինչ վերաբերվում է հերոսուհուս, մարմնավորում եմ քարտուղարուհու, լրագրողուհու, ով շատ հետաքրքրասեր է ու իր կյանքից բացի այլ մարդկանց կյանք էլ է սիրում մտնել: Իսկ երկրորդ եթերաշրջանում նա կտրուկ փոխվում է՝ դառնալով ավելի հոգատար ու սրամիտ: Բազմիցս եմ նշել, որ իմ կերտած դերերով չեմ ինքնահաստատվում, ես անում եմ դերասանի աշխատանքը, այսինքն՝ կերտում եմ յուրաքանչյուր դեր, ինչ ինձ տրված է: Պետք է նշեմ, որ այս առաջարկն ընդունելու հարցում նշանակություն է ունեցել նաեւ հերոսուհուս վարքը, այստեղ ես չեմ խաղում բաց տեսարաններում»։

Հարցին, թե Հասմիկը խուսափո՞ւմ է նման դերերից ու տեսարաններից, պատասխանեց.

«Գիտեք, եթե նման դերն ու տեսարանը արդարացված է, ապա դերասանը չպետք է խուսափի դրանից, քանի որ իր աշխատանքն է, իսկ եթե դա արվում է զուտ կոմերցիոն նպատակներից ելնելով, ընդամենը հեռուստադիտող ունենալու համար, ինչ խոսք, անընդունելի է: Կարծում եմ՝ մարդիկ արդեն հոգնել են նման տեսարաններից. եթե ես ռեժիսոր լինեի, ավելի «կյանքային» ֆիլմեր կնկարահանեի, քանի որ մարդկանց առավել շատ հետաքրքիր է իրենց հոգսերի մասին ֆիլմերը, որտեղ գուցեեւ լուծման ճանապարհներ գտնեն, քան չարդարացված բաց տեսարանները»:

Ի դեպ՝ Հասմիկ Վերդյանը նկատեց, որ իրական կյանքում հետեւում է լրագրողների աշխատանքներին, սիրում է կարդալ հոդվածներ ու լուրեր, որոնց շնորհիվ քաջատեղյակ է լինում երկրի ներսում եւ աշխարհում կատարվող իրադարձություններից:

Հեռուստաֆիլմից զատ՝ Հասմիկ Վերդյանը պատրաստվում է նոր թատերաշրջանին.

«Այս շրջանում թատրոնում դեռեւս հանգիստ է, սակայն հոկտեմբերից կսկսենք նոր խաղաշրջանը, որի ընթացքում ունեմ գլխավոր ու ինձ համար շատ սիրելի կերպարներ: Օրինակ՝ «Սիրային քառանկյունին», «Տիկին մինիստրուհի»-ն, որտեղ մարմնավորում եմ մինիստրուհու աղջկա կերպարը, ի դեպ՝ այս ներկայացման շրջանակներում ինձ շատ հետաքրքիր էր պարոն Շահվերդյանի հետ աշխատելը, նա էլ Հակոբ Ղազանչյանի նման թույլ է տալիս, որպեսզի դերասանը ինքնադրսեւորվի եւ անգամ իր դերի որոշ դետալներ ինքնուրույն բեմադրի»,- պատմեց դերասանուհին ու հավելեց.

«Ես չեմ սիրում շարունակ նույնանման կերպարներով ներկայանալ, եւ ուրախ եմ, որ հատկապես թատրոնում ինձ բախտ է վիճակվում իրարից խիստ տարբերվող կանանց մարմնավորել: Ինձ դերասանի գույները, կերպարանափոխությունն ու նոր բաներ բացահայտելու երեւույթը շատ է հետաքրքիր»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին