▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Աղաջանյանը` Հայաստան վերադառնալու պատճառի մասին

 


«Վարդուհու կորստի ցավը ոչ մի կերպ չի խլանում». Արման Աղաջանյանը` Հայաստան վերադառնալու պատճառի մասին

Life.panorama.am-ը գրում է. Կինոռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր Արման Աղաջանյանը, ով ապրում է ԱՄՆ-ում, այս օրերին Երևանում է:  Հայաստան վերադառնալու պատճառի ու այլ թեմաների շուրջ կայքը զրուցել է Արման Աղաջանյանի հետ:

-Արման, ի՞նչն է այս անգամ Ձեզ բերել Երևան:

-Հոկտեմբերի 15-ին լրացավ իմ շատ լավ ընկեր ու ընկերոջից էլ առավել Վարդուհի Վարդանյանի մահվան 10-րդ տարին և գալուս միակ պատճառն էլ հենց դա էր. Վարդուհու կորստի ցավը ոչ մի կերպ չի խլանում: Եկել եմ հենց այդ օրը, կվերադառնամ հոկտեմբերի 26-ի գիշերը` Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին մասնակցելուց հետո: Նշեմ նաև, որ վերադառնալուս երկրորդ պատճառը իմ ու Վարդուհու «Երանի» տեսահոլովակի թողարկումն էր, որը նկարահանվել էր դեռևս 2005թ-ին, երբ նա ողջ էր:

-«Երանի» տեսահոլովակն արդեն ներկայացված է ու հասցրել է շատերին հուզել: Եթե կադրերը կային դեռ տասը տարի առաջ, ինչո՞ւ որոշեցիք միայն հիմա այն ներկայացնել հանրությանը:

-Այո, այս աշխատանքը նկարահանեցինք «Կորած յար» տեսահոլովակը նկարահանելու ժամանակահատվածում, սակայն այն չհասցրեցինք ներկայացնել, որովհետև սկզբում այլ գործերով էինք զբաղված, իսկ հետո տեղի ունեցավ այդ դեպքը: Նախ` ուզում եմ շնորհակալություն հայտնել երգի հեղինակներին` երգահան, գործիքավորող Կարեն Մարգարյանին, Անիտա Հախվերդյանին, ով գրել է խոսքերը ու նաև Սերգեյ Դավթյանին, ով կատարել է տեսահոլովակի մոնտաժն ու անիմացիան: Նշեմ նաև, որ այս տեսահոլովակը նկարահանումից տասը տարի անց ներկայացնելը մեծ բարդությունների հետ էր կապված. Այն տասը տարի առաջ է նկարահանվել ու որակի առումով զիջում էր այսօրվա պահանջներին: Ի դեպ` ես ու Վարդուհին մի քանի գործեր էլ ունենք, որոնք մի օր կհանձնեմ հանդիսատեսին:

-Արման, բավականին հազվադեպ եք գալիս Հայաստան, ինչի՞ հետ է դա կապված:

-ԱՄՆ-ում եմ արդեն 20 տարուց ավելի ու արդեն այնքան կապված եմ այդ երկրի իմ կենցաղի հետ: Ընտանիքս, երեխաներս ու աշխատանքս հաճախ թողնել չեմ կարող, ու այդ իսկ պատճառով հաճախակի գալն իր բարդություններն ունի, այլապես Հայաստան գալու առիթը բաց չեմ թողնում, չէ որ այստեղ ունեմ բազում ընկերներ, հարազատներ ու այստեղ է իմ  սիրելի քաղաքը` Երևանը:

-Կարծում եմ` կհետևեք հայկական երաժշտարվեստի այսօրվա կյանքին, հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը այդ ասպարեզի մասին:

-Եթե անկեղծ ասեմ` ես չեմ հետևում այդ արվեստին, միայն եզակի դեպքերում, երբ ընկերներս են դրանք ներկայացնում: Չգիտեմ` ինչքանով ես իրավունք ունեմ կարծիքս հնչեցնելու, քանի որ ըստ իս` ավելի ավանդ ունեցող մարդիկ կան, ովքեր պետք է խոսեն, առաջինը դեմ կանգնեն այսօրվա մահմեդական երաժշտական ոճին, բայց չգիտես ինչու լռում են: Օրինակ` մեծ ցանկություն ունեմ լսելու Ռուբեն Մաթևոսյանի, Արթուր Գրիգորյանի կարծիքը:

-Հետաքրքիր է` երկարատև բացակայությունից հետո Ձեզ համար ի՞նչ փոփոխություն եք նկատել, ընդ որում խոսքս վերաբերվում է ոչ միայն քաղաքի արտաքին տեսքին:

-Ուրախալի է, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանի կառավարչական ասպարեզում, ինչը բավականին ոգեշնչում է իմ հայրենակիցներին, ովքեր այստեղ են ապրում: Մեր քաղաքն այսօր յուրովի է շնչում, ավելի շատ օպտիմիզմով է լցված, ինչը ևս ուրախալի փաստ է:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին