▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր նրանք, ովքեր ձեզ երբևէ հիացրել են, գոնե մի անգամ պարտություն են ապրել երազանքը հետապնդելիս. Ալ Պաչինո

Աշխարհը, ուր ապրում ենք, շատ է հյուծում։ Նա անշնորհակալ է։ Նույնիսկ դրա մեջ ապրելուց դուք հոգնել եք։ Դուք հոգնել եք չափազանց շատ սիրելուց, հոգալուց, տալուց աշխարհին, որը երբեք ոչինչ չի տալիս փոխարենը։ Հոգնել եք անորոշությունից։ Հոգնել եք գորշ կենցաղից։

Մի ժամանակ լի եք եղել պայծառ հույսերով, լավատեսությունն ավելի շատ է եղել, քան ցինիզմը, դուք պատրաստ եք եղել նորից ու նորից տալու։ Բայց կոտրված սիրտը, ինչ-որ մեկի չկատարած խոստումը, չհաջողված ծրագրերը՝ այս բոլորը ձեզ աստիճանաբար երկնքից գետին են իջեցրել։ Աշխարհը ոչ միշտ է ձեր նկատմամբ բարի եղել, և դուք ավելի շատ կորցրել եք, քան շահել։ Իսկ հիմա բացարձակապես ոչ մի ոգևորություն չկա, որ նորից փորձեք։ Ես ձեզ հասկանում եմ։

Իրականությունն այն է, որ մենք բոլորս հոգնել ենք։ Մեզնից յուրաքանչյուրը։ Որոշակի տարիքի հասնելու հետ մենք բոլորս ավելին չենք, քան մի բանակ կոտրած սրտերի ու նվացող հոգիների, որոնք հուսահատ ներդաշնակություն են փնտրում։ Մենք ավելին ենք ուզում, բայց չափից շատ հոգնած ենք դա խնդրելու համար։ Մեզ դուր չի գալիս տեղը, ուր հիմա ենք, բայց չափազանց վախեցած ենք, որ ինչ-որ բան նորից սկսենք։ Մենք պիտի ռիսկի դիմենք, բայց վախենում ենք տեսնել, թե ինչպես է շուրջն ամեն ինչ ուղղակի փուլ գալիս։ Ի վերջո, մենք վստահ չենք, թե քանի անգամ կարող ենք ամեն ինչ նորից սկսել։

Մի ճշմարտություն էլ կա. Մենք իրարից ենք հոգնել։ Հոգնել ենք խաղերից, որ խաղում ենք, ստից, որ ասում ենք, անորոշությունից, որ նվիրում ենք իրար։ Չենք ուզում դիմակ հագնել, բայց միամիտ ապուշ մնալն էլ մեր սրտով չի։ Ստիպված մեզ համար տհաճ դեր ենք խաղում ու մեզ ինչ-որ մի բանի տեղ ենք դնում, որովհետև վստահ չենք, որ ճիշտ ընտրություն ենք արել։

Ես գիտեմ՝ որքան դժվար է շարունակել ինչ-որ բան անել կամ փորձել ձեռնարկել նորանոր փորձեր, երբ հոգևոր ուժերը սպառվել են։ Իսկ այն լավատեսական իդեալները, որոնց դուք ձգտել եք երբևէ, հիմա անհույս ու հիմար բաներ են թվում։ Բայց գիտե՞ք՝ ինչ եմ խնդրում, քանի որ այդքան մոտ եք հանձնվելուն. հավաքեք բոլոր ուժերն ու ևս մի փորձ արեք։

Մենք շատ ավելի կենսունակ ենք, քան կարող ենք պատկերացնել, և սա անվիճելի ճշմարտություն է։ Մենք ընդունակ ենք տալու ավելի շատ սեր, ավելի շատ հույս, ավելի շատ կիրք, քան հիմա ենք տալիս։ Մենք անհապաղ արդյունք ենք ուզում և հանձնվում ենք, եթե արդյունքը չենք տեսնում։ Մենք հետադարձ կապի բացակայության պատճառով հիասթափություն ենք ապրում և ուղղակի թողնում ենք բոլոր փորձերը։

Հասկացեք, մեզնից ոչ ոք չի կարող ամեն օր ոգևորված լինել։ Մենք բոլորս շնչակտուր ենք լինում։ Բոլորս էլ վշտանում ենք։ Բոլորս էլ հոգնում ենք։ Փաստը, որ դուք ուժասպառ եք եղել ու հոգնել եք կյանքից, բոլորովին էլ չի նշանակում, թե դուք դոփում եք տեղում։ Բոլոր նրանք, ովքեր ձեզ երբևէ հիացրել են, գոնե մի անգամ պարտություն են ապրել երազանքը հետապնդելիս։ Բայց դա չի խանգարել նրանց հասնելու իրենց նպատակներին։ Ձեզ թույլ մի տվեք հանձնվել՝ ինչ էլ որ անելու լինեք՝ ամենօրյա կենցաղը լինի, թե մեծ ու հսկայական ծրագրեր իրագործելը։

Երբ հոգնած եք, շարժվեք դանդաղ։ Շարժվեք հանգիստ, անշտապ։ Բայց մի կանգնեք։ Դուք միանգամայն օբյեկտիվ պատճառներով եք հոգնել։ Հոգնել եք, որովհետև շատ բան եք փոխում ու անում։ Հոգնել եք, որովհետև աճում եք։ Եվ ինչ-որ ժամանակ այդ աճը կկարողանա պետք եղածի չափ ձեզ ոգևորել։

Ռուսերենից թարգմանությունը՝ բլոգեր Հասմիկ Ղազարյանի 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին