▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերիալները կործանում են մեր մտածողությունը, ռաբիզ իրականություն բերում մեր կյանք. Նարինե Գրիգորյան

Life.panorama.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Նարինե, ինչպես եք  գնահատում այսօրվա հայկական կինոարտադրությունը:

-   Կարծում եմ՝ արդեն տրվել է հայկական կինոարավեստի վերածնունդի մեկնարկը: Արդեն իսկ հրաշալի ֆիլմեր են նկարահանվում, որոնք հայ հանդիսատեսին կրկին կինոթատրոններ են տանում: Ունենք հետաքրքիր երիտասարդ մտածողներ, այնպես որ, վստահ եմ, որ այսուհետ այս ոլորտը անընդհատ բարգավաճելու է:

-Այն դերասանուհիներից եք, ում սերիալներում գրեթե չենք տեսնում: Ուզում եմ հասկանալ՝ Ձեզ չե՞ն հրավիրում, թե դուք եք դրանցից հրաժարվում:

-  Իրականում, եթե տարիներ առաջ հրաժարվում էի այդ առաջարկներից՝ ժամանակ չլինելու պատճառով, ապա հիմա ուղղակի համարում եմ, որ դրանք շատ վատն են: Այն ժամանակ չէի էլ հասցնում հետեւել, բայց հիմա, երբ բալիկ ունեմ, մեկ-մեկ փորձում եմ հետեւել ու հասկացա, որ դրանք ուղղակի կործանում են մեր մտածողությունը, դրանք սուտ, ռաբիզ ու զզվելի  իրականություն են բերում մեր կյանք: Կարծում եմ՝ սերիալը շատ լավ ժանր է, բայց դրան պետք է ճիշտ մոտենալ: Ցավոք, մեզ մոտ այդ ժանրում հատկապես սցենարի մակարդակով ոչ պրոֆեսիոնալիզմություն է տիրում: Չեմ ամաչում ասել՝ մեզ մոտ սերիալների սցենարները շատ վատն են: Ինձ համար սցենարը շատ կարեւոր է, միշտ առաջինը հետեւում եմ ինձ առաջարկվող ֆիլմերի սցենարներին: Եթե հիմա շատ լավ սցենարով առաջարկ ստանամ որեւէ սերիալից, որտեղ համախոհ կլինեմ նաեւ ռեժիսորի հետ, ապա չեմ մերժի:

-Ուզում եմ հետաքրքրվել նաեւ անելիքներով, ի՞նչ ծրագրեր ունեք:

-   Վերջես նկարահանվել եմ մի քանի ֆիլմերում: Շուտով կթողարկվի պարսկահայկական համատեղ ֆիլմը՝ «Եվան», որը Արցախի հետպատերազմյան կյանքի մասին է: Այս տարի լույս կտեսնի նաեւ Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» ֆիլմը, որը կրկին Արցախյան պատերազմի մասին է: Կներկայացվի Լուսինե Սարգսյանի «Թափանցիկ տանիքներ» ֆիլմը, Դիանա Կարդումյանի «Ոսկե ձկնիկ» ֆիլմը: Կարծում եմ՝ տարին ֆիլմաշատ է լինելու: Իսկ թատրոնում զբաղված եմ մի վավերագրական ներկայացմամբ, որը վաղուց էի պլանավորել. Այստեղ եւ բեմադրիչ եմ ներկայանում, եւ դերասանուհի: Այն շատ հետաքրքիր աշխատանք է. երեք երեխայի պատմություն է, որոնք վերապրել են Արցախյան պատերազմը: Հերոսների թվում ես եմ, Արման Նավասարդայանը եւ Վարշամ Գեւորգյանը: Մենք կներկայանանք հենց որպես Նարինե, Արման եւ Վարշամ, ում մանկության տարիները համընկել է պատերազմի տարիների հետ: Կներկայացվի մեր մանկության գեղեցկությունը՝ դաժան իրականության հետ: Մեր օրինակով ցույց ենք տալու, թե ինչպես է մեր ժողովուրդը ապրել պատերազմն ու հասել այսօրվա ձեռքբերումներին: Մարտի վերջին, հուսամ, սպասված պրեմիերան կկայանա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին