▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում ինձ լիարժեք ու հանգիստ եմ զգում. Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին

Life.panorama.am-ը գրում է. «32 թատրոն»-ի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Բաբաջանյանը վերջին շրջանում հաճախ է մեկնում Հայաստանից: Նա դադարեցրել է «32 թատրոն»-ի աշխատանքներն ու այս պահին ստեղծագործական գործունեություն չի ծավալում: 

Կայքը ստեղծագործական դադարի, այլեւս ոլորտում չգործելու լուրերի եւ երկրից ընդմիշտ հեռանալու մասին խոսել է Կարեն Բաբաջանյանի հետ:

«Վերջերս հաճախ եմ մեկնում ԱՄՆ, որտեղ ինձ լիարժեք ու հանգիստ եմ զգում: Այնտեղ կարողանում եմ լիցքավորվել ու կրկին վերադառնալ Հայաստան: Ստեղծագործական պասիվ շրջան է, քանի որ հիմա դեռեւս մտածում եմ, թե ի՞նչ կարելի է անել, ինչ նոր բան ստեղծել, կամ ստեղծածն էլ նորովի ներկայացնել: Ինչպես այս երկրի թերեւս բոլոր քաղաքացիները, այդ թվում եւ ինձ համար ժամանակ է պետք, որպեսզի հասկանամ անելիքներս, քանի որ այստեղ մի փոքր դժվար է նոր բաներ նախաձեռնելը:»,- նշեց Կ. Բաբաջանյանը:

Մեր հարցին, թե այս շրջանի դադարը Կարեն Բաբաջանյանի համար նորմալ ստեղծագործական գործընթա՞ց է, թե հիասթափությունների հետեւանք, նշեց.

«Կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրն իր կյանքում պարբերաբար հիասթափություններ ապրում է: Ցավոք, այսօր բոլորս էլ ունենք հիասթափվելու պատճառներ: Եթե հիասթափությունը նոր ուժ է տալիս, գուցեեւ դա պարտադիր է մեզ համար: Մեկ-մեկ անվերջ ոգեւորվելն էլ է վտանգավոր եւ սա ասում եմ իմ կյանքի փորձով»:

Մեր զրուցակցի խոսքով՝ ամենամեծ ափսոսանքը զգում է «32 թատրոն»-ի գործունեությանյ դադարեցման համար.

«Մենք, իհարկե, պատրաստի ներկայացումներ ունենք, որոնք կարող ենք խաղալ, բայց նոր ներկայացումներ, ցավոք, չկան: Խնդիրը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է աջակցություն, որի պակասը շատ մեծ է: Մենք պետական թատրոն չենք եղել, ժամանակին ես իմ միջոցներով ստեղծեցի թատրոնը, որը ամեն մեկը չէր անի ու չէր կարող, բայց ես չեմ կարող միշտ իմ միջոցներով պահել թատրոնը, պետք է աջակցություն, սատարում, որը չկա: Բացի այդ, հիմա մարդիկ շատ անվճարունակ են, նրանց համար թատրոնը առաջին անհրաժեշտության բան չէ՝ ոչ հաց է, ոչ՝ շաքարավազ, որ իրենց ամեն ինչից կտրեն ու գան թատրոն: Այսօր մարդը պետք է հոգեպես խաղաղ լինի, որ գա թատրոն: Նա պետք է կուշտ լինի, որ մտածի հոգեւոր սննդի մասին: Ինչեւէ, ամեն դեպքում, պլաններ ունեմ թատրոնում նոր բաներ ստեղծելու, այնպես չէ, որ թատրոնի աշխատանքն ավարտված է»,- հավելեց Կարենը:

Հարցին, թե մտադրություն ունի արդյոք ոլորտից հեռանալու, պատասխանեց.

«Մտքեր գուցե եղել են, բայց իմ պասիվ գործունեությամբ հետաքրքրվածները շատ են, որոնք ինձ հույս են տալիս նման բան չմտածել: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ այլ աշխատանքով զբաղվելու դեպքում շատ հեռու լինեմ ոլորտից: Ես հպարտորեն եմ վերաբերվում իմ մասնագիտությանն ու ինձ լավ եմ զգում այս ասպարեզում»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին