▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ շոու բիզնեսի մասին է խոսքը, երբ երգիչների եկամուտը խնջույքներից և հարսանիքներից է կախված. Վիգեն Հովսեփյան

Life.panorama.am-ը գրում է. Կայքի զրուցակիցն է իսպանական երգերով հայկական շոու բիզնես մուտք գործաց, սակայն այսօր արդեն նաեւ հայկական ժողովրդական երգեր կատարող Վիգեն Հովսեփայնը, ով երկար տարիներ ապրելով Իսպանիայում՝ մշտական բնակությամբ վերադարձել է Հայաստան:

-Վիգեն, հայաստանաբնակ հանդիսատեսը Ձեզ ճանաչեց իսպանական երգերով, բայց այսօր արդեն հայկական ժողովրդական երգերի ձայնասկավառակ եք ներկայացրել: Իսպանական երաժշտությունից՝ դեպի հայկական ժողովրդական երգեր՝ ինչպե՞ս կայացրիք այս որոշումն ու ինչպե՞ս ընթացավ այս ճանապարհը:

-  Եթե համարենք որոշում, ապա դա կատարված էր շատ վաղուց, քանի որ մինչեւ իսպաներեն երգելը, ես երգել եմ եւ իմ հոգու ամբողջ էությամբ, հպարտությամբ եմ կրում հայկականը: Հաշվի առնելով մի քանի հանգամանք՝ չէի կարող բաց թողնել հնարավորությունը եւ չներկայացնել "ECHOES" ձայնասկավառակը, որի միջոցով փորձել եմ իմ փոքրիկ լուման ներդնել մեր հայկական երաժշտության տարածման եւ զարգացման գործընթացին:

-Այսինքն՝ երկար տարիներ ապրելով արտերկրում` Ձեզնից անկախ լինելով ուրիշ մշակույթի մեջ, սերը դեպի հայկականը փորձեցիք պահպանե՞լ, թե արդեն այստեղ վերածնել:

-    Հայ լինելն ինձ համար ի վերուստ տրված մեծագույն շնորհ եմ համարում: Ոչինչ ինձ չէր կարող ստիպել կորցնել սերը դրա նկատմամբ: Իմ բոլոր հաջողությունները կախված են իմ տեսակից, իսկ իմ տեսակը ձեւավորել է հայկականը:

-Վիգեն, գիտեմ, որ իսպանական երաժշտությանը եւս հրաժեշտ չեք տվել: Ի՞նչ եք կարծում՝ հայ հանդիսատեսը Ձեզ ո՞ր ժանրում է առավել նախընտրում լսել: Ինքս դժվարանում եմ գտնել այս պատասխանը, քանի որ սիրվեցիք իսպանական երգերով, բայց այսօր շարունակում եք սիրվել հայկական ժողովրդական կատարումներով:

-  Միանշանակ, հայկական կատարումները, երգի բառերը, շատ կարեւոր են երգը լիովին հասկանալու եւ զգալու համար, իսկ այստեղ` Հայաստանում, իսպաներենի ոչ բոլորն են տիրապետում, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ հայերեն կատարումներս ավելի հոգեհարազատ կլինեն հայ հանդիսատեսին:

-Դուք այն երաժիշտներից եք, ով իր տեսակով արդեն իսկ ապացուցում է, որ կրթությունը միշտ չէ, որ որոշիչ է: Չունեք երաժշտական կրթություն, որը բնավ չի խանգարում Ձեզ: Հետաքրքիր է իմանալ՝ իրականում իսկապես համապատասխան կրթություն չունենալը Ձեզ համար խոչընդոտներ չի՞ ստեղծել:

-    Երաժշտական կրթություն, ցավոք, չունեմ, բայց նպատակ ունեմ սովորելու որոշ բաներ, որոնք ինձ կօգնեն եւ կհեշտացնեն ստեղծագործել, քանի որ կան երաժշտական օրենքներ, որոնց կիրառման արդյունքում հնարավորություններդ ավելի են շատանում: Դեռեւս ոչ մի խոչընդոտ չեմ ունեցել կրթության բացակայության պատճառով, դա ինձ չի խանգարում:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին