▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գրիգորյանը` երեխաների ԱՄՆ քաղաքացիություն ստանալու և Հայաստանից հեռանալու լուրերի մասին

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նոր` «Նռան հատիկ» հեռուստասերիալը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։ Խոսակցություններ տարածվեցին, որ նախագծի ղեկավարը լքում է նախագիծը, ավելի ուշ նա ասաց, որ շարունակում է աշխատել «Նռան հատիկում», սակայն խոսակցությունները, որ նա պատրաստվում է հեռանալ ոչ միայն «Նռան հատիկից», այլև  Հայաստանից չեն դադարում։

Մեր նախորդ զրույցում Դիանան ասել էր, որ իր երեխաները` Ալլան և Շառլը, ԱՄՆ քաղաքացի են, սա ենթադրությունների տեղիք է տվել, որ նա պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ։ Tert.am Life–ը պրոդյուսեր հետ խոսել է ոչ միայն նոր նախագծի, այլև ԱՄՆ տեղափոխվելու մտադրության, երեխաների ապագայի հետ կապված ծրագրերի և ամուսնու մասին։

–Դիանա, մարդիկ շարունակում են քննարկել, որ հեռացել եք «Նռան հատիկ» նախագծից և աշխատանքները շարունակվում են առանց Ձեզ։ Գիտեմ, որ ամեն օր նկարահանման հրապարակում եք ու շարունակում եք աշխատել։Այնուամենայնիվ, հեռանալու մտադրություն ունե՞ք։

-Չգիտեմ որտեղից տարածվեցին այդ լուրերը։ Այն, որ շատ կուզեի սերիալային աշխատանքը թողնել և այլ գործունեություն ծավալել, փաստ է։ Հիմա աշխատում եմ գեղարվեստական ֆիլմի սցենարի վրա, որը շատ եմ ուզում ավարտին հասցնել, բայց չեմ կարողանում, քանի որ սերիալները հաջորդում են մեկը մյուսին և շնչելու ժամանակ չի մնում։ Քանի որ սերիալից սերիալ ընդմիջում չեմ ունենում, չեմ կարողանում իրականացնել իմ ցանկությունը։ Չեմ կարողանում համատեղել ոչ առաջարկվող պաշտոնի, ոչ էլ գեղարվեստական ֆիլմի նկարահանումների հետ։

«Առաջնորդներից» հետո կարողացանք միայն 25 մասանոց սերիալի սցենար գրել, որից անմիջապես հետո առանց հանգստի անցանք «Նռան հատիկի» աշխատանքներին։ Քանի որ այն Արմենիա TV–ի միակ սերիալն է, պետք է հնարավորինս որակյալ մատուցենք։

–Կարելի՞ է ենթադրել, որ հոգնել եք սերիալային աշխատանքից։

 –Ես իմ աշխատանքից երբեք չեմ հոգնում, որովհետև, միևնույն է, դու քո ստեղծագործական պրոցեսի մեջ ես։ Սերիալում միայն չես ստեղծագործում, նաև հաշվարկ ես անում, կազմակերպում ես, տնօրինում ես։ Ուրիշ բան, եթե միայն ստեղծագործեիր, միայն ղեկավարեիր կամ միայն նկարահանվեիր։ Երբ այդ ամենը համատեղ ես անում, շատ բարդ է։ Առաջանում է հոգնածության և չհասցնելու խնդիր։ Նույնիսկ այդ դեպքում աշխատանքային պրոցեսից չեմ հոգնում, ազատ մնալուց եմ հոգնում։

Մարդկանց մոտ այն կարծրատիպն է, որ ես խենթանում եմ երկար սերիալների համար, ուզում եմ հասկանան, որ այդպես չէ։ Ես շատ կուզեմ երբեմն ընդմիջումներ ունենալ, որպեսզի կարողանամ նաև 25 մասանոց սերիալներ, գեղարվեստական ֆիլմեր նկարահանել։ Սակայն երկար սերիալը լավ է այնքանով, որ կարողանում ես և՛ հեռուստադիտողներին զբաղեցնել, և՛ երկարտև աշխատանքով ապահովել մասնագետներին։

–Դինաա, խոսակցություններ կան, որ ձեզ նոր պաշտոն են առաջարկել։ Ինքներդ էլ հպանցիկ խոսեցիք այդ մասին։ Ի՞նչ պաշտոնի մասին է խոսքը։

 –Այդ մասին փակագծեր բացել չեմ ցանկանում (ժպտում է)։

–Երեխաներդ ԱՄՆ քաղաքացիություն ունեն։ Իրենք այնտե՞ղ են ծնվել, թե՞ հետագայում է փոխվել քաղաքացիությունը։

 –Երեխաներս ծնվել են Հայաստանում։ Իրենց հոր ցանկությամբ դարձան ԱՄՆ քաղաքացի։

–Այսինքն` երեխաների ապագան ԱՄՆ–ո՞ւմ եք տեսնում։ ԱՄՆ տեղափոխվելու մտադրությո՞ւն ունեք։

 –Ապագայի մասին խոսել չես կարող։ Միայն կարող եմ ասել, որ շատ եմ սիրում Հայաստանը։ Չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել, որ իմ երկիրը չեմ լքի, միայն կասեմ, որ այսօր ունեմ հնարավորություն աշխատելու ԱՄՆ–ում։ Փաստն այն է, որ ես հիմա այստեղ եմ, թե հետո ինչ կլինի չգիտեմ։ Ամեն դեպքում, եթե ցանկություն ունենայի, արդեն ԱՄՆ–ում կլինեի։ Դավիթն էլ այնտեղ է, սակայն ես չեմ գնում, որովհետև, իրոք, չեմ ուզում լքել երկիրս։

Ինչ վերաբերում է ապագային` որևէ բան կանխատեսել չեմ կարող։ Ես կցանկանամ, որ երեխաներս իրենց կրթությունը ստանան այլ երկրում, հավանաբար, այդպես էլ կլինի։ Ինքս կմեկնե՞մ իրենց հետ, թե՞ ոչ, չեմ կարող ասել։ Գուցե իրենք գնան սովորելու, ես էլ իրենց հետ գնամ, ԱՄՆ–ում էլ շարունակեմ ծավալել իմ գործունեությունը։

–Ըստ էության`կարելի՞ է ասել Ձեր ընտանիքը 2 մասի է բաժանվել։

 –Մեր բաժանումը միայն տարածության պատճառով է։ Ինքն այնտեղ է, ես` այստեղ։ Յուրաքանչյուրս է մտածում ենք երեխաների մասին։ Դավիթը մտածեց ալտերնատիվ տարբերակ ստեղծել երեխաների համար։ Սա չի արվում, որ երեխաները լքեն երկիրը, ուղղակի այնպես ենք անում, որպեսզի նրանք երկընտրանք ունենան։ Դավիթն իր երեխաների համար ստեղծել է հնարավորություն, որ կրթություն ստանան արտերկրում և ավելի մեծ հաջողություններ ունենան։ Յուրաքանչյուր ծնողի պարտականությունն է իր երեխայի համար հնարավորինս լայն դաշտ ստեղծել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին