▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր աժիոտաժ է սկսվել. Հայկ Մարության

Հոկտեմբերի 5-ից երկար սպասված «Սուպեր մամա 2»-ը մեծ էկրաններին է:  Թեև արդյունքներն ամփոփելու համար դեռ շատ վաղ է, բայց առաջին արձագանքների մասին Life.panorama.am-ը խոսել է «Սուպեր մամայի» գլխավոր հերոս Հայկ Մարությանի հետ:

«Ֆիլմը սպասված էր, իսկ դա փաստում է այն, որ կինոթատրոններում արդեն հինգ օր է, ինչ դժվարությամբ են տոմսեր գտնվում: Այս օրերին հետաքրքիր աժիոտաժ է սկսվել թե համացանցում, թե իմ շրջապատում, բոլորն ասում են, որ տոմսեր չկան, դա նշանակում է, որ շատ արագ են դրանք սպառվում: Այս ամենը խոսում է ֆիլմի սպասվածության և գովազդային ճիշտ մարտավարության մասին: Սակայն այս ամենից ոչ պակաս կարևոր է, որ ֆիլմը դիտելուց հետո մարդիկ միևնույն ոգևորությունն ունենան: Գովազդով կարող ես շատ մարդկանց բերել կինոթատրոններ, սակայն, եթե ֆիլմը վատը եղավ, այդ հոսքը կտևի ընդամենը երկու շաբաթ, մինչև ֆիլմն արդեն տեսած մարդիկ կարտահայտեն իրենց կարծիքները և եթե դրանք դրական չեղան, ապա կփնովեն ֆիլմն ու կպակասեցնեն նաև ֆիլմը չդիտած մարդկանց ոգևորությունը: Հիմա մենք հույս ունենք, որ մեր ֆիլմի լավ արձագանքները կշարունակվեն մինչև վերջ, համենայն դեպս՝ դեռևս ինձ հասած բոլոր կարծիքները դրական են, իսկ դա շատ ոգևորող է»,- նշեց Հայկ Մարությանը:

Դիտարկմանը, որ անգամ համաշխարհային օրինակով, որևէ ֆիլմի երկրորդ մասը մեծամասամբ զիջում է առաջինին, և հարցին, թե այս իմաստով ի՞նչ սպասելիքներ ունեն ֆիլմի կազմակերպիչները, Հայկն ուրախությամբ ընդգծեց.

«Մինչ այս լսածս կարծիքներում ինձ ամենաշատն ուրախացնում է հենց այդ փաստը, որ մարդիկ նշում են, թե սա առաջինից լավն էր, և դա այն դեպքում, երբ առաջինը անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ ռեկորդային տոմսերի վաճառք ունեցավ: «Սուպեր մամա 2»-ի ստեղծման ընթացքում էլ, երբ նման հարցեր էին ծագում, ես ասում էի, որ ինչքան էլ համաշխարհային կինոասպարեզում կա այդ միտումը, բայց, միևնույն է,  դրանց կողքին կան նաև բացառություններ: Ի վերջո, յուրաքանչյուր ֆիլմ նկարահանելիս փորձում ես մինչ այդ կատարածդ աշխատանքներից ավելի լավն անել, չէ որ դու այդ ընթացքում ավելի շատ ես փորձ ձեռք բերել, առավել շատ ես հմտացել և այլն: Մենք թե ռեժիսուրայի, թե դերասանական, թե տեխնիկական իմաստով փորձել ենք մեր նախորդ աշխատանքներից մեկ քայլ առաջ գնալ և փառք Աստծո, դա մեզ հաջողվեց»:

Այս թեման շարունակելով՝ Հ. Մարությանը նշեց նաև, որ որևէ բան ստեղծելիս՝ փորձում են անել ամեն հնարավորը, որպեսզի նկարահանման ընթացքը թիմին հաճելի և հարմարավետ լինի.

«Մեզ համար սկզբունքի հարց է, որ մեր կատարած գործը լինի գերպրոֆեսիոնալ, որպեսզի այն համապատասխան լինի միջազգային չափանիշներին: Եթե ես ինձ իրավունք եմ վերապահում ինչ-որ մեկի արածը քննարկել, ապա իմ աշխատանքում ես պետք է շատ հաջողեմ, որպեսզի հաջորդ անգամ էլ տեղ ունենամ խոսելու: Մեր թիմիում հավաքված են մարդիկ, ովքեր արդեն 20 տարի է նվիրված են այս գործին, մենք կարող ենք կիսատ քնել, ընտանիքի հետ քիչ ժամանակ անցկացնել, բայց ժողովրդի համար լավ գործեր ստեղծել, իսկ սա ես համարում եմ հայրենասիրություն: Մենք անձնվեր աշխատանքով ենք պատկերացնում երկրի կառուցումը, որը պետք է սկսվի բոլոր ոլորտներից»,- շեշտեց դերասանը:

Life.panorama.am-ի զրուցակիցը նկատեց, որ Հայաստանում ֆիլմարտադրությունն առհասարակ զարգացած չէ և դժվար է ստեղծել մի բան, որը կշարժի մարդկանց հետաքրքրությունը.

«Մեզ մոտ դեռևս սովետական մտածելակերպն է գործում. մարդիկ չեն ուզում վճարել տոմսի համար և գնալ կինոթատրոն ֆիլմ դիտելու: Նրանք հեշտությամբ պահանջում են, որ ֆիլմը համացանցում հասանելի լինի, որ իրենց տներում նայեն, բայց չեն պատկերացնում, որ ֆիլմերը ստեղծվում են շատ մեծ բյուջեով, և եթե այն չի ֆինանսավորվում պետության կողմից, ապա բնական է, որ կարիք է լինելու ներդրված գումարները հետ բերել: Մեր նորանկախ Հայաստանում ամեն տարի պետությունից 1.5 միլիոն դոլոր է տրամադրվում հատուկ ֆիլմեր նկարահանելու համար, որոնք մարդիկ հիմնականում չեն տեսնում: Իսկ մեր երկրում կոմերցիոն ֆիլմեր վերջին երկու տարվա ընթացքում գրեթե չեն ստեղծվում, քանի որ տարիներ առաջ փորձ եղավ, բայց բոլորն էլ, այսպես ասած, «տակ տվեցին»: Ստացվում է, որ վերջին երկու տարվա մեջ առաջին փորձը մենք ենք անում»,- հավելեց նա:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին