▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական երաժիշտները շատ ավելի լավն են ամերիկյաններից․ Գասպար Կոշկարյան

Բեյրութում ծնված Գասպար Կոշկարյանը, կամ ինչպես ընկերներն են ասում՝ Գափոն, այսօր ժամանակավորապես Հայաստանում է բնակվում։ Նրա յուրահատուկ ջազզի քիմք շոյող մեղեդիները հաճախ կարող ենք լսել Երևանի տարբեր ակումբներում։

Asekose-ի հետ զրույցում ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում մեծացած երաժիշտը պատմում է խմբի գործունեության, հետագա ծրագրերի, Հայաստանի ու Ամերիկայի երաժիշտների տարբերությունների մասին։

 

-         Խնդրում ենք մի փոքր պատմիր խմբի մասին, երբ է սկսել իր գործունեությունը։

Խումբը սկսել է 2009-ից, այդ ժամանակ առաջին անգամ էի գալիս Հայաստան։ Ես հանդիպեցի իմ դաշնակահարին, նա նվագում էր սրճարաննեից մեկում։ Ինձ ասել էին, որ լավ դաշնակահար կա, ով այս պահին խմբում չի նվագում և ես հավանեցի նրա երաժշտությունը։ Միասին խումբ ստեղծեցինք «ChiGapo and Geniuses» անվամբ։ Մենք նվագել ենք Mezzo-ի բացմանը, Yans-ում, Մալխաս ջազզ քլաբում, Ուլիխանյանում. գրեթե բոլոր նմանատիպ ակումբներում էլ նվագել ենք։ Ժամանակի հետ մեր խումբն էլ ավելի մեծացավ և սկսեցինք նվագել մեծ երեկույթներին ու միջոցառումներին։ Ահա թե ինչպես ստեղծվեց խումբը:

-         Հիմնականում ի՞նչ ժանրերում եք նվագում։

Jazz, funk, raggie, blues, hip-hop, R&B: Մենք cover-ներ ենք անում, քանի որ դա մեր աշխատանքն է։ Դժվար թե մարդիկ լսեն քո սեփական օրիգինալ կատարումները։ Իհարկե մենք ունենք մեր սեփական երաժշտությունը, բայց մենք Երևանյան ակումբներում չենք նվագում այն։ Կարող եք մեր ստեղծագործությունները գտնել YouTube-ում։  400-ից ավելի վիդեոներ կան ոչ միայն մեր ակումբային երաժշտության, այլ իմ ամբողջ երաժշտական գործունեության հետ կապված։

-         Ովքե՞ր են խմբի անդամները, պատմիր նրանց մասին

Խմբի կազմը շատ հաճախ փոփոխությունների է ենթարկվում, սակայն ամենաերկարը աշխատել ու աշխատում եմ խմբի դաշնակահար Վարդան Գրիգորյանի հետ, նա անկախ ամեն ինչից միշտ ինձ հետ է (ծիծաղում է)։ Մյուս անդամները (bass-guitar, drummer) հաճախ են փոփոխվում։

-         Ինչու ընտրեցի՞ր հենց շեփորը։ Շուտվանի՞ց ես զբաղվում երաժշտությամբ:

Ես չեմ ընտրել, իմ փոխարեն ընտրել է ուսուցիչս։ Ես ցանկանում էի սաքսոֆոն նվագել, նա պնդում էր, որ շեփոր նվագել սովորեմ, ես պնդում էի սաքսոֆոն, նա շեփոր… և այդպես սկսեցի սովորել շեփորի գաղտնիքները։ Սկսել եմ նվագել 5 տարեկանից, երբ առաջին անգամ լսեցի Լուի Արմսթրոնգի ձայնագրությունները. նա ջազի արքան է։ Ես չեմ ոգեշնչվել Մայլ Դեյվիսից կամ մյուսներից, ինձ առավել հաճելի է հին՝ 1930-40-ականների ջազը՝ Լուի Արմսթրոնգ, Հերրի Ջեյմս և այլք: Այդ ժամանակ ես նոտաներ կարդալ չգիտեի, լսելով էի նվագում: Ավելի մեծ հասակում ընդունվեցի Չիկագոյի Կոնսերվատորիա, որպեսզի սովորեմ նոտաները և կրթաթոշակս ծածկում էր բոլոր ծախսերը: Սակայն այդպես էլ չավարտեցի ուսումնարանը, քանի որ… դուրս մնացի (ծիծաղում է): Անկեղծ ասած՝ մինչև հիմա չգիտեմ նոտաները:

-         Ի՞նչ տարբերություններ կարող ես նշել ամերիկյան և հայկական բենդերի, երաժիշտների միջև

Կարծում եմ, որ հայկական երաժիշտները շատ ավելի լավն են ամերիկյաններից: Պատճառը կարծում եմ այն է, որ Հայաստանից գնալը դժվար է, և նրանք կատարելագործվում են այստեղ: Նրանք անընդհատ լսում են տարբեր ոճերի երաժշտություն, և կարող են նվագել բոլոր ոճերում: Իսկ ԱՄՆ-ում երաժիշտները միայն մեկ ոճում են կարողանում նվագել, միայն ջազ, կամ միայն բլյուզ: Նրանք գիտեն որ ԱՄՆ-ից են, և միևնույնն է աշխատանք կգտնեն, իսկ հայ երաժիշտները անընդհատ աշխատում են իրենց վրա, քանի որ մեկնելու հնարավորություն չունեն և ամենինչ կարողանում են նվագել:

- Մի փոքր պատմիր կյանքիդ մասին: Ամբողջ կյանքդ ե՞ս ԱՄՆում ապրել

Ոչ, ես ծնվել եմ Լիբանանում 1981 թվականին և որդեգրվել եմ հայկական ընտանիքի կողմից: Չեմ ճանաչում իմ կենսաբանական ծնողներին, չգիտեմ, թե ինչ ազգության են, սակայն իմ ծնողները հայ են, այդ պատճառով ես էլ եմ հայ: Հետագայում ընտանիքիս հետ արդեն տեղափոխվեցինք ԱՄՆ՝ Չիկագո: 2009 թվականին 5 տարով տեղափոխվեցի Հայաստան, հետո նորից մեկնեցի ԱՄՆ: Հիմա եկել եմ այստեղ, որպեսզի խմբիս հետ մեկնենք Եվրոպա, այնտեղից էլ Կարիբներ կրուիզային նավով՝ համերգներ տալու: 

 

 

Հարցազրույցը՝ Հովհաննես Եսայանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին