▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանաստեղծը Ավետ Բարսեղյանն է, թե չէ՝ ի՞նչ Հուսիկ Արա․․․

Ծովինար Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է. 

 «Ուրեմն, էս մեր կեղծավորության, գաղջի ու նենգության մի հրաշալի ցուցանմուշի ականատես եղա երեկ։ Հուսիկ Արայի դատափետումը երկրորդն էր։ Բայց նախ՝ առաջինի մասին։ 
Էլվինա Մակարյանի մասին մի քանի երգ լսելուց հետո Յութուբն առաջարկեց, որ նրա մասին Հ1-ի «Բենեֆիս» հաղորդումն էլ նայեմ։ Վարում էր անկրկնելի բանաստեղծ Ավետ Բարսեղյանը (դասական են դարձել երգերից մեկի նրա այս բառերը՝ «Բա որ մեկ էլ հանկարծ/ Սերը սրտին տա հարված»)։ Թղթից էր կարդում բազմահարկ գովասանքներ Էլվինայի մասին, թե ինչ ըմբոստ էր նա, թե ոնց էր քանդում սովետական կլիշեները ու թե ոնց էր սովետական ցենզուրան նրան խանգարում ու փորձում կարգի բերել։ Կարդալիս տեղի-անտեղի ձայնը բարձրացնում էր ու ծափեր պոկում։ Բեմում կատարեցին Էլվինայի երգերից, կատարեցին բազմաշերտ ու բազմագույն շպարված աղջիկներ (կներեք, որ չեմ ճանաչում ձեր ինկուբատորի ճտերին), գլամուր տղաներ, երգեցին ինչպես սովորեցնում են Արթուր Գրիգորյանի թատրոնում՝ ձեւեր թափելով։ Մենակ մի աղջկա «Չինգ-չինգ» եւ Արսեն Սաֆարյանի «Արեգակ նորից դու պիտի ծագես» կատարումներն էին հաջող, Արսենը յուրովի կատարեց, առանց կապկելու Էլվինային, մինչ մյուսներինը անհաջող կապկում էր․ ուզում էին Էլվինայի նման երգել, իսկ Էլվինայի չափ չէին ձգում, բնականաբար, որովհետեւ իրենք չունեին Էլվինայի կյանքի փորձառությունը, էլվինայի ներվը, էլվինայի անշպար (նույնիսկ անմաշկ) գոնե արտաքինը, էլ չեմ ասում՝ ներքինը։ 
Կեղծիքի էս տոնահանդեսն էի նայում ու մտածում՝ այս հաղորդումը հնարավոր է միայն, որովհետեւ էլվինան այլեւս չկա։ Չկա՞ն ապրող էլվինաներ, որ մուտք չունեն Հ1։ Ավետի՝ պաթետիկ տոնով պատմած ցենզուրան այսօր էլ Հ1-ի դռներից ներս չի թողնի ալտերնատիվ մտածող երաժիշտներին։ Անշպար Էլվինային էլ կներկայացնեն բոլոր հնարավոր գլամուր գույներով շպարած։ 
Էդ կեղծիքի տոնահանդեսից հետո տեսա Հուսիկ Արայի բանաստեղծության քննադատությունը։ Գուցե բանաստեղծություն էլ չի, այլ հանգավոր գրած ՖԲ ստատուս։ Հուսիկը բանաստեղծ է համենայն դեպս, Ավետ Բարսեղյան չի, գլամուրին մոտ չի, հատակին է մոտ, տեքստ է գրել, որի հետ կարող ենք չհամաձայնել, բայց դատափետե՞լ բանաստեղծին դա գրելու համար։ Բնական է, որ Հուսիկ Արան Հայաստանը էնպես չի տեսնում, ինչպես Ավետ Բարսեղյանը։ Կներեք, էլի։ Օյ, չի կարելի, հայրենիքի մասին միայն լավը կամ ոչինչ, հատկապես՝ գրականությունում, թե չէ խոհանոցներում՝ խնդրեմ։ Մեռած բանաստեղծներն էլ են վատ-վատ բաներ ասե՞լ։ Ոչինչ, իրենք արդեն մեռել են, դասական են, երկիրն էլ արդեն առաջվանը չի, առաջ է գնում կիլոմետրանոց քայլերով՝ պայծառամիտ իշխանության առաջնորդությամբ, ուռա՛ ընկերներ, ուռա՛։ 
Գոլ կեղծիքի մեջ լռված ենք, ժողովուրդ․․․»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին