▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար էր, շատ համերգներ ենք ունեցել, երբ մարդկանց քանակը քիչ է եղել. Let’s fly band

 

 

 

 

 

 

 

Փետրվարի 4-ին «Let’s fly band»-ը ելույթ է ունեցել Արամի 42/1 հասցեում գտնվող Նավավար ակումբում: Շուտով`մարտի 8-ին, բենդը պատրաստվում է կրկին Նավավարում ելույթ ունենալ: Այս մասին Asekose.am-ին ասաց բենդի երաժիշտ Նարեկ Փոթոյանը:

«Մեր առաջին համերգն էր Նավավարում, իսկապես շատ լավ ընդունելության արժանացանք: Հիմնականում հրավիրված էին մեր ընկերները: Մեր հեղինակային ստեղծագործություններն էին, այդ պատճառով էլ որոշեցինք այդ ամենը նախ մեր ընկերներին ներկայացնել»:

Երաժիշտը նշեց, որ «Let’s fly band»-ն արդեն մեկ տարի է, ինչ գործում է.

«Մեր բենդի անդամների թիվը 5 է, ունենք մեներգչուհի` Սուսիկ Գևորգյանն է, քանոնահարուհի` Քրիստինե Օհանյան, հարվածային գործիքներ` Ստյոպ Սարգսյան, ստեղնաշարային գործիքներ` Արմեն Մնացականյան, իսկ փողային գործիքներն ապահովում եմ ես: Նման բենդ ստեղծելու գաղափարն իմն էր, այն իրականացրել եմ Ստյոպ Սարգսյանի հետ: Մենք տարբեր ժանրերի երաժշտություն ենք ներկայացնում` երևանյան երգերից մինչ համաշխարհային հիթեր, իհարկե, ունենք նաև հեղինակային ստեղծագործություններ: Նշեմ, որ այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ աշխատանքներ ենք իրականացրել, ակումբային ելույթներ ենք ունեցել, ինչպես նաև Մշակութային նախարարության նախաձեռնած համերգներին ենք մասնակցել:  Շուտով նաև ելույթներ ենք ունենալու ԲՈՒՀ-երում, հավելեմ, որ նաև բարեգործական միջոցառումների ենք մասնակցել»:

Նարեկ Փոթոյանի խոսքով` իրենց բենդի հիմքում ընկերությունն է, որովհետև սա նաև լավագույն ընկերների խումբ է, սակայն դա չի խանգարում աշխատանքին մոտենալ մեծ պատասխանատվությամբ` չընկալելով որպես հոբբի.

«Հետաքրքիրն այն է, որ երբ խումբը նոր էր ստեղծվել, մենք չունեինք վոկալ, հետո առաջին ելույթներից հետո, հասկացանք, որ պետք է ունենանք նաև մեներգչուհի: Սկզբնական շրջանում ավելի շատ երգերի cover տարբերակներ էինք ներկայացնում, սակայն հիմա գերակշռողը երևանյան հայտնի երգերն են` Ֆորշի, Ռուբեն Հախվերդյանի երգացանկից և ոչ միայն»: 

Նարեկ Փոթոյանը տեղեկացրեց, որ մոտ ապագայում պատրաստվում են նաև տեսահոլովակ նկարահանել:

«Մի քանի ստեղծագործություններ ունենք, որոնցից մեկը պետք է ընտրենք և տեսահոլովակ նկարահանենք: Միայն հստակ կարող եմ ասել, որ տեսահոլովակը հեղինակային ստեղծագործության հիման վրա է լինելու: Հուսով եմ, որ ապրիլին այն պատրաստ կլինի, չունենք աջակիցներ, ամեն ինչ անում ենք ինքներս: Շատ դժվար է, որովհետև խումբը նոր է, ասեմ ավելին` սկզբում մեր ակումբային համերգներիններկա էին լինում միայն մեր ընկերները: Շատ համերգներ ենք ունեցել, երբ մարդկանց քանակը շատ քիչ է եղել, իսկ հիմա պատկերն այլ է, հիմա արդեն ակումբային ելույթների ժամանակ հաճախ միայն 4-5 մարդու ենք ճանաչում: Չեմ ասում, որ ունենք մեծ ճանաչում, բայց արդեն աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են: Մեզ համար հիմա առաջնային է, թե ինչ ենք մատուցելու հասարակության լայն զանգվածներին»:

 

Հեղինակ` Լ. Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին